Վաղ հայտնաբերված սիֆիլիսը կարող է արդյունավետ կերպով բուժվել հակաբիոտիկներով:
Ընդ որում, սիֆիլիսի բուժման համար նախընտրելի հակաբիոտիկը դեպքերի մեծ մասի համար պենիցիլինն է: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ բուժումից 3, 6 և 12 ամիս հետո կրկնեք արյան թեստը, որ գնահատվի բուժման արդյունավետությունը:
Հակաբիոտիկներ
Վաղ ախտորոշվելիս և հիվանդության վաղ շրջաններում հակաբիոտիկներ ստանալիս սիֆիլիսը հեշտությամբ բուժվում է: Սիֆիլիսի բոլոր փուլերում էլ նախընտրելի հակաբիոտիկը Բենզատին բենզիլպենիցիլինն է, որը լավագույնս է ոչնչացնում հարուցիչները:
Բուժման տևողությունը կախված է հիվանդության զարգացման փուլից: Սովորաբար առաջնային, երկրորդային կամ գաղտնի սիֆիլիսի վաղ շրջաններում, այսինքն, երբ դուք ունեք ավելի պակաս, քան մեկ տարվա ընթացք ունեցող հիվանդություն կամ չբարդացած սիֆիլիսի դեպքում խորհուրդ է տրվում Բենզատին բենզիլպենիցիլինի միայն մեկ ներարկում՝ միջմկանային ներարկման ձևով մեկանգամյա դեղաչափ: Հակառակ դեպքում, եթե սիֆիլիսն ունի ավելի քան մեկ տարվա պատմություն, դուք կունենա նաև լրացուցիչ դեղաչափերի կարիք:
Եթե դուք ունեք պենիցիլինի նկատմամբ ալերգիա, բժիշկը կարող է առաջարկել մեկ այլ հակաբիոտիկ, օրինակ՝ Դոքսիցիկլին կամ Տետրացիկլին, կամ խորհուրդ տալ Պենիցիլինի դեսենսիտիզացիա (ապագերզգայունացում):
Վերջին տարիներին սիֆիլիսի բուժման համար հաջողությամբ նշանակվում է նաև երրորդ սերնդի ցեֆալոսպորին համարվող Ցեֆտրիաքսոնը, որն արդյունավետությամբ չի զիջում պենիցիլինի վրա հիմնված բուժմանը:
Նեյրոսիֆիլիս ունեցողիներին խորհուրդ է տրվում ներերակային Բենզիլպենիցիլին կամ Ցեֆտրիաքսոն:
Յարիշ-Հերքսեյմերի ռեակցիա
Բուժման առաջին օրերին ձեզ մոտ կարող են առաջանալ գրիպանման նշաններ՝ ջերմություն, դող և սարսուռ, սրտխառնոց, գլխացավեր և մկանային ցավեր, որոնք սովորաբար մեկ օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում են: Այս ռեակցիան պայմանավորված է ցիտոկիններիով, որոնք արտադրվում են իմունային համակարգի կողմից որպես պատասխան բակտերիաների քայքայման հետևանքով արյան հուն անցած լիպոպրոտեինների:
Բուժման հսկողություն
Սիֆիլիսի դեմ բուժում ստանալուց հետո ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դուք՝
- պարբերաբար անցնեք արյան թեստեր և բուժզննումներ, որոնք թույլ են տալիս գնահատել նշանակված բուժման արդյունավետությունը
- խուսափեք սեռական շփումներից, քանի դեռ ձեր բուժումը ամբողջապես չի ավարտվել և արյան թեստերը չեն հաստատել, որ ձեզ մոտ վարակը բուժված է
- տեղեկացնեք ձեր սեռական զուգընկերներին ձեր հիվանդության մասին, որ նրանք ևս հետազոտվեն և անհրաժեշտության դեպքում բուժում ստանան
- անցնեք ՄԻԱՎ-ի նմատմամբ հետազոտություն:
Ի՞նչ անել, եթե ես հղի եմ
Ընդունված է, որ հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում կամ առաջին նախածննդյան այցելության օրը բոլոր հղիները անցնեն սիֆիլիսի սքրինինգային հետազոտություն:
Եթե ձեզ մոտ սիֆիլիսը հայտնաբերվել է հղիության վաղ շրջանում, բուժումը կարող է նպաստել երեխայի վարակման ռիսկի կրճատմանը: Հղիների մոտ սիֆիլիսի բուժման միակ խորհուրդ տրվող դեղը Բենզատին բենզիլպենիցիլինն է: Պենիցիլինի նկատմամբ ալերգիա ունենալիս ձեզ կարող են առաջարկել Պենիցիլինի դեսենսիտիզացիա (ապագերզգայունացում):
Անկախ բուժում ստանալու հանգամանքից, ձեր նորածին երեխան նույնպես պետք է անցնի սիֆիլիսի նկատմամբ թեստ, որ ժխտվի կամ հաստատվի նրա մոտ բնածին սիֆիլիսի առկայությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024