Քնած ժամանակ կամ գիշերային սարսափները տարբերվում են գիշերային մղձավանջներից:
Երազում մղձավանջ տեսնողն արթնանում է քնից և կարող է հիշել մանրամասները, բայց այն մարդը, ով ունի քնի սարսափի դրվագ, մնում է քնած: Երեխաները սովորաբար առավոտյան ոչինչ չեն հիշում իրենց գիշերային սարսափների մասին: Չափահասները կարող են հիշել երազի մի դրվագ, որը նրանք տեսել են քնի սարսափի ընթացքում:
Քնի սարսափները սովորաբար տեղի են ունենում գիշերվա առաջին երրորդից մինչև առաջին կեսը և հազվադեպ՝ ննջելիս: Քնի սարսափը կարող է հանգեցնել լուսնոտության:
Քնի սարսափների դրվագի ժամանակ մարդը կարող է՝
- սկսել սարսափելի ճիչով կամ բղավոցով
- նստել անկողնում և սարսափած տեսք ունենալ
- ակնդետ նայել լայն բացած աչքերով
- քրտնել, ծանր շնչել և ունենալ արագ անոթազարկ (պուլս), կարմրած դեմք և լայնացած բբեր
- հարվածել ոտքերով («քացի տալ») կամ ձեռքերով
- դժվարությամբ արթնանալ, և շփոթված լինել, եթե արթնացնավ
- լինել անելանելի կամ այլայլված վիճակում
- հաջորդ առավոտյան ոչ մի բան չհիշել կամ քիչ հիշել գիշերը կատարվածի մասին
- հնարավոր է, որ դուրս գա անկողնուց և վազի տան մեջ կամ ագրեսիվ պահվածք դրսևորի, երբ նրան պահեն կամ շարժումները սահմանափակեն:
Ե՞րբ դիմել բժշկին
Հազվադեպ առաջացող քնի սարսափները սովորաբար անհանգստության պատճառ չեն հանդիսանում: Եթե ձեր երեխան գիշերային սարսափներ ունի, կարող եք պարզապես այդ մասին տեղեկացնել առողջ երեխայի սովորական քննության ժամանակ: Այնուամենայնիվ, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե քնած ժամանակ սարսափները՝
- դարձել են ավելի հաճախակի
- պարբերաբար խանգարում են տվյալ անձի կամ ընտանիքի այլ անդամների քունը
- հանգեցնում են անվտանգության խնդիրների կամ վնասվածքի
- բերում են ցերեկային ժամերի ավելորդ քնկոտության կամ աշխատանքի ու գործունեության հետ կապված խնդիրների
- շարունակվում են դեռահասությունից հետո կամ սկսվում են չափահաս տարիքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024