Առողջական խնդիրներ
Շյոգրենի համախտանիշ

3 րոպե
Շյոգրենի համախտանիշը իմունային համակարգի հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է ձեր աչքերն ու թքագեղձերը, սակայն կարող է ունենալ այլ դրսևորումներ ևս:
Որոշ գրքերում Շյոգրենի համախտանիշը նշվում է որպես «Շեգրենի համախտանիշ» կամ «չոր» համախտանիշ:
Ի՞նչ է Շյոգրենի համախտանիշը
Շյոգրենի համախտանիշն աուտոիմուն հիվանդություն է, երբ ձեր իմունային համակարգը «գրոհում» և ախտահարում է սեփական առողջ բջիջները:
Շյոգրենի համախտանիշի ժամանակ ձեր իմունային համակարգը տիպիկ դեպքերում «գրոհում» է արցունք, թուք և քրտինք արտադրող գեղձերի վրա, սակայն այլ օրգաններ ևս կարող են ախտահարվել:
Այս հիվանդության պատճառն անհայտ է: Այն ավելի տարածված է կանանց, 40-ն անց մարդկանց և այն անձանց շրջանում, ովքեր ունեն ռևմատիկ հիվանդություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ կամ համակարգային կարմիր գայլախտ («լուպուս»):
Շյոգրենի համախտանիշով մարդկանց մեծ մասը կարող է ապրել նորմալ առօրյայով՝ առանց որևէ լուրջ բարդությունների, հատկապես, եթե հետևում է գանգատների կառավարմանն ուղղված բժշկի խորհուրդներին:
Շյոգրենի համախտանիշի պատճառները
Դեռևս անհայտ է, թե ինչու է որոշ մարդկանց մոտ զարգանում աուտոիմուն բնույթի այս հիվանդությունը: Հիվանդության առաջացման գործում, ըստ երևույթին, կարող են դեր խաղալ վիրուսային վարակը և ժառանգական նախատրամադրվածությունը:
Շյոգրենի համախտանիշի ախտանիշները
Շյոգրենի համախտանիշով մարդիկ կարող են ունենալ՝
- աչքերի չորություն, որը կարող է ուղեկցվել աչքերի գրգռվածությամբ, աչքերում օտար մարմնի (օրինակ՝ փոշու) առկայության զգացողությամբ, երբեմն նաև՝ աչքերի այրոցանման ցավով
- բերանի չություն, որը դժվարացնում է կուլ տալը, խոսելը կամ չոր սննդամթերք ընդունելը
- դեմքի և պարանոցի գեղձերի այտուցվածություն:
Աչքերի և բերանի խոռոչի չությունը կարող է բարձրացնել աչքի վարակների և ատամների հետ կապված խնդիրների ռիսկի բարձրացմանը (օրինակ՝ ատամների հարաճող կարիես):
Շյոգրենի համախտանիշով որոշ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ նաև՝
- հոդացավ, հոդերի այտուց և շարժումների կարկամվածություն
- մաշկի չորություն
- հեշտոցի չորություն
- կայուն չոր հազ
- ձգձգվող ընդհանուր հոգնածություն:
Սակավաթիվ մարդկանց մոտ կարող է նաև զարգանալ լյարդի և երիկամների ախտահարում կամ լիմֆոմա (ավշային գեղձերի քաղցկեղ):
Շյոգրենի համախտանիշի ախտորոշումը
Ախտանիշներից բացի ախտորոշմանն օգնում են տարբեր հետազոտություններ, այդ թվում՝
- Շիրմերի թեստ, որը ստուգում է աչքերի կողմից բավարար քանակությամբ արցունքի արտադրությունը
- արյան հետազոտություններ, օրինակ՝ Շյոգրենի համախտանիշի ժամանակ հաճախ արյան մեջ հայտնվող հակամարմինների թեստեր (IgG, կրիոգլոբուլիններ, ռևմատոիդ գործոն (RF), հակակորիզային հակամարմիններ (ANA), միաշղթա ԴՆԹ-ի հակամարմիններ, Ro/SS-A և La/SS-Bհակածինների նկատմամբ հակամարմիններ, թիրեոգլոբուլինի նկատմամբ հակամարմններ (anti-TPO) և այլն)
- թքագեղձերի գործունեությունը գնահատող պատկերման հետազոտություններ
- բիոպսիա, երբ ձեր թքագեղձից նմուշառվում և հետազոտվում է փոքր հյուսվածք՝ հայտնաբերելու բորբոքային բջիջներ:
Շյոգրենի համախտանիշի բուժումը
Այս հիվանդությունը որևէ վերջնական բուժում չունի, սակայն կան գանգատները մեղմացնող (օրինակ՝ թքարտադրությունը խթանող) և բարդությունների (օրինակ՝ հոդաբորբի) դեմ ուղղված միջոցներ:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն, օրինակ՝ աչքերի արցուքակալումը վերացնելու համար:
Ձեր բժիշկը նաև կարող է նշանակել որոշ դեղեր, օրինակ՝ ոչ ստերոիդ հակաբորբոքայիններ (ՈՍՀԲԴ) կամ իմունային համակարգն ընկճող հաբեր:
Կարևոր է, որ դուք պարբերաբար այցելեք ձեր բժշկին, ով կգնահատի հիվանդության ախտանիշների կառավարման արդյունավետությունը:
Կան նաև գանգատները մեղմացնող այլ միջոցներ, օրինակ՝
- չոր աչքերի դեպքում՝ արհեստական արցունք կամ աչքի հատուկ քսուքներ, պարբերաբար այցելություններ ակնաբույժին, քամուց կամ արևից աչքերը պաշտպանող ակնոցներ
- չոր բերանի դեպքում՝ բերանը ջրով հաճախակի թրջում, ալկոհոլից խուսափում, արհեստական թուք, բերանի ողողումներ, շաքար չպարունակող մաստակներ կամ շնչառությունը թարմացնող հեղուկներ, բերանի խոռոչի հիգիենայի խիստ պահպանում, շաքար պարունակող սննդի և հեղուկների սահմանափակում, պարբերաբար այցելություններ ատամնաբույժին
- ընդհանուր չորության դեպքում՝ տան ներսում խոնավության բարձրացում, մաշկի խնամքի հատուկ միջոցներ, տաքացուցիչներից և օդորակիչներից խուսափում, քթի խոռոչի չորության դեպքում՝ աղային լուծույթներ, փոշոտ կամ քամոտ միջավայրերից խուսափում և այլն:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-02-2021 վերանայվել է՝ 23-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: