Մեծացած փայծաղը կամ սպլենոմեգալիան սովորաբար հայտնաբերվում է արտաքին զննման միջոցով:
Բժիշկը հաճախ զգում է մեծացած փայծաղը որովայնի ձախ վերին շրջանի (ձախ թուլակող) շոշափման ժամանակ: Սակայն որոշ, հատկապես՝ նիհարակազմ մարդկանց մոտ երբեմն կարող է շոշափվել նաև առողջ և նորմալ չափերով փայծաղը:
Բժիշկը կարող է հաստատել մեծացած փայծաղի ախտորոշումը որոշ հետազոտությունների օգնությամբ:
- Արյան թեստեր, օրինակ՝ արյան ընդհանուր հետազոտություն, որը չափում է արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ) քանակը:
- Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). որովայնային սոնոգրաֆիան և որովայնի օրգանների ԿՏ սքանը թույլ են տալիս ախտորոշել փայծաղի մեծացումը և մեծացած փայծաղի կողմից հարևան օրգանների ճնշումը: Այս հետազոտություններով նաև կարող են հայտնաբերվել սպլենոմեգալիայի բարդությունները, օրինակ՝ փայծաղի պատռվածք և ներքին արյունահոսություն:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ սքանը թույլ է տալիս գնահատել փայծաղով արյան հոսքը:
Մեծացած փայծաղն ախտորոշելիս պատկերման հետազոտությունները ոչ միշտ են անհրաժեշտ: Սակայն, եթե բժիշկը խորհուրդ է տալիս դրանք, հետազոտության կարող եք ներկայանալ առանց նախապատրաստվելու: Այնուամենայնիվ, ԿՏ հետազոտության դեպքում ցանկալի է հետազոտվել դատարկ ստամոքսով: Հարցրեք բժշկին այս մասին:
Սպլենոմեգալիայի պատճառի հայտնաբերումը
Երբեմն կարիք է լինում անցնել լրացուցիչ հետազոտություններ, որ հայտնաբերվի փայծաղի մեծացման պատճառը, ներառյալ՝ լյարդի գործունեության թեստեր, ոսկրածուծի հետազոտություններ (կոնքոսկրի բիոպսիայի կամ ասպիրացիայի միջոցով) և այլն: Վերջինս կարող է արյան բջիջների վերաբերյալ տրամադրել ավելի մանրակրկիտ տվյալներ:
Հազվադեպ, եթե սպլենոմեգալիայի պատճառը չի հայտնաբերվում, բժիշկը կարող է առաջարկել փայծաղի վիրահատական հեռացում (սպլենէկտոմիա): Նման դեպքերում հեռացված փայծաղն ուղարկվում է հյուսվածաբանական հետազոտության (օրինակ՝ փայծաղի լիմֆոմայի ստուգում):
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024