Արյան թեստը կարող է ստուգել հեմոգլոբինի ձևը, որն ընկած է մանգաղաբջջային անեմիայի հիմքում:
Միացյալ Նահանգներում և այլ զարգացած երկրներում արյան այս թեստը նորածինների սովորական սքրինինգի մի մասն է: Սակայն, ավելի մեծ երեխաներն ու չափահաս մարդիկ նույնպես կարող են հետազոտվել:
Չափահասների մոտ արյան նմուշը վերցնում են ձեռքի երակից: Մանկահասակ երեխաների և նորածինների մոտ արյան նմուշը սովորաբար հավաքվում է մատից կամ կրունկից: Նմուշն այնուհետև ուղարկվում է լաբորատորիա, որտեղ ստուգում են հեմոգլոբինը՝ մանգաղաբջջային անեմիա հայտնաբերելու համար:
Եթե դուք կամ ձեր երեխան ունեք մանգաղաբջջային անեմիա, ձեր բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ՝ հիվանդության հնարավոր բարդությունները ստուգելու համար:
Եթե դուք կամ ձեր երեխան հանդիսանում եք մանգաղաբջջային գենի կրող, հավանաբար, ձեզ կառաջարկեն գենետիկ խորհրդատվություն:
Ինսուլտի ռիսկի գնահատում
Հատուկ գերձայնային հետազոտությունը (դուպլեքս կամ դոպլեր) կարող է հայտնաբերել երեխաների մոտ ինսուլտի ռիսկը։ Հետազոտության ընթացքում ձայնային ալիքների օգնությամբ չափում է գլխուղեղի արյան հոսքը: Այս անցավ հետազոտությունը կարող է անցկացվել 2 տարեկանից փոքր երեխաների շրջանում: Կանոնավոր արյան փոխներարկումները կարող են նվազեցնել ինսուլտի ռիսկը:
Մինչև երեխայի ծնվելը մանգաղաբջջային գեների հայտնաբերման թեստեր
Մանգաղաբջջային հիվանդությունը կարող է ախտորոշվել չծնված երեխայի մոտ՝ արգանդում պտուղը շրջապատող ամնիոտիկ հեղուկի նմուշի թեստավորմամբ: Եթե դուք կամ ձեր զուգընկերն ունեք մանգաղաբջջային անեմիա կամ մանգաղաբջջային գեն կրող եք, հարցրեք ձեր բժշկին այս սքրինինգի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024