Սիֆիլիս. պատճառներ
19-04-2020
2 րոպե

Սիֆիլիսը գլխավորապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, որը հարուցվում է «դժգույն տրեպոնեմա» կոչվող բակտերիայով:
Ի՞նչն է սիֆիլիսի հարուցիչը
Դժգույն տրեպոնեման (Treponema Pallidum) պարուրաձև, գրամ բացասական, խիստ շարժուն բակտերիա է, որը կիսվում է ավելի քան 30 ժամվա ընթացքում և չի կարող մարդու օրգանիզմից դուրս ապրել մի քանի օրից ավելի: «Տրեպոնեմա» ցեղի բակտերիաները հարցում են ևս 3 հիվանդություն, որոնք սակայն սեռական ճանապարհով չեն փոխանցվում և և նյարդային համակարգը չեն ախտահարում:
Բակտերիան հիվանդից առողջ մարդու օրգանիզմ մուտք է գործում վերջինիս վնասված մաշկով (փոքր կամ աննշան վերքեր, կտրվածքներ կամ ամբողջականության խախտումներ) կամ անվնաս լորձաթաղանթներով:
Ե՞րբ է սիֆիլիսը վարակիչ
Սիֆիլիսը վարակիչ է հիվանդության առաջնային և երկրորդային փուլերում, երբեմն նաև՝ վաղ գաղտնի շրջանում: Այսպիսով, սիֆիլիսը խիստ վարակիչ է այն ժամանակ, երբ հիվանդ մարդու մոտ առկա են խոցեր կամ մաշկացան:
Հիվանդությունը կարող է փոխանցվել նաև այն ժամանակ, երբ մարդիկ չգիտեն այդ մասին կամ այն մարդկանց կողմից, ովքեր չունեն որևէ վերք կամ խոց:
Ինչպե՞ս է սիֆիլիսը փոխանցվում
- Սիֆիլիսը սովորաբար փոխանցվում է վարակված մարդու խոցի (կոչվում է «կարծր շանկր») հետ ուղղակի շփման միջոցով: Կանանց մոտ այս շանկրի ամենատարածված տեղակայումը արգանդի վզիկն է (44%), հետերոսեքսուալ տղամարդկանց մոտ՝ առնանդամը (99%), իսկ հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ՝ հետանցքային խողովակը (34%): Ահա թե ինչու սիֆիլիսի փոխանցման և տարածման ամենահաճախ հանդիպող ուղին սեռական հարաբերությունն է՝ ինչպես հեշտոցային (վագինալ), այնպես էլ հետանցքային (անալ) և բերանային (օրալ):
- Շատ ավելի հազվադեպ, սիֆիլիսը կարող է տարածվել նաև շրթունքների, բերանի, կրծքագեղձերի կամ սեռական օրգանների վրա տեղակայված բաց խոցերի հետ ուղղակի շփման միջոցով (օրինակ՝ վերքին մոտ մասերը համբուրելուց):
- Խիստ հազվադեպ սիֆիլիսը կարող է տարածվել նաև վարակված արյան միջոցով՝ օգտագործված վարակված ասեղով պատահաբար վնասվելիս կամ վարակված ներարկման պարագաները համատեղ օգտագործելիս, և եզակի դեպքերում՝ արյան փոխներարկման միջոցով:
- Սիֆիլիսով հիվանդ մայրը կարող է վարակը փոխանցել իր չծնված երեխային (պտղին) հղիության ժամանակ՝ ընկերքով կամ ծննդաբերության ընթացքում: Սա կոչվու է մորից-երեխային փոխանցում և երեխայի մոտ բերում է բնածին սիֆիլիսի զարգացման:
Հիշեք, որ սիֆիլիսը չի կարող տարածվել նույն զուգարանից, բաղնիքից կամ կենսաղային սպասքից, լողավազանից օգտվելուց:
Նկատի ունեցեք նաև, որ բուժվելուց հետո սիֆիլիսն ինքնուրույն չի կարող կրկին հայտնվել, բայց դա բնավ չի նշանակում, որ դուք չեք կարող կրկին վարակվել:
Ռիսկի գործոններ
Ձեզ մոտ սիֆիլիսով (նաև՝ այլ սեռավարակներով) վարակվելու ռիսկը բարձրացնում է, եթե դուք՝
- զբաղվում եք չպաշտպանված սեքսով
- ունեք բազմաթիվ սեռական զուգընկերներ
- տղամարդ եք և սեքսով եք զբաղվում տղամարդկանց հետ
- վարակված եք ՄԻԱՎ-ով՝ վիրուս, որը բերում է ՁԻԱՀ-ի:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022