Սինուսային հանգույցի թուլության համախտանիշը (ՍՀԹՀ) ախտորոշելու համար բժիշկն անցկացնում է ֆիզիկական քննություն (բուժզննում) և հարցնում է ախտանիշների և հիվանդության պատմության մասին (անամնեզ):
ՍՀԹՀ-ի ախտանիշները, ինչպիսիք են գլխապտույտը, շնչարգելությունը (հևոցը) և ուշագնացությունը, առաջանում են միայն այն ժամանակ, երբ սիրտն անկանոն է կծկվում (առիթմիա) և ձեր բժշկին այցելելիս դուք կարող եք ախտանիշներ չնշել:
Որոշելու համար, թե արդյոք ձեր ախտանիշները կապված են սինուսային հանգույցի և սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների հետ, բժիշկը կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)․ այս պարզ հետազոտությունը չափում է սրտի էլեկտրական ակտիվությունը: Սենսորները (էլեկտրոդներ) ամրացվում են կրծքավանդակի և ոտքերի վրա։ Դրանք միացվում են ԷՍԳ սարքին, որը ցուցադրում կամ տպում է արդյունքները: ԷՍԳ-ն կարող է որոշել, թե որքան արագ կամ դանդաղ է բաբախում սիրտը: Բժիշկը (սրտաբան) կարող է հայտնաբերել ԷՍԳ փոփոխութոյւններ, որոնք կարող են վկայել ՍՀԹՀ-ի մասին:
- Հոլտեր մոնիտոր․ այս փոքր շարժական սարքը կարելի է կրել մեկ օր կամ ավելի երկար: Այն ավտոմատ կերպով գրանցում է սրտի էլեկտրական ակտիվությունը (ԷՍԳ) 24-ից մինչև 72 ժամվա ընթացքում: Հետազոտվողը նաև լրացնում է իր ախտանիշների օրագիր: Հոլտեր մոնիտորն օգտագործվում է առիթմիայի ոչ կայուն, կարճատև դրվագները գրանցելու համար։
- Դեպքի գրանցման սարք․ սա նույնպես փոքր շարժական սարք է, որը կարելի է կրել մինչև 30 օրվա ընթացքում կամ այնքան, մինչև ունենաք անկանոն սրտազարկ կամ ախտանիշներ: Դուք սեղմում եք գրանցող կոճակը, երբ զգում եք ախտանիշներ, և սարքը գրանցում է միայն տվյալ պահի ԷՍԳ-ն:
- Իմպլանտացվող գրանցման սարքեր․ դրանք փոքր սարքեր են, որոնք տեղադրվում են կրծքավանդակի մաշկի տակ: Նման սարքերն օգտագործվում են սրտի էլեկտրական ակտիվության երկարաժամկետ, շարունակական վերահսկման համար, մասնավորապես, երբ առկա են հազվադեպ հանդիպող ախտանիշներ:
Էլեկտրաֆիզիոլոգիական (ԷՖ) հետազոտություն
Այս հետազոտությունը հազվադեպ է օգտագործվում ՍՀԹՀ-ի հայտնաբերման համար: Այնուամենայնիվ, բժիշկը կարող է խորհուրդ տալ է ԷՖ հետազոտություն, որ ստուգի ձեր սրտի սինուսային հանգույցի գործառույթը և գնահատի սրտի էլեկտրաֆիզիոլոգիական այլ առանձնահատկությունները:
ԷՖ հետազոտության ժամանակ բարակ, ճկուն լարերին միացված սենսորները (էլեկտրոդներ) արյունատար անոթների լուսանցքով անցկացվում են մինչև սրտի տարբեր շրջաններ: Տեղադրվելուց հետո դրանք կարող են քարտեզագրել սրտով էլեկտրական ազդանիշների տարածման ուղիները:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024