Շյոգրենի համախտանիշի բազմաթիվ ախտանիշներ բավականին լավ են արձագանքում տնային միջոցներին:
Աչքերի չորությունը թեթևացնելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Օգտագործեք արհեստական արցունք, աչքի քսանյութ (լուբրիկանտ) կամ երկուսն էլ. արհեստական արցունքները՝ կաթիլների տեսքով, և աչքի քսանյութերը՝ կաթիլների, գելի կամ յուղի տեսքով, օգնում են չոր աչքերի պատճառած անհարմարավետության մեղմացմանը: Պետք չէ աչքերի քսանյութերը կիրառել այնքան հաճախ, որքան արհեստական արցունքները: Ունենալով ավելի խիտ կազմություն, աչքի քսանյութերը կարող են մշուշոտել ձեր տեսողությունը և կուտակվել թարթիչների վրա: Ուստի, դրանք կարող եք օգտագործել միայն մեկ անգամ՝ գիշերային քնից առաջ: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ օգտագործեք առանց կոնսերվանտների արհեստական արցունքներ, քանի որ դրանք կարող են գրգռել չոր աչքի համախտանիշ ունեցող մարդկանց աչքերը:
- Բարձրացրեք տան խոնավությունը. ներսի խոնավության բարձրացումը և փչող օդի ազդեցության նվազեցումը կարող են օգնել, որ ձեր աչքերը և բերանը խիստ չչորանան: Օրինակ, խուսափեք օդափոխիչի կամ օդորակիչի առաջ նստելուց և դրսում կրեք պաշտպանիչ ակնոց:
Բերանի խոռոչի չորության դեպքում օգտակար կարող են լինել հետևյալ խորհուրդները:
- Մի' ծխեք. ծխելն ինքնին կարող է գրգռել և չորացնել ձեր բերանի խոռոչի լորձաթաղանթը։
- Ավելի շատ հեղուկներ խմեք. օրվա ընթացքում խմեք շատ հեղուկներ, հատկապես՝ ջուր: Խուսափեք սուրճից կամ ալկոհոլից, քանի որ դրանք կարող են վատթարացնել բերանի չորության ախտանիշները: Խուսափեք նաև թթվային ըմպելիքներից, ինչպիսիք են կոլան և որոշ սպորտային ըմպելիքները, քանի որ թթուն կարող է վնասել ձեր ատամների էմալը:
- Խթանեք թքի հոսքը. առանց շաքարի մաստակը կամ ցիտրուսային համով կոշտ կոնֆետները կարող են խթանել թքի արտահոսքը: Շյոգրենի համախտանիշը մեծացնում է ատամների կարիեսի ռիսկը, ուստի արժե սահմանափակել քաղցրավենիքը, հատկապես՝ կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում:
- Փորձեք արհեստական թուք. թքին փոխարինող արտադրանքները հաճախ ավելի լավ են օգնում, քան սովորական ջուրը, քանի որ պարունակում են քսանյութ, որն օգնում է, որ բերանի խոռոչն ավելի երկար խոնավ մնալ: Այս ապրանքներն արտադրվում են որպես սփրեյ կամ լոզերգան:
- Օգտագործեք քթային աղային սփրեյ. քթային աղային սփրեյը կարող է օգնել քթային անցուղիների խոնավացմանը և մաքրվելուն, որ կարողանաք քթով ավելի ազատ շնչել: Չոր, խցանված քիթը կարող է մեծացնել բերանով շնչելը, հետևաբար՝ նպաստել բերանի չորությանը:
Բերանի խոռոչի առողջություն
Բերանի մշտական չորությունը մեծացնում է ատամի կարիեսի և ատամների կորստի ռիսկը: Այս տեսակի խնդիրներից խուսափելու համար՝
- ամեն անգամ ուտելուց հետո խոզանակեք ձեր ատամները և օգտագործեք ատամնաթել
- նախատեսեք կանոնավոր այցեր ձեր ատամնաբույժին (առնվազն` վեց ամիսը մեկ)
- օգտագործեք ամենօրյա տեղային ֆտորային բուժում և հակամանրէային լուծույթներով բերանի խոռոչի ողողումներ:
Չորության այլ շրջաններ
Եթե չոր մաշկը դարձել է խնդիր, խուսափեք տաք ջրից, երբ լողանում կամ ցնցուղ եք ընդունում: Մաշկը մի տրորեք սրբիչով և օգտագործեք խոնավացնող միջոց, երբ մաշկը դեռ խոնավ է: Օգտագործեք ռետինե ձեռնոցներ սպասք լվանաիս կամ տնային մաքրություն անելիս: Հեշտոցային խոնավացնող միջոցներն ու քսուքները կարող են օգնել այն կանանց, ովքեր ունեն հեշտոցային չորություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024