Սուբտոտալ թիրեոիդէկտոմիա (վահանաձև գեղձի ենթաամբողջական հեռացում)
31-01-2021
3 րոպե

Այս հոդվածում ձեզ կներկայացվի թիրեոտոքսիկոզի դեպքում սուբտոտալ թիրեոիդէկտոմիայի վերաբերյալ օգտակար տեղեկատվություն:
Եթե ունեք հարցեր, զրուցեք այդ մասին ձեր բժշկի կամ համապատասխան մասնագետների, մասնավորապես՝ էնդոկրին վիրաբույժի հետ:
Ի՞նչ է վահանաձև գեղձը
Վահանաձև գեղձը պարանոցի առջևի մասում՝ անմիջապես «ադամախնձորից» ներքև տեղադրված թիթեռանման օրգան է, որն արտադրում է օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորող թիրոքսին (Т4) հորոմոն:
Ձեր վահանաձև գեղձը կարող է դառնալ գերակտիվ և արտադրել նորմայից ավելի մեծ քանակով հորմոններ: Սա կոչվում է թիրեոտոքսիկոզ (հիպերթիրեոիդիզմ) և կարող է բերել մի շարք անհանգստացնող նշանների, այդ թվում՝ քաշի կորուստ, դող (տրեմոր), գերքրտնոտություն, տաք միջավայրին հարմարվելու անկարողություն, քնի և աչքերի հետ կապված խնդիրներ:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնների քանակը պետք է կրճատվի մինչև նորմալ կամ նորմալից ցածր մակարդակի, որի շնորհիվ դուք այլևս չեք ունենում վերոնշյալ գանգատները:
Կա՞ արդյոք սուբտոտալ թիրեոիդէկտոմիային որևէ այլընտրանք
Որոշ դեղեր, օրինակ՝ Կարբիմազոլը կամ Պրոպիլթիոուրացիլը կարող են օգտագործվել վահանաձև գեղձի ակտիվությունը վերահսկելու համար և հաճախ նշանակվում են հիվանդության վաղ փուլերում: Սակայն, այս դեղերն ունեն կողմնակի ազդեցություններ և որոշ անձինք չեն կարող ընդունել դրանք:
Որոշ մարդկանց ցուցված է նաև ռադիոակտիվ յոդը:
Ի՞նչ է վիրահատությունը ներառում
Վիրահատությունն անցկացվում է ընդհանուր անզգայացման ներքո և սովորաբար տևում է 90 րոպեից մինչև 2 ժամ:
Վիրաբույժը ձեր պարանոցի առաջային մակերեսին վերջինիս ծալքերին զուգահեռ կատարում է կտրվածք և առանձնացնելով մկանախրձերը՝ հասնում ու հեռացնում ձեր վահանաձև գեղձի մեծ մասը:
Սուբտոտալ թիրեոիդէկտոմիա
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Որոշ բարդություններ կարող են ստանալ ծանր ընթացք և անգամ բերել մահվան:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- վիրահատական շրջանի (վերքային) վարակ
- մաշկի կոպիտ սպիացում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր ոտքերում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր թոքերում:
Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները
- արյունահոսություն
- ձեր ձայնի փոփոխություններ
- շնչառության դժվարություններ
- արյան կալցիումի մակարդակի անկում
- ձեր արյան մեջ վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը կարող է նվազել
- ձեր արյան մեջ վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը կարող է աճել:
Ինչքա՞ն շուտ ես կվերականգնվեմ
Դուք ի վիճակի կլինեք տուն վերադառնալ վիրահատությունից 1-2 օր հետո:
Դուք կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին, երբ բժիշկը համոզվի, որ դրա համար բավարար լավ եք զգում (սովորաբար 2 շաբաթ անց՝ կախված վիրահատության ծավալից և ձեր աշխատանքի բնույթից):
Կանոնավոր վարժանքները կարող են օգնել, որ հնարավորինս շուտ վերադառնաք ձեր սովորական գործերին: Մինչև վարժանքներ սկսելը, խորհուրդ հարցրեք ձեր բժշկից:
Վիրահատված անձանց մեծ մասը լիարժեք վերականգնվում և անցնում է առօրյա կյանքին:
Բուժանձնակազմը սովորաբար կրկնակի այցի է հրավիրում մինչև 4 շաբաթվա ընթացքում, որից հետո վիրաբույժը կներկայացնի հետազոտության արդյունքները և, եթե անհրաժեշտ է, հետագա բուժման վերաբերյալ ցուցումներ կտա:
Ամփոփում
Թիրեոտոքսիկոզը հիվանդություն է, որը պատճառվում է վահանաձև գեղձի գերակտիվությամբ: Սուբտոտալ թիրեոիդէկտոմիան վահանաձև գեղձի մեծ մասի վիրահատական հեռացումն է՝ թիրեոտոքսիկոզի բուժման մի շարք մեթոդներից մեկը:
Լրացուցիչ տեղեկատվություն
Վահանաձև գեղձի հիվանդությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վահանաձև գեղձի հիվանդությունների էջը, որպեսզի ծանոթանաք այս օրգանի հետ կապված առողջական խնդիրների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
- ի՞նչ հարցեր դուք կարող եք տալ մինչև վիրահատվելը
- ինչպե՞ս նախապատրաստվել վիրահատությանը
- ինչպե՞ս գտնել ճիշտ մասնագետ:
Հոդվածը վերանայվել է՝ 13-03-2021