Ձեր գանգատները լսելուց հետո բժիշկը կարող է հարցեր ուղղել՝ կապված սիֆիլիսով վարակվելու վերաբերյալ ձեր ռիսկային վարքագծերի հետ, ինչպես նաև զննել ձեր սեռական օրգաններն ու մարմինը՝ հայտնաբերելու հիվանդությանը բնորոշ ախտանիշներ:
Այնուամենայնիվ, սիֆիլիսը հայտնի է որպես «մեծ նմանակող», քանի որ դրա ախտանիշները հիշեցնում են շատ այլ հիվանդություններ: Ուստի, ձեզ մոտ սիֆիլիս կասկածելիս ձեր բժիշիկն ախտորոշումը հաստատելու (կամ ժխտելու) համար պարտադիր նշանակում է որոշ հետազոտություններ:
Լաբորատոր թեստեր
Սիֆիլիսը կարող է ախտորոշվել՝ լաբորատոր թեստի համար օգտագործելով հետևյալ նմուշները:
- Արյուն. արյան թեստերը կարող են հաստատել հակամարմինների առկայությունը, որոնք օրգանիզմն արտադրում է վարակի դեմ պայքարելու համար: Սիֆիլիս առաջացնող բակտերիաների հակամարմինները տարիներ շարունակ մնում են ձեր օրգանիզմում, ուստի թեստը կարող է օգտագործվել ընթացիկ կամ անցյալ վարակը որոշելու համար: Արյան նմուշը նաև կարող է օգտագործվել ավելի սպեցիֆիկ հետազոտության համար, որը կոչվում է պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ), որը թույլ է տալիս հայտնաբերել դժգույն տրեպոնեմային հատուկ գենետիկ առանձնահատկություններ (ԴՆԹ):
- Խոցից (շանկրից) քսուք. սա բաց վերքից նմուշառված քսուքի մեջ բակտերիայի մանրադիտակային հայտնաբերման հետազոտություն է (մթնադաշտային միկրոսկոպիա): Այս հետազոտությունը կարող է հիմք հանդիսանալ միայն սիֆիլիսի շտապ ախտորոշման, և ոչ թե ժխտելու համար: Խոցից վերցված նմուշը նաև կարող է օգտագործվել ՊՇՌ հետազոտության համար:
- Ողնուղեղային հեղուկ. եթե կասկածվում է, որ դուք ունեք սիֆիլիսի նյարդային համակարգի բարդություններ, ձեր բժիշկը կարող է նաև առաջարկել ողնուղեղային հեղուկի նմուշառում գոտկային պունկցիայի միջոցով:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024