Skip to main content

Ախտանիշներ - Սիֆիլիս

Սիֆիլիսը զարգանում է փուլերով, և ախտանշանները տարբերվում են յուրաքանչյուր փուլում:

Սակայն փուլերը կարող են համընկնել, և ախտանիշները միշտ չէ, որ դրսևորվում են նույն հաջորդականությամբ: Դուք կարող եք վարակվել սիֆիլիսով՝ տարիներ շարունակ չնկատելով որևէ ախտանիշ:

Սիֆիլիսի զարգացման փուլերը

Առաջնային սիֆիլիս

Սիֆիլիսի առաջին նշանը փոքր խոց է, որը կոչվում է կեղծ շանկր կամ պարզապես շանկր: Շանկրը մաքուր հատակով և հարթ եզրերով կոշտ խոց է, որը հայտնվում է այն տեղում, որտեղից բակտերիաները մտել են ձեր օրգանիզմ: Սիֆիլիսով վարակված մարդկանց մեծամասնության մոտ առաջանում է միայն մեկ շանկր, սակայն որոշ մարդկանց մոտ ի հայտ են գալիս դրանցից մի քանիսը, ինչպես ՄԻԱՎ-ի հետ զուգակցվելիս:

Շանկրը սովորաբար առաջանում է բակտերիայի ազդեցությունից՝ վարակվելուց մոտ երեք շաբաթ անց: Բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն սիֆիլիս, չեն նկատում շանկրը, քանի որ այն սովորաբար անցավ է, որևէ քոր կամ այլ գանգատ չի առաջացում և կարող է թաքնված լինել հեշտոցի կամ ուղիղ աղիքի ներսում: Կանանց մոտ շանկրի ամենատարածված տեղակայումը արգանդի վզիկն է, հետերոսեքսուալ տղամարդկանց մոտ՝ առնանդամը, իսկ հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ՝ հետանցքային խողովակը: Հազվադեպ դրանք այլ տեղակայում ունեն (բերան և այլն):

Շանկրն ինքնուրույն լավանում և անհետանում է երեքից վեց շաբաթվա ընթացքում՝ մինչ այդ առաջացնելով հարակից ավշային հանգույցների այուցվածություն և մեծացում: Սակայն, նույնիսկ եթե շանկրը լավանում է, չբուժվելու դեպքում դուք մնում եք վարակիչ և կարող եք վարակը փոխանցել ձեր սեռական զուգընկերներին:

Երկրորդային սիֆիլիս

Շանկրի ինքնուրույն ապաքինումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում դուք կարող եք ցան ունենալ, որը սկսվում է ձեր իրանից, սակայն ի վերջո ծածկում է ձեր ամբողջ մարմինը, նույնիսկ ձեր ձեռքերի ափերը և ոտքերի ներբանները:

Այս ցանը սովորաբար քոր չի առաջացնում և կարող է ուղեկցվել բերանի կամ սեռական օրգանների շրջանում գորտնուկային վերքերով: Որոշ մարդիկ ունենում են նաև մազաթափություն, մկանային ցավեր, ջերմություն, կոկորդի ցավ և այտուցված ավշային հանգույցներ: Այս նշաններն ու ախտանշանները կարող են անհետանալ մի քանի շաբաթվա ընթացքում կամ անընդհատ հայտնվել և անհետանալ մինչև մեկ տարվա ընթացքում:

Թաքնված (լատենտ) սիֆիլիս

Եթե ​​դուք սիֆիլիսի դեմ բուժում չեք ստանում, ապա հիվանդությունը երկրորդային փուլից տեղափոխվում է թաքնված (լատենտ) փուլ, երբ դուք ախտանիշներ չունեք: Եթե թաքնված սիֆիլիսի վաղ շրջանը կարող է ուղեկցվել ախտանիշների վերադարձով և որոշակիորեն վարակիչ է, ապա ուշ շրջանն ընդհանրապես անախտանիշ է և ավելի քիչ վարակիչ, քան վաղ թաքնված սիֆիլիսը: Թաքնված փուլը կարող է տևել տարիներ: Գանգատներն ու ախտանիշները կարող են երբեք կրկնվել կամ հիվանդությունը կարող է անցնել երրորդ (երրորդային) փուլ:

Երրորդային սիֆիլիս

Սիֆիլիսով վարակված մարդկանց մոտ 15%-30%-ի մոտ, ովքեր բուժում չեն ստանում, զարգանում են բարդություններ, որոնք հայտնի են որպես երրորդային սիֆիլիս: Վերջին փուլում հիվանդությունը կարող է վնասել գլխուղեղը, նյարդերը, աչքերը, սիրտը, արյունատար անոթները, լյարդը, ոսկորները և հոդերը։ Այս խնդիրները կարող են առաջանալ սկզբնական, չբուժված վարակից տարիներ անց:

Նեյրոսիֆիլիս

Ցանկացած փուլում սիֆիլիսը կարող է տարածվել և, ի թիվս այլ վնասների, վնասել գլխուղեղը, նյարդային համակարգը և աչքերը:

Բնածին սիֆիլիս

Սիֆիլիս ունեցող կանանցից ծնված երեխաները կարող են վարակվել ընկերքի միջոցով կամ ծննդաբերության ժամանակ: Բնածին սիֆիլիսով նորածինների մեծ մասը ախտանիշներ չունի, թեև ոմանք ունենում են ցան ձեռքերի ափերի և ոտքերի ներբանների վրա: Հետագայում կարող են զարգանալ խուլություն, ատամների ձևափոխում և թամբաձև քիթ, երբ քիթը թամբաձև ձևախախտում է:

Այնուամենայնիվ, սիֆիլիսով ծնված երեխաները կարող են նաև ծնվել վաղաժամ, մահանալ արգանդում ծնվելուց առաջ կամ մահանալ ծնվելուց հետո:

Ե՞րբ դիմել բժշկին

Զանգեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք որևէ արտասովոր արտադրություն, խոց կամ ցան, հատկապես, եթե դա տեղի է ունենում սեռական օրգանների շրջանում:

Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024