Շիգելլոզը կամ բակտերիալ դիզենտերիան սովորաբար անցնում է առանց բարդությունների:
Սակայն վարակը կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ, մինչև ձեր աղիքների գործունեության սովորությունները վերադառնան նորմալի:
Բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Ջրազրկում. անընդհատ փորլուծությունը կարող է հանգեցնել ջրազրկման: Գանգատներն ու ախտանիշները ներառում են գլխապտույտ, ուշագնացության զգացում, երեխաների մոտ արցունքների բացակայություն, ներընկած աչքեր և չոր տակդիրներ: Ծանր ջրազրկումը կարող է հանգեցնել շոկի և մահվան:
- Ցնցումներ. շիգելա վարակով որոշ երեխաներ ունենում են ցնցումներ: Ցնցումներն ավելի հաճախ հանդիպում են բարձր ջերմություն ունեցող երեխաների մոտ, սակայն կարող են առաջանալ նաև բարձր ջերմություն չունեցող երեխաների մոտ: Հայտնի չէ՝ ցնցումները տենդի հետևանք են, թե բուն շիգելլա վարակի։ Եթե ձեր երեխան ունի ցնցում, անմիջապես դիմեք ձեր բժշկին:
- Ուղիղաղիքային արտանկում (պրոլապս). այս վիճակում, կղազատման ընթացքում լարվածությունը կամ հաստ աղիքի բորբոքումը կարող են առաջացնել ուղիղ աղիքի լորձաթաղանթի կամ լորձաթաղանթի հետանցքով արտանկումը:
- Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ. շիգելայի այս հազվադեպ բարդությունը, որն ավելի հաճախ առաջանում է աղիթային ցուպիկի (E. coli) բակտերիայից, քան շիգելլա բակտերիայից, կարող է հանգեցնել արյան կարմիր բջիջների քանակի նվազեցման (հեմոլիտիկ անեմիա), արյան թիթեղիկների քանակի նվազեցման (թրոմբոցիտոպենիա) և սուր երիկամային անբավարարության:
- Հաստ աղու թունավոր լայնացում (մեգակոլոն). այս հազվադեպ բարդությունն առաջանում է, երբ ձեր հաստ աղիքը պարալիզվում է՝ խոչընդոտելով աղիների դատարկումը կամ գազերի արտահոսքը: Գանգատներն ու ախտանիշները ներառում են ստամոքսի ցավ և այտուց, ջերմություն և թուլություն: Եթե չեք ստանում բուժում, ձեր հաստ աղիքը կարող է պատռվել՝ առաջացնելով պերիտոնիտ՝ կյանքին սպառնացող վարակ, որը պահանջում է շտապ վիրահատություն:
- Ռեակտիվ արթրիտ. ռեակտիվ արթրիտը զարգանում է ի պատասխան վարակի: Գանգատներն ու ախտանիշները ներառում են հոդերի ցավ և բորբոքում, սովորաբար կոճերի, ծնկների, ոտքերի և ազդրերի հատվածներում, կարմրություն, քոր և արտահոսք մեկ կամ երկու աչքերում (կոնյուկտիվիտ) և ցավոտ միզարձակում (ուրետրիտ):
- Արյան հոսքի վարակներ (բակտերեմիա). շիգելա վարակը կարող է վնասել աղիների լորձաթաղանթը: Հազվադեպ, շիգելա բակտերիաները կարող են ներթափանցել արյան մեջ աղիքի վնասված լորձաթաղանթի միջոցով և առաջացնել արյան շրջանառության վարակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024