Դուք ձեր դեռահասի լավագույն պաշտպանն եք՝ օգնելու նրան հաջողության հասնել:
Մասնագիտական բուժումից բացի, կան որոշ քայլեր, որոնք դուք և ձեր դեռահասը կարող եք ձեռնարկե՝ ի նպաստ նրա հոգեկան առողջության:
- Հետևեք բուժման ծրագրին. համոզվեք, որ ձեր դեռահաս երեխան հաճախում է թերապևտիկ հանդիպումներին, նույնիսկ եթե չի ցանկանում գնալ: Նույնիսկ եթե ձեր դեռահասը իրեն լավ է զգում, համոզվեք, որ նա շարունակում է դեղորայք ընդունել, ինչպես նշանակված է: Եթե ձեր դեռահասը դադարի դեղեր ընդունել, դեպրեսիայի ախտանիշները կարող են կրկնվել: Իսկ դեղերի ընդունման հանկարծակի դադարեցումը կարող է առաջացնել հանման ախտանիշներ:
- Իմացեք դեպրեսիայի մասին. կրթությունը կարող է մոտիվացնել ձեր դեռահասին և օգնել նրան, որ հավատարիմ մնա բուժման ծրագրին: Դա կարող է նաև օգտակար լինել ձեզ և մյուս հարազատներին՝ հասկանալու, որ դեպրեսիան բուժելի խնդիր է:
- Ավելի շատ շփվեք ձեր դեռահասի հետ. խոսեք նրա հետ ձեր նկատած փոփոխությունների մասին և ընդգծեք ձեր անվերապահ աջակցությունը: Ստեղծեք միջավայր, որտեղ նա կարող է կիսվել իր մտահոգություններով:
- Ուշադրություն դարձրեք նախազգուշացնող նշաններին. աշխատեք ձեր դեռահաս երեխայի բժշկի կամ թերապևտի հետ՝ իմանալու, թե ինչ կարող է առաջացնել դեպրեսիայի ախտանիշները: Կազմեք ծրագիր, որ դուք և ձեր երեխան իմանաք, թե ինչ անել, եթե ախտանիշները վատթարանան: Խնդրեք ընտանիքի անդամներին կամ ընկերներին, որ օգնեն նախազգուշացնող նշանների հսկողությանը:
- Օգնեք ձեր դեռահաս երեխային, որ ձևավորի առողջ սովորույթներ. ձեր տանը սահմանեք առողջ սնունդ և մի՛ պահեք սառնարանում անառողջ մթերքներ: Խրախուսեք սովորական վարժանքները: Նկատի ունեցեք, որ նույնիսկ թեթև ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել դեպրեսիայի ախտանիշների մեղմացմանը: Քնելուց առաջ լույսերը անջատելու ժամանակ սահմանեք՝ առանց անկողնում էլեկտրոնային սարքեր օգտագործելու, որը կարող է նպաստել քնի որակի և քանակի բարձրացմանը: Եթե ձեր դեռահասը քնի հետ կապված խնդիրներ ունի, խորհրդակցեք բժշկի հետ:
- Օգնեք ձեր դեռահասին, որ խուսափի ալկոհոլից և այլ թմրամիջոցներից. ձեր դեռահաս եչեխան կարող է զգալ, որ ալկոհոլը, մարիխուանան կամ այլ թմրամիջոցները նվազեցնում են դեպրեսիայի ախտանիշները, սակայն երկարաժամկետ հեռանկարում դրանք վատթարացնում են ախտանիշները և դժվարացնում են դեպրեսիայի բուժումը: Խոսեք բժշկի կամ թերապևտի հետ, եթե ձեր դեռահաս երեխան ալկոհոլի կամ թմրամիջոցների օգտագործման դեմ պայքարում օգնության կարիք ունի:
- Վերացրեք կամ սահմանափակեք այն իրերի հասանելիությունը, որոնք ձեր դեռահասը կարող է օգտագործել ինքնավնասման համար. սա կարող է ներառել ատրճանակները տնից հեռացնելը կամ կողպեքի տակ պահելը, ինչպես նաև սուր առարկաները, ալկոհոլը կամ ռիսկային դեղամիջոցները ձեր տնից հեռացնելը, եթե ապրում եք դեպրեսիա ունեցող դեռահասի հետ:
Այլընտրանքային բժշկություն
Համոզվեք, որ դուք և ձեր դեռահաս երեխան հասկանում եք ռիսկերը, ինչպես նաև հնարավոր օգուտները, եթե ձեր դեռահասը դիմի այլընտրանքային կամ հավելյալ բուժման օգնությանը: Մի՛ փոխարինեք դեղորայքային բուժումը կամ հոգեթերապիան այլընտրանքային բժշկությամբ:՝
Որոշ օրինակներ, որոնք կարող են օգնել դեպրեսիայի դեմ պայքարին, ներառում են՝
- ասեղնաբուժություն
- ռելաքսացիոն մեթոդներ, ինչպիսին է խորը շնչառությունը
- յոգա կամ թայ-չի
- մեդիտացիա
- ուղղորդող պատկերացումներ
- մերսում
- երաժշտությամբ բուժում կամ արտ-թերապիա
- հոգևոր օժանդակություն:
Միայն այս մեթոդներին ապավինելը, ընդհանուր առմամբ, բավարար չէ դեպրեսիան բուժելու համար: Սակայն դրանք կարող են օգտակար լինել, երբ օգտագործվում են ի լրումն դեղամիջոցների և հոգեթերապիայի:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024