Շյոգրենի համախտանիշի ախտորոշումը կարող է դժվար լինել, քանի որ գանգատներն ու ախտանիշները տարբերվում են անձից անձից և կարող են նմանակել այլ հիվանդություններին:
Մի շարք դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները նույնպես նմանվում են Շյոգրենի համախտանիշի որոշ գանգատներին և ախտանիշներին:
Հետազոտությունները կարող են օգնել բացառելու այլ առողջական խնդիրները և հաստատելու Շյոգրենի համախտանիշի ախտորոշումը:
Արյան թեստեր
Ձեր բժիշկը կարող է նշանակել արյան թեստեր, որ ստուգի՝
- արյան տարբեր տեսակի բջիջների մակարդակները
- Շյոգրենի համախտանիշի ժամանակ տարածված հակամարմինների առկայությունը, ինչպիսիք են՝ IgG, կրիոգլոբուլիններ, ռևմատոիդ գործոն (RF), հակակորիզային հակամարմիններ (ANA), միաշղթա ԴՆԹ-ի հակամարմիններ, Ro/SS-A և La/SS-B հակածինների նկատմամբ հակամարմիններ, թիրեոգլոբուլինի նկատմամբ հակամարմններ (anti-Tg) և այլն
- բորբոքային հիվանդությունների առկայության մասին տվյալները
- ձեր լյարդի և երիկամների հետ կապված խնդիրների վերաբերյալ վկայող տվյալները:
Աչքի քննություն
Ձեր բժիշկը կարող է չափել ձեր աչքերի չորությունը հատուկ հետազոտությամբ, որը կոչվում է Շիրմերի արցունքի թեստ: Ձեր ստորին կոպի տակ դրվում է ֆիլտրի փոքր կտոր՝ արցունքի արտադրությունը չափելու համար:
Աչքի խանգարումների բուժման մեջ մասնագիտացած բժիշկը (ակնաբույժ) նաև կարող է զննել ձեր աչքերի մակերեսը խոշորացույցով, որը կոչվում է ճեղքող լամպ: Նա կարող է օգտագործել հատուկ աչքի կաթիլներ, որոնք հեշտացնում են ձեր եղջերաթաղանթի վնասումը տեսնելը:
Պատկերային հետազոտություններ
Որոշակի պատկերային հետազոտությունները կարող են ստուգել ձեր թքագեղձերի գործունեությունը:
- Սիալոգրաֆիա. այս հատուկ ռենտգենը կարող է հայտնաբերել կոնտրաստային նյութը, որը ներարկվում է ձեր ականջի առջև գտնվող թքագեղձերի մեջ: Այս ախտորոշիչ միջամտությունը ցույց է տալիս, թե որքան թուք է հոսում ձեր բերանի խոռոչ:
- Թքագեղձի սինտիգրաֆիա. միջուկային այս հետազոտությունը ներառում է ռադիոակտիվ իզոտոպի երակից ներարկում, որից հետո՝ մեկժամյա վերահսկում՝ ստուգելու, թե որքան արագ է այն հասնում ձեր բոլոր թքագեղձերը:
Բիոպսիա
Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ շրթունքների բիոպսիա՝ հայտնաբերելու բորբոքային բջիջների կլաստերների առկայություն, ինչը կարող է վկայել Շյոգրենի համախտանիշի մասին: Այս հետազոտության համար ձեր շրթունքի թքագեղձերից հյուսվածքային մի փոքր կտոր հեռացվում է և զննվում մանրադիտակի տակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024