Ուշ սիֆիլիս (սիֆիլիս բարդություններ)
19-04-2020
2 րոպե

Բուժումից դուրս մնալիս սիֆիլիսը կարող է առաջանցել ողջ օրգանիզմի ախտահարում:
Սիֆիլիսը նաև բարձրացնում է ՄԻԱՎ վարակի նկատմամբ ռիսկը, իսկ կանանց մոտ կարող է առաջացնել հղիության կամ ծննդաբերության ընթացքի բարդություններ: Բուժումը կարող է օգնել հետագա բարդությունների կանխարգելմանը, սակայն չի կարող վերականգնել արդեն տեղ գտած խորը վնասումները:
Փոքր գնդեր կամ ուռուցքներ (գումմաներ)
Գումմաները փոքր անցավ գնդեր կամ ուռուցքանման գոյացություններ են, որոնք սիֆիլիսի ուշ փուլերում կարող են առաջանալ մաշկի, ոսկրերի, լյարդի կամ որևէ այլ օրգանի վրա: Սովորաբար հակաբիոտիկներով բուժվելիս գումմաներն աստիճանաբար անհետանում են:
Նյարդաբանական խնդիրներ
Սիֆիլիսը կարող է առաջացնել ձեր նյարդային համակարգի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝
- գլխացավ
- ինսուլտ
- մենինգիտ (ուղեղապատյանի՝ մենինգեալ թաղանթների բորբոքում)
- լսողության կորուստ
- տեսողական խնդիրներ, այդ թվում՝ կուրություն
- դեմենցիա
- ցավի և ջերմաստիճանի զգացողությունների կորուստ
- տղամարդկանց մոտ՝ սեռական դիսֆունկցիա (իմպոտենցիա)
- անմիզապահություն:
Սրտանոթային խնդիրներ
Այս բարդությունները ներառում են օրգանիզմի գլխավոր զարկերակի՝ աորտայի բորբոքումը և անևրիզման, ինչպես նաև այլ արյունատար անոթների ախտահարումը: Սիֆիլիսը կարող է նաև վնասել սրտի փականները:
ՄԻԱՎ վարակ
Սեռական օրգանների վրա շանկր կամ այլ տեսակի խոցեր ունեցող մարդկանց մոտ շուրջ 2-5 անգամ աճում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը: Սիֆիլիսային շանկրը կամ մյուս խոցերը կարող են հեշտությամբ արյնահոսել՝ նպաստելով սեռական հարաբերության ժամանակ ՄԻԱՎ-ի մուտք գործելուն ձեր արյան հուն:
Հղիության և ծննդաբերության բարդություններ
Եթե դուք հղի եք, դուք կարող եք սիֆիլիսը փոխանցել ձեր չծնված երեխային: Բնածին սիֆիլիսը զգալի կերպով բարձրացնում է վիժման, մեռելածնության կամ ծնվելուց հետո մի քանի օրվա ընթացքում նորածնի մահվան ռիսկը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022