Թենիսիստի արմունկը կամ կողմնային էպիկոնդիլիտը հաճախ կապված է գերօգտագործման և մկանային գերլարման հետ:
Այնուամենայնիվ, պատճառը լիրաժեք հասկանալի չէ։ Երբեմն նախաբազկի մկանների, հատկապես՝ դաստակի կարճ ճաճանչային տարածիչ մկանի կրկնվող լարվածությունները կամ պրկումները, որոնք օգտագործվում են ձեռքն ու դաստակն ուղղելու և բարձրացնելու համար, նպաստում են ախտանիշների առաջացմանը: Սա կարող է հանգեցնել նախաբազկի մկանները արմունկի արտաքին մասում գտնվող ոսկրային ցցվածքին կապող ջլի թելքավոր հյուսվածքի միկրոպատռվածքների կամ դեգեներատիվ փոփոխությունների:
Գործողությունները, որոնք կարող են առաջացնել թենիսիստի արմունկի ախտանիշներ, ներառում են հետևյալը՝
- ռակետի օգտագործմամբ մարզաձևով զբաղվելը, հատկապես դաստակի դեպի առաջ պտտմամբ և վատ մարզավիճակով
- սանտեխնիկական գործիքներ օգտագործելը
- պատերը ներկելը կամ սվաղելը
- ափը դեպի վար ծանրության բարձրացնելը
- թաց շորը մզելը
- ավտոմեքենայի փոխանցման տուփի արագությունը փոխելը
- ավլելը
- սղոցելը
- պտուտակահանով աշխատելը
- մթերքներ, հատկապես՝ միս կտրտելը
- չափից դուրս շատ համակարգչային մկնիկ օգտագործելը:
Ավելի հազվադեպ, թենիսիստի արմունկի պատճառ կարող են դառնալ վնասվածքը կամ այնպիսի հիվանդությունը, որն ազդում է օրգանիզմի շարակցական հյուսվածքի վրա: Հաճախ պատճառը հայտնի չէ:
Ռիսկի գործոններ
Որոշ գործոններ կարող են մեծացնել թենիսիստի արմունկի զարգացման ռիսկը:
- Տարիք. թենիսիստի արմունկը հանդիպում է բոլոր տարիքի մարդկանց շրջանում, սակայն առավել տարածված է 30-ից 60 տարեկան չափահասների մոտ:
- Աշխատանք. մարդիկ, ովքեր զբաղվում են դաստակի և ձեռքի կրկնվող շարժումներ պահանջող աշխատանքով, ավելի հավանական է, որ ունենան թենիսիստի արմունկ: Օրինակներից են՝ փականագործներ, ներկարարներ, ատաղձագործներ կամ հյուսներ, մսագործներ և խոհարարներ:
- Որոշ մարզաձևեր. ռակետային մարզաձևով զբաղվելը մեծացնում է թենիսիստի արմունկի ռիսկը: Լավ մարզավիճակ չունենալը կամ վատ մարզական գործիքների ու պարագաների օգտագործումն ավելի է մեծացնում ռիսկը: Օրական երկու ժամից ավելի խաղալը նույնպես մեծացնում է ռիսկը:
Այլ գործոնները, որոնք կարող են մեծացնել ռիսկը, ներառում են ծխելը, գեր լինելը և որոշակի դեղամիջոցներ օգտագործելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024