Սիֆիլիս. կանխարգելում
19-04-2020
2 րոպե

Սիֆիլիսի դեմ որևէ պատվաստանյութ գոյություն չունի, սակայն դուք կարող եք կանխարգելել այս վարակը՝ հետևելով մի շարք օգտակար խորհուրդներին:
Ընտրեք անվտանգ սեքս
Անվտանգ սեռական հարաբերությունը սիֆիլիսային վարակի կանխարգելման լավագույն ուղին է: Ուստի, սիֆիլիսի և մյուս սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների (ՍՃՓՀ) կանխարգելման համար կարևոր է, որ՝
- սեռական հարաբերության ժամանակ մշտապես օգտագործեք լատեքսային պահպանակներ
- բերանային (օրալ) սեքսի դեպքում մշտապես օգտագործեք «ատամների պահպանակներ»
- սահամանափակեք ձեր սեռական զուգընկերների թիվը կամ պարզապես ունենաք միայն մեկ առողջ սեռական զուգընկեր
- խուսափեք սիֆիլիսով վարակված, սիֆիլիսին բնորոշ ախտանիշներ ունեցող կամ սիֆիլիսի դեմ բուժվող մարդկանց հետ սեռական կապերից (վերջին դեպքում՝ քանի դեռ բուժումը լիարժեք չի ավարտվել)
- պարբերաբար հետազոտվեք ՍՃՓՀ նկատմամբ
- խուսափեք «ժամանցային» թմրամիջոցներից և ալկոհոլից, հատկապես՝ սեռական հարաբերություններից առաջ և ընթացքում, որոնք կարող են սառեցնել ձեր քննադատական վերաբերմունքը և ձեզ մղել անպաշտպան սեռական վարքագծերի:
Տեղեկացրեք ձեր զուգընկերոջը
Եթե լաբորատոր հետազոտությամբ հաստատվում է սիֆիլիս, ապա այս մասին տեղեկացրեք բոլոր՝ ներկա և վերջին երեք ամսվանից մինչև մեկ տարվա սեռական զուգընկերներին: Նրանք պետք է տեղեկացված լինեն, որ անցնեն սիֆիլիսի հայտնաբերման թեստ, և, եթե հիվանդությունը հաստատվեց, սկսեն բուժումը: Փորձեք սիֆիլիսով վարակված լինելու փաստը սեռական զուգընկերներին հաղորդել հստակ, սակայն՝ գաղտնիությունը պահելով:
Հիշեք նաև, որ քանի դեռ լիարժեք չեք բուժվել, պետք է զերծ մնալ որևէ տեսակի սեռական հարաբերությունից:
Հղի կանանց սքրինինգ
Մարդիկ կարող են սիֆիլիսով վարակված լինել և չիմանալ այդ մասին: Նույն կերպ, սիֆիլիսով հիվանդ հղի կինը կարող է չիմանալով վարակը փոխանցել իր չծնված երեխային: Ուստի, խիստ ցուցված է, որպեսզի հղի կանայք անցնեն սիֆիլիսի հայտնաբերման սքրինինգային հետազոտություն:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022