Skip to main content

Բուժում - Շյոգրենի սինդրոմ

Շյոգրենի համախտանիշի բուժումը կախված է ախտահարման շրջաններից:

Բազմաթիվ մարդիկ կարողանում են կառավարել Շյոգրենի համախտանիշով պայմանավորված աչքերի և բերանի չորությունը՝ օգտագործելով սովորական աչքի կաթիլներ և ավելի հաճախ ջուր խմելով: Սակայն, որոշ մարդկանց անհրաժեշտ են դեղատոմսով դեղեր կամ նույնիսկ վիրաբուժական միջամտություններ:

Դեղորայքային բուժում

Կախված ձեր ախտանիշներից, ձեր բժիշկը կարող է առաջարկել դեղամիջոցներ` ուղղված հետևյալին:

  • Աչքի բորբոքման նվազեցում. ձեր ակնաբույժի կողմից կարող են առաջարկվել աչքի կաթիլներ, ինչպիսիք են Ցիկլոսպորինը (Ռեստազիս) կամ Լիֆիտեգրաստը (Քսիիդրա), եթե ունեք չափավորից մինչև ուժեղ աչքի չորություն:
  • Թքի արտադրության խթանում. այնպիսի դեղամիջոցները, ինչպիսիք են Պիլոկարպինը (Սալագեն) և Ցևիմելինը (Էվոքսակ), կարող են մեծացնել թքի, իսկ երբեմն՝ նաև արցունքի արտադրությունը: Կողմնակի ազդեցություններից են՝ քրտնարտադրություն, որովայնի ցավ, կարմրություն և միզարձակման ավելացում:
  • Որոշակի բարդությունների բուժում. եթե ձեզ մոտ զարգացել են արթրիտի ախտանիշներ, դուք կարող եք օգուտ ստանալ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերից (ՈՍՀԲԴ) կամ հոդաբորբի այլ դեղամիջոցներից: Բերանի խոռոչի խմորասնկիկային վարակները պետք է բուժվեն հակասնկիկային դեղամիջոցներով:
  • Համակարգային ախտանիշների բուժում. Հիդրօքսիքլորոխինը (Պլաքվենիլ) դեղամիջոց է, որը նախատեսված է մալարիայի բուժման համար, սակայն հաճախ օգտակար է նաև Շյոգրենի համախտանիշի բուժման համար: Կարող են նշանակվել նաև այնպիսի դեղամիջոցներ, որոնք ճնշում են իմունային համակարգը, ինչպիսին է Մետոտրեքսատը (Տրեքսալ):

Վիրահատություն

Ձեր աչքերից արցունքի հեռացման մանր խողովակները (ծորանները) փակելու փոքր միջամտությունը (պունկցիոն խցանում) կարող է օգնել ձեր աչքերի չորության մեղմացմանը: Կոլագենի կամ սիլիկոնե խցանները տեղադրվում են արցունքատար ծորանների մեջ, որ արտադրվող արցունքը մնա աչքի մակերեսին, այլ ոչ թե հոսի դեպի քթի խոռոչ:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024