Սինուսային հանգույցի թուլության համախտանիշի (ՍՀԹՀ) պատճառը հասկանալու համար օգտակար կլինի լինել իմանալ, թե ինչպես է նորմայում կծկվում սիրտը:
Սիրտը բաղկացած է չորս խոռոչներից՝ երկու վերին (նախասրտեր) և երկու ստորին (փորոքներ): Սրտի կծկումների ռիթմը վերահսկվում է սինուսային հանգույցի կողմից, որը սրտի աջ նախասրտի մասնագիտացված բջիջների փոքր շրջան է:
Սրտի բնական այս ռիթմավարը առաջացնում է էլեկտրական ազդանշաններ, որոնք սկիզբ են տալիս սրտի յուրաքանչյուր կծկմանը: Սինուսային հանգույցից էլեկտրական ազդանշաններն անցնում են նախասրտերի միջով դեպի փորոքներ՝ դրդելով դրանց, որ կծկվեն և արյունը մղեն դեպի թոքեր և այլ շրջաններ:
Նորմայում, սինուսային հանգույցը ստեղծում է էլեկտրական ազդակների, հետևաբար՝ սրտի կծկումների կայուն հաճախականություն: Վերջինս փոփոխվում է՝ կախված մարդու ֆիզիկական ակտիվությունից, հույզերից և այլ գործոններից։
ՍՀԹՀ-ի դեպքում էլեկտրական ազդանշանները ստեղծվում են անկանոն: Սրտազարկը կարող է դառնալ չափազանց արագ (տախիկարդիա), չափազանց դանդաղ (բրադիկարդիա), ընդհատվել երկար դադարներով կամ ներառել այս խնդիրների մեկը մյուսին հաջորդող փոփոխություններ: ՍՀԹՀ-ը հարաբերականորեն հազվադեպ վիճակ է, սակայն զարգացման ռիսկը մեծանում է տարիքի հետ:
ՍՀԹՀ-ի պատճառները կարող են ներառել հետևյալը՝
- սրտի հյուսվածքների տարիքի հետ կապված հյուծվածություն և մաշվածություն
- սինուսային հանգույցի վնասում կամ սրտի վիրահատությունից առաջացած սպի
- սրտային հիվանդություն
- սրտի վրա ազդող բորբոքային հիվանդություններ
- բարձր արյան ճնշման (հիպերտենզիայի) բուժման դեղամիջոցներ, այդ թվում՝ կալցիումական անցուղիների պաշարիչներ (կալցիումի անտագոնիստներ) և բետա պաշարիչներ (բ-բլոկերներ)
- անկանոն սրտազարկերի (առիթմիա) բուժման դեղամիջոցներ
- Ալցհեյմերի հիվանդության որոշ դեղամիջոցներ
- նյարդամկանային հիվանդություններ, ինչպիսին է մկանային դիստրոֆիան
- քնի օբստրուկտիվ ապնոէ
- հազվադեպ հանդիպող գենետիկ փոփոխություններ (մուտացիաներ):
ՍՀԹՀ-ի բնորոշ խանգարումները ներառում են հետևյալը:
- Սինուսային դանդաղասրտություն (բրադիկարդիա). սինուսային հանգույցն առաջացնում է դանդաղած սրտազարկ:
- Սինուսային կանգ. սինուսային հանգույցի ազդանշանները դադարում են՝ առաջացնելով երկու կամ ավելի բաց թողած կծկումներ:
- Սինուս-նախասրտային ելքային պաշարում (սինոատրիալ էքիթ բլոկադա). սրտի վերին խոռոչներին (նախասրտերին) ուղղված ազդանշանները դանդաղում կամ արգելափակվում են՝ առաջացնելով սրտազարկի դադարներ կամ բաց թողումներ:
- Քրոնոտրոպ անբավարարություն (անկարողություն). հանգստի ժամանակ սրտազարկերի հաճախականությունը սովորական միջակայքում է, սակայն ֆիզիկական ակտիվության դեպքում չի ավելանում այնքան, որքան պետք է:
- Հաճախասրտություն-դանդաղասրտության (տախիկարդիա-բրադիկարդիա) համախտանիշ. սրտի հաճախականությունը հաջորդաբար փոխվում է անսովոր դանդաղ և արագ ռիթմերի միջև, հաճախ՝ սրտազարկերի միջև երկար դադարներով:
Ռիսկի գործոններ
ՍՀԹՀ կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն այն առավել տարածված է 70 տարեկան և ավելի մեծ չափահասների շրջանում: Սրտային հիվանդության հայտնի ռիսկի գործոնները կարող են բարձրացնել ՍՀԹՀ-ի ռիսկը: Դրանցից են՝
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- բարձր խոլեստերին
- ավելորդ քաշ և գիրություն
- ֆիզիկական թերակտիվություն («նստակյաց» ապրելակերպ):
Հոդվածը հրապարակվել է՝ 12-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024