Սիֆիլիս

Սիֆիլիսը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է (ՍՃՓՀ), որը հարուցվում է «դժգույն տրեպոնեմա» (Treponema Pallidum) կոչվող բակտերիայով և չբուժվելու դեպքում կարող է առաջացնել ծանր առողջական խնդիրներ:
Սակայն, վաղ հայտնաբերելիս սա հեշտ բուժվող վարակ է, իսկ չբուժելու դեպքում ունի 8-58% մահացություն:
Ներկայում սիֆիլիսը դարձել է հազվադեպ հանդիպող ՍՃՓՀ:
Ի՞նչ է սիֆիլիսը
Սիֆիլիսը բակտերիալ վարակ է, որը սովորաբար տարածվում է սեռական ճանապարհով: Հիվանդությունը սկսվում է որպես անցավ, պինդ և առանց քոր խոց (կոչվում է «կարծր շանկր»), որն առաջանում է կոնտակտի՝ վարակի ձեր օրգանիզմ անցման տեղում, ավելի հաճախ՝ սեռական օրգանների վրա, հետանցի շուրջը կամ բերանում: Սիֆիլիսը հիվանդից առողջին փոխանցվում է այս խոցերի հետ մաշկի կամ լորձաթաղանթաների շփման միջոցով: Վերքը կարող է մնալ 3-6 շաբաթ և անցնել անգամ առանց բուժման: Սա սիֆիլիսի զարգացման առաջին փուլն է, որը կոչվում է «առաջնային սիֆիլիս»:
Առաջնային վարակից 4-10 շաբաթ անց հիվանդությունը ստանում է նոր դրսևորվում՝ որպես տարածուն, հաճախ ձեռքերի ափերն ու ոտքերի ներբաններն ընդգրկող կարմրավարդագույն, չքորվող մաշկային ցանավորում, որը վկայում է սիֆիլիսի հաջորդ փուլի՝ «երկրորդային սիֆիլիսի» մասին: Այս փուլում կարող են վերքեր առաջանալ բերանի խոռոչում կամ հեշտոցում: Սուր ախտանիշները սովորաբար անցնում են 3-6 շաբաթ անց:
Սկզբնական վարակից հետո սիֆիլիսի բակտերիան կարող է ձեր օրգանիզմում տարիներ շարունակ մնալ ոչ ակտիվ («քնած») վիճակում: Սա կոչվում է «թաքնված սիֆիլիս»:
Սիֆիլիսը կարող է նաև փոխանցվել մորից չծնված երեխային հղիության կամ ծննդաբերության ընթացքում: Սա «բնածին սիֆիլիսն» է:
Վաղ սիֆիլիսը կարող է արդյունավետ և անհետևանք բուժվել, երբեմն՝ պենիցիլինի մեկ ներարկմամբ: Սակայն, չբուժվելու դեպքում, սիֆիլիսը կարող է վարակումից 3-15 տարվա ընթացքում բերել սրտի, գլխուղեղի և այլ օրգանների ծանր ախտահարումների (կոչվում է «երրորդային սիֆիլիս»):
Ի՞նչ անել, եթե ես ունեմ սիֆիլիս
Եթե կարծում եք, որ դուք ունեք սիֆիլիս, ապա կարևոր է առանց հետաձգելու այցելել ձեր բժշկին: Հիվանդությունը հաստատվում է լաբորատոր հետազոտությամբ, որից հետո բժիշկը կնշանակի ձեզ բուժում:
Եթե ձեզ մոտ հայտնաբերվել է սիֆիլիս, ապա լավ միտք է, որ դուք հետազոտվեք նաև մյուս սեռավարակների նկատմամբ, օրինակ՝ քլամիդիա, գոնորեա և ՄԻԱՎ:
Կարևոր է նաև, որ մինչև ձեր բուժման լիարժեք ավարտը դուք զերծ մնաք սեռական հարաբերություններից, այդ թվում՝ պահպանակով: Սիֆիլիսը խիստ վարակիչ է, հատկապես զարգացման վաղ շրջաններում:
Շատ կարևոր է նաև, որ դուք տեղեկացնեք ձեր սեռական զուգընկերներին ձեզ մոտ սիֆիլիսի հաստատման մասին, որպեսզի նրանք ևս հետազոտվեն և ըստ անհրաժեշտության բուժում ստանան: Սակայն նկատի ունեցեք, որ ինչպես ախտորոշումը, այնպես էլ բուժումը պետք է իրականացվի և վերահսկվի միայն և միայն բժշկի կողմից:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021