Սեպսիս․ բուժում
03-07-2021
2 րոպե

Վաղ և «ագրեսիվ» բուժումը բարձրացնում է ապաքինման հավանականությունը:
Սեպսիս ունեցող մարդկանց բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում, որպես օրենք՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում, որտեղ հնարավոր է ապահովել մանրակրկիտ շուրջօրյա հսկողություն և բուժում, այդ թվում՝ կյանքը փրկելուն ուղղված սրտանոթային և շնչառական միջոցառումներ:
Դեղամիջոցներ
Սեպսիսը և սեպտիկ շոկը բուժելիս բժիշկը նշանակում է մի շարք դեղամիջոցներ:
- Հակաբիոտիկներ. հակաբիոտիկներով բուժումը սկսվում է հնարավորինս վաղ: Սովորաբար ամենասկզբում նշանակվում են լայն սպեկտրի հակաբիոտիկներ, որոնք արդյունավետ են բակտերիաների բազմաթիվ տեսակների դեմ պայքարում: Արյան թեստի արդյունքները ստացվելուց հետո բժիշկը կարող է փոփոխել հակաբիոտիկը՝ նշանակելով տվյալ բակտերիայի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցը:
- Ներերակային հեղուկներ. ներերակային ինֆուզիոն լուծույթները տրվում են հնարավորինս վաղ՝ բուժելու ջրազրկումը և ընդհանուր ինտոքսիկացիան:
- Անոթները նեղացնող դեղամիջոցներ (վազոպրեսորներ). եթե ներերակային հեղուկներ ստանալուց հետո արյան ճնշումը մնում է խիստ ցածր թվերի վրա, բժիշկը կարող է նշանակել անոթասեղմիչ որևէ դեղամիջոց (օրինակ՝ Դոպամին): Վերջինս կծկում և նեղացնում է արյունատար անոթները և օգնում զարկերակային ճնշման կարգավորմանը:
Բժիշկը նաև կարող է նշանակել այլ դեղամիջոցներ, ինչպիսիք են՝ ցածր դեղաչափով կորտիկոստերոիդներ, ինսուլին (արյան շաքարի կայուն մակարդակ պահպանելու համար), իմունային համակարգի պատասխանը ձևափոխող դեղամիջոցներ, ցավազրկողներ կամ քնաբերներ:
Օժանդակող բուժում և խնամք
Սեպսիս ունեցող մարդիկ հաճախ ստանում են օժանդակող բուժում, օրինակ՝ թթվածին։ Կախված հիվանդության ծանրության աստիճանից, կարող է առաջանալ արհեստական շնչառության սարքի կարիք: Եթե առկա է երիկամների սուր ախտահարում, բժիշկը կարող է նշանակել դիալիզ:
Վիրահատություն
Որոշ դեպքերում կարող է առաջանալ վարակի աղբյուրի վիրահատական հեռացման անհրաժեշտություն, օրինակ, եթե զարգացել է թարախակույտ (աբսցես) կամ վարակված հյուսվածքների մեռուցակում (գանգրենա):
Հոդվածը վերանայվել է՝ 03-07-2021