Մանգաղաբջջային անեմիայի ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս 6 ամսական տարիքում, սակայն հիվանդությունը բավականին մեծ ազդեցություն է թողնում մարդկանց ողջ կյանքի վրա:
Դրանք կարող են տարբերվել անձից անձ կամ փոփոխվել ժամանակի ընթացքում: Ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Անեմիա (սակավարյունություն). մանգաղաձև բջիջները հեշտությամբ քայքայվում և մահանում են։ Արյան նորմալ կարմիր բջիջները (էրիթրոցիտներ) սովորաբար ապրում են մոտ 120 օր՝ մինչև փոխարինվեն նոր արտադրվածներով, սակայն մանգաղաձև բջիջները սովորաբար մահանում են 10-20 օրվա ընթացքում՝ հանգեցնելով արյան կարմիր բջիջների թվաքանակի կտրուկ կրճատման: Սա հայտնի է որպես սակավարյունություն կամ անեմիա: Առանց բավարար քանակության արյան կարմիր բջիջների, օրգանիզմը չի կարող բավարար քանակությամբ թթվածին ստանալ, որն էլ առաջացնում է մշտական հոգնածություն և հյուծվածության զգացում:
- Ցավի դրվագներ. խիստ ցավի պարբերական դրվագները, որոնք կոչվում են ցավային նոպաներ (կրիզիսներ), մանգաղաբջջային անեմիայի հիմնական ախտանիշն են: Ցավն առաջանում է, երբ արյան մանգաղաձև կարմիր բջիջները (էրիթրոցիտները) արգելափակում են մանր արյունատար արյունատար անոթներով արյան հոսքը դեպի կրծքավանդակ, որովայն և հոդեր: Ցավը կարող է լինել տարբեր ուժգնության, հրահրվել շրջակա ջերմաստիճանի փոփոխությունից, ջրազրկումից, սթրեսից, մեծ բարձրություններից և տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Որոշ մարդիկ ունենում են տարեկան միայն մի քանի ցավային նոպաներ, իսկ մյուսներ՝ տարեկան մեկ տասնյակ կամ ավելի: Ծանր ցավային նոպան պահանջում է հիվանդանոցային հսկողություն և բուժում: Մանգաղաբջջային անեմիա ունեցող որոշ մարդիկ նաև ունեն քրոնիկ ցավեր՝ պայմանավորված ոսկորների և հոդերի վնասումներից, խոցերից և այլ պատճառներից:
- Ձեռքերի (դաստակների) և ոտնաթաթերի այտուցվածություն. արյան մանգաղաձև կարմիր բջիջներն արգելափակում են ձեռքերի և ոտնաթաթերի արյան շրջանառությունը, որը կարող է հանգեցնել դրանց այտուցման:
- Հաճախակի վարակներ. փայծաղը մասնակցում է վարակներից օրգանիզմի պաշտպանությանը։ Մանգաղաձև բջիջները կարող են վնասել փայծաղը (որը կարող է այտուցվել կամ պնդանալ)՝ բարձրացնելով վարակների զարգացման ռիսկը։ Մանգաղաբջջային անեմիայով նորածիններն ու երեխաները սովորաբար ստանում են պատվաստումներ և հակաբիոտիկներ՝ կյանքին վտանգ սպառնացող վարակները, օրինակ՝ թոքաբորբը կանխելու համար:
- Հետաձգված աճ կամ սեռակահասունացում. արյան կարմիր բջիջները օրգանիզմին ապահովում են աճի համար անհրաժեշտ թթվածնով և սննդանյութերով: Առողջ կարմիր արյան բջիջների պակասը՝ քրոնիկ անեմիան կարող է դանդաղեցնել նորածինների և երեխաների աճը և հետաձգել դեռահասների սեռահասունացումը:
- Տեսողության խնդիրներ. մանգաղաձև բջիջները նաև կարող են խցանել աչքերին արյուն մատակարարող մանր արյունատար անոթները: Սա կարող է վնասել աչքի այն հատվածը, որը մշակում է տեսողական պատկերները (ցանցաթաղանթ) և հանգեցնել տեսողության խնդիրների:
Ե՞րբ դիմել բժշկին
Անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք մանգաղաբջջային անեմիայի ծանր ախտանիշներ կամ բարդություններ, այդ թվում՝ ջերմություն կամ ինսուլտ:
Վարակները հաճախ սկսվում են ջերմության բարձրացմամբ և կարող են վերածվել կյանքին վտանգ ներկայացնող վիճակի: Մանգաղաբջջային անեմիա ունեցող երեխաները հակված են վարակների, ուստի անհապաղ բժշկական օգնություն դիմեք նրանց մոտ 38,5° C և ավելի բարձր ջերմություն գրանցելիս:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ի հայտ են եկել ինսուլտի ախտանիշներ, օրինակ՝
- դեմքի, ձեռքերի կամ ոտքերի միակողմանի կաթված կամ թուլություն
- շփոթվածություն
- քայլելու կամ խոսքի դժվարություններ
- տեսողության հանկարծակի փոփոխություններ
- անբացատրելի թմրածություն
- սուր գլխացավ:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024