Թենիսիստի արմունկը, որը նաև հայտնի է որպես կողմնային (լատերալ) էպիկոնդիլիտ, մի վիճակ է, որը կարող է առաջանալ արմունկի մկանների և ջլերի չափից ավելի օգտագործման հետևանքով:
Թենիսիստի արմունկը հաճախ կապված է դաստակի և ձեռքի կրկնվող շարժումների հետ:
Չնայած իր անվանմանը, թենիսիստի արմունկ ունեցող մարդկանց մեծ մասը երբեք թենիս չի խաղում: Որոշ մարդիկ զբաղվում են մի աշխատանքով, որը ներառում է կրկնվող շարժումներ և կարող է հանգեցնել կողմնային էպիկոնդիլիտի: Օրինակներից են՝ փականագործներ, ներկարարներ, ատաղձագործներ կամ հյուսներ և մսավաճառներ: Այնուամենայնիվ, թենիսիստի արմունկը հաճախ չունի որևէ հստակ պատճառ:
Թենիսիստի արմունկի ցավն առաջանում է հիմնականում այնտեղ, որտեղ նախաբազկի մկանների պինդ, թելքավոր հյուսվածքը կպչում է արմունկի արտաքին մասում գտնվող ոսկրային ցցվածքին: Այս հյուսվածքը հայտնի է որպես ջիլ: Ցավը կարող է տարածվել նախաբազկի և դաստակի վրա։
Հանգիստը, ցավազրկող դեղամիջոցները և ֆիզիոթերապիան հաճախ օգնում են թենիսիստի արմունկի թեթևացմանը: Մարդիկ, ում համար այս բուժումները չեն օգնում կամ ունեն ախտանիշներ, որոնք խանգարում են առօրյա կյանքին, կարող են անցնել որևէ միջամտություն, օրինակ՝ ներջլային ներարկում կամ վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024