Մանգաղաբջջային անեմիան կարող է հանգեցնել մի շարք բարդությունների:
- Ինսուլտ. մանգաղաձև բջիջները կարող են արգելափակել արյան հոսքը դեպի գլխուղեղ: Ինսուլտի նշանները ներառում են ցնցումներ, ձեռքերի և ոտքերի թուլություն կամ թմրածություն, խոսքի հանկարծակի դժվարություններ և գիտակցության կորուստ: Եթե ձեր երեխան ունի այս ախտանիշներից որևէ մեկը, անմիջապես դիմեք անհետաձգելի բուժօգնության: Ինսուլտը կարող է մահացու լինել։
- Սուր կրծքավանդակային համախտանիշ. թոքերի վարակը կամ թոքերի արյունատար անոթները խցանող մանգաղաձև բջիջները կարող են առաջացնել կյանքին սպառնացող այս բարդությունը: Ախտանիշները ներառում են կրծքավանդակային ցավ, ջերմություն և դժվարաշնչություն: Սուր կրծքավանդակային համախտանիշը կարող է պահանջել անհետաձգելի բուժօգնություն:
- Ավասկուլյար նեկրոզ. մանգաղաձև բջիջները կարող են արգելափակել ոսկորների մանր արյունատար անոթները: Երբ ոսկորները բավարար արյուն չեն ստանում, հոդերը կարող են փոքրանալ, իսկ ոսկորները՝ մեռուկանալ: Սա կարող է զարգանալ ցանկացած շրջանում, սակայն առավել հաճախ հանդիպում է ազդրի հատվածում:
- Թոքային հիպերտենզիա. մանգաղաբջջային անեմիա ունեցող մարդկանց թոքերում կարող է զարգանալ բարձր արյան ճնշում: Այս բարդությունը սովորաբար հանդիպում է չափահաս մարդկանց մոտ: Շնչարգելությունը (հևոց) և հոգնածությունը այս վիճակի ընդհանուր ախտանիշներն են, որոնք կարող են ստանալ ծանր, անգամ՝ մահացու ընթացք:
- Օրգանների վնասում. մանգաղաձև բջիջները, որոնք խցանում են արյան հոսքը դեպի օրգաններ, վերջիններիս զրկում են արյունից և թթվածնից: Մանգաղաբջջային անեմիայի դեպքում արյան մեջ նույնպես թթվածնի պակաս կա (կոչվում է թթվածնաքաղց կամ հիպօքսիա): Թթվածնով աղքատ արյունը կարող է վնասել նյարդերն ու օրգանները, այդ թվում՝ երիկամները, լյարդը և փայծաղը: Կենսականորեն կարևոր օրգանների հիպօքսեմիկ վնասումը կարող է մահացու լինել:
- Փայծաղային սեկվեստրացիա. մանգաղաձև բջիջները կարող են զտվել արյունից և կուտակվել փայծաղում՝ հանգեցնելով դրա մեծացման (սպլենոմեգալիա): Սա կարող է առաջացնել որովայնի ձախ կեսի ցավ և կյանքին վտանգ ներկայացնել: Մանգաղաբջջային անեմիա ունեցող երեխաների ծնողները կարող են սովորել, թե ինչպես տեղորոշել և շոշափել իրենց երեխայի մեծացած փայծաղը:
- Կուրություն. մանգաղաձև բջիջները կարող են արգելափակել այն մանր արյունատար անոթները, որոնք արյուն են մատակարարում աչքերին (ցանցաթաղանթին): Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել կուրության:
- Ոտքերի խոցեր. մանգաղաբջջային անեմիա կարող է ոտքերի վրա առաջացնել ցավոտ բաց վերքեր:
- Լեղապարկի քարեր. արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) քայքայումից առաջանում է բիլիռուբին կոչվող նյութ: Օրգանիզմում բիլիրուբինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել լեղապարկի քարերի առաջացման:
- Պրիապիզմ. մանգաղաբջջային անեմիան կարող է տղամարդկանց մոտ առաջացնել ցավոտ, երկարատև էրեկցիա, որը հայտնի է որպես պրիապիզմ: Մանգաղաձև բջիջները կարող են խցանել առնանդամի մանր արյունատար անոթները, որը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել իմպոտենցիայի:
- Խորանիստ երակների թրոմբոզ. մանգաղաձև արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) կարող են առաջացնել արյան մակարդուկներ (թրոմբ)՝ մեծացնելով խորանիստ երակում թրոմբի ձևավորման ռիսկը, որը հայտնի է որպես խորանիստ երակային թրոմբոզ: Այն նաև մեծացնում է թոքերի մեջ արյան մակարդուկի (թրոմբի) հայտնվելու ռիսկը, որը հայտնի է որպես թոքային էմբոլիա կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիա (ԹԶԹԷ): Այս երկու վիճակներից յուրաքանչյուրը կարող է առաջացնել ծանր վիճակ կամ նույնիսկ մահ:
- Հղիության բարդություններ. մանգաղաբջջային անեմիան կարող է մեծացնել հղիության ընթացքում բարձր արյան ճնշման (հիպերտենիզա) և արյան մակարդուկների (թրոմբ) ռիսկը: Այն նաև կարող է մեծացնել վիժման, վաղաժամ ծննդաբերության և ցածր քաշով նորածինների ծննդի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024