Բակտերիալ դիզենտերիա (շիգելա). բուժում
29-04-2020
1 րոպե

Դիզենտերիայի դեպքում խիստ կարևոր է բավարար հեղուկներ ստանալու միջոցով ջրազրկման կանխարգելումը, որը կարող է խորացնել ինտոքսիկացիան և ծանրացնել հիվանդության ընթացքը:
Դիզենտերիան կամ շիգելային վարակը սովորաբար 5-7 օրվա ընթացքում անցնում է իր բոլոր փուլերը: Ավելի հաճախ, փսխման, փորլուծության կամ ջերմելու պատճառով կորցրած հեղուկները վերականգնելը դառնում է ամբողջ բուժման իմաստը և բովանդակությունը, եթե, իհարկե, ձեր ընդհանուր առողջությունը բավարար է, իսկ վարակի ընթացքը՝ թեթև:
Կարևոր է, որ այս ընթացքում խուսափեք այնպիսի դեղեր խմելուց, որոնք ունեն փորլուծությունը մեղմացնող կամ դադարեցնող ազդեցություն, օրինակ՝ Լոպերամիդ (Իմոդիում) կամ Ատրոպին (Լոմոտիլ): «Վարակային» փորլուծության ժամանակ այս դեղերը կարող են ավելի վատթարացնել ձեր առողջական վիճակը: Նույն կերպ, պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ:
Հակաբիոտիկներ
Ծանր շիգելային վարակների ժամանակ հակաբիոտիկները կարող են կրճատել հիվանդության տևողությունը: Սակայն շիգելայի որոշ շտամներ կարող են դրսևորել դեղակայունություն, ուստի թեթև ընթացող վարակների դեպքում բժիշկը կարող է և ոչ մի հակաբիոտիկ չնշանակել:
Բժիշկը կարող է հակաբիոտիկներ նշանակել նաև նորածիններին, մեծ տարիքով, ՄԻԱՎ վարակով կամ իմունային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր ունեն թուլացած իմունային դիմադրողականություն, ինչպես նաև այն դեպքերում, երբ առկա է հիվանդության տարածման մեծ ռիսկ:
Հեղումների և աղի փոխարինում (լրացում)
Ընդհանուր առողջական բավարար վիճակ ունեցող չափահաս մարդկանց համար հիվանդության առաջացրած ջրազրկման ազդդեցությունները կանխարգելելուն ուղղված առատ ջուր խմելը կարող է լինել բավարար:
Երեխաներին կարող է օգտակար լինել խմելու ռեհիդրատացիոն հեղուկների նշանակումը, որոնք առանց դեղատոմսի վաճառվում են բազմաթիվ դեղատներում:
Խիստ ջրազրկված երեխաներին և չափահասներին կարող է առաջարկվել հիվանդանոցային կարճատև բուժում, որի ընթացքում նշանակվում են ներերակային ինֆուզիոն հեղուկներ: Ներերակային աղային լուծույթները կարող են ավելի արագ վերականգնել ջրազրկումը, քան խմելու ձևով տրվող ռեհիդրատացիոն հեղուկները:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022