Skip to main content

Բուժում - Դեռահասության դեպրեսիա

Բուժումը կախված է ձեր դեռահասի դեպրեսիայի ախտանիշների տեսակից և ծանրության աստիճանից:

Խոսակցական թերապիայի (հոգեթերապիա) և դեղորայքի զուգակցումը կարող է շատ արդյունավետ լինել դեպրեսիա ունեցող դեռահասների մեծ մասի համար:

Եթե ձեր դեռահասն ունի ծանր դեպրեսիա կամ գտնվում է ինքնավնասման ռիսկի տակ, կարող է հիվանդանոցում մնալու կարիք ունենալ կամ մասնակցել ամբուլատոր բուժման ծրագրին՝ մինչև ախտանիշները բարելավվեն:

Դեպրեսիայի բուժման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն:

Դեղորայքային բուժում

ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) հաստատել է դեռահասների դեպրեսիայի բուժման երկու դեղամիջոց՝ Ֆլուոքսետին (Պրոզակ) և Էսցիտալոպրամ (Լեքսապրո): Խոսեք ձեր դեռահասի բժշկի հետ դեղորայքի տարբերակների և հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին՝ քննարկելով ակնկալվող օգուտներն ու հնարավոր ռիսկերը:

FDA զգուշացում

Հակադեպրեսանտների մեծ մասը հիմնականում անվտանգ է, սակայն FDA-ն պահանջում է, որ բոլոր հակադեպրեսանտները ունենան դուրս գրման և պահպանման հատուկ կանոններ (սև արկղ): Թեև հազվադեպ, հակադեպրեսանտներ ընդունող որոշ երեխաների, դեռահասների և մինչև 25 տարեկան երիտասարդների մոտ կարող են աճել ինքնասպանության մտքերը կամ վարքագիծը, հատկապես դեղորայքային բուժումը սկսելուց հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում կամ երբ դեղաչափը փոխվում է:

Յուրաքանչյուր ոք, ով հակադեպրեսանտ է ընդունում, պետք է ուշադիր հետևի դեպրեսիայի կամ անսովոր վարքի վատթարացման հնարավոր նշաններին, հատկապես երբ առաջին անգամ է սկսում նոր դեղամիջոց կամ փոփոխված դեղաչափ օգտագործել: Եթե ձեր դեռահասը հակադեպրեսանտ ընդունելիս ինքնասպանության մտքեր ունի, անմիջապես դիմեք ձեր բժշկին կամ շտապ օգնություն կանչեք:

Հակադեպրեսանտի կարիք ունեցող դեռահասների մեծ մասի համար հակադեպրեսանտ ընդունելու օգուտները գերազանցում են ցանկացած ռիսկը: Հիշեք, որ հակադեպրեսանտներն ավելի հավանական է, որ երկարաժամկետ հեռանկարում նվազեցնեն ինքնասպանության ռիսկը՝ բարելավելով տրամադրությունը:

Ճիշտ դեղամիջոց գտնելը

Բոլոր մարդիկ էլ տարբեր են, ուստի ձեր դեռահասի համար ճիշտ դեղորայք կամ դեղաչափ գտնելը կարող է որոշակի փորձեր և սխալներ պահանջել: Սա պահանջում է համբերություն, քանի որ որոշ դեղամիջոցների համար անհրաժեշտ է մի քանի շաբաթ կամ ավելի երկար, որ լիարժեք ազդեցություն դրսևորեն և կողմնակի ազդեցությունները թեթևանան, քանի դեռ օրգանիզմը հարմարվում է ընդունած դեղամիջոցին: Խրախուսեք ձեր դեռահասին, որ շարունակի ընդունել իրեն նշանակած դեղերը:

Դեղերի կառավարումը

Ուշադիր վերահսկեք ձեր դեռահասի կողմից դեղերի օգտագործումը: Ճիշտ ազդելու համար հակադեպրեսանտները պետք է հետևողականորեն ընդունվեն սահմանված դեղաչափերով: Քանի որ չափից մեծ դեղաչափը կարող է վտանգ ներկայացնել դեպրեսիա ունեցող դեռահասների համար, բժիշկը կարող է միաժամանակ դեղահաբերի միայն փոքր պաշարներ նշանակել կամ խորհուրդ տալ այնքան դեղորայք վերցնել, որ ձեր դեռահասը միանգամից մեծ քանակությամբ հաբեր չունենա: Բոլոր հաբերը տանը փակի տակ պահելը մի միջոց է, որն ընտանիքները կարող են ձեռնարկել՝ նվազեցնելու ինքնասպանության ռիսկը:

Եթե ձեր դեռահասը անհանգստացնող կողմնակի բարդություններ ունի, պետք չէ դադարեցնի հակադեպրեսանտ ընդունելն առանց բժշկի հետ նախապես խոսելու: Որոշ հակադեպրեսանտներ կարող են առաջացնել հանման ախտանիշներ, եթե դեղաչափը դանդաղորեն չի նվազեցվել: Դեղամիջոցների հանկարծակի դադարեցումը կարող է առաջացնել դեպրեսիայի կտրուկ վատթարացում:

Հակադեպրեսանտները և հղիությունը

Եթե ձեր դեռահասը հղի է կամ կրծքով կերակրում է, որոշ հակադեպրեսանտներ կարող են մեծ վտանգ ներկայացնել ապագա կամ կերակրվող երեխայի համար: Եթե ձեր դեռահասը հղիանում է կամ նախատեսում է հղիանալ, համոզվեք, որ նա խոսել է բժշկի հետ հակադեպրեսանտ դեղամիջոցների և հղիության ընթացքում դեպրեսիան կառավարելու մասին:

Հոգեթերապիա

Հոգեթերապիան (փսիխոթերապա), որը նաև կոչվում է հոգեբանական խորհրդատվություն կամ խոսակցական թերապիա, դեպրեսիայի բուժման ընդհանուր տերմին է, որը ներառում է դեպրեսիայի և հարակից խնդիրների մասին հոգեկան առողջության մասնագետի հետ զրուցելը: Հոգեթերապիայի տարբեր տեսակներ կարող են արդյունավետ լինել դեպրեսիայի համար, ինչպիսիք են կոգնիտիվ վարքաբանական թերապիան կամ միջանձնային թերապիան:

Հոգեթերապիան կարող է իրականացվել անհատապես, ընտանիքի անդամների հետ կամ խմբով: Կանոնավոր հանդիպումների շնորհիվ ձեր դեռահասը կարող է՝

  • իմանալ դեպրեսիայի պատճառների մասին
  • սովորել, թե ինչպես բացահայտել և փոփոխություններ կատարել անառողջ վարքագծի կամ մտքերի մեջ
  • ուսումնասիրել փոխհարաբերությունները և փորձը
  • գտնել խնդիրները հաղթահարելու և լուծելու ավելի լավ՝ առողջ ուղիներ
  • սահմանել իրատեսական նպատակներ
  • վերականգնել երջանկության և վերահսկողության զգացումը
  • օգնել թեթևացնելու դեպրեսիայի ախտանիշները, ինչպիսիք են հուսահատությունը և զայրույթը
  • հարմարվել ճգնաժամին կամ ընթացիկ այլ դժվարություններին:

Հիվանդանոցային բուժում և բուժման այլ ծրագրեր

Որոշ դեռահասների մոտ դեպրեսիան այնքան ծանր է, որ հիվանդանոցում մնալը դառնում է անհրաժեշտություն, հատկապես, եթե ձեր դեռահասն ինքնավնասման կամ ուրիշին վնասելու ռիսկի տակ է: Հիվանդանոցային հոգեբուժական բուժում ստանալը կարող է օգնել ձեր դեռահասին, որ նա հանգիստ և ապահով պայմաններում գտնվի, քանի դեռ հոգեկան խնդիրների հաղթահարման հմտություններ չի սովորել և անվտանգության ծրագիր չի մշակվել:

Ցերեկային բուժման ծրագրերը նույնպես կարող են օգնել: Այս ծրագրերը տրամադրում են անհրաժեշտ աջակցություն և խորհրդատվություն, քանի դեռ ձեր դեռահասը կարողանում է վերահսկել դեպրեսիայի ախտանիշները:

Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024