Թենիսիստի արմունկը կամ կողմնային էպիկոնդիլիտը հաճախ ինքնուրույն լավանում է:
Սակայն, եթե ցավազրկող դեղամիջոցները և այլ ինքնօգնության միջոցները չեն օգնում, հաջորդ քայլը կարող է լինել ֆիզիոթերապիան: Միջամտությունները, ինչպիսիք են տեղային ներարկումները կամ վիրահատությունը, կարող են օգնել, եթե այլ բուժումներով ախտանիշները չեն բարելավվում:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ)
Եթե ախտանշանները կապված են թենիս խաղալու կամ աշխատանքային գործերի հետ, փորձագետը կարող է դիտել, թե ինչպես եք խաղում թենիս կամ կատարում ձեռքի ու դաստակի հետ կապված գործեր կամ ստուգել ձեր աշխատանքային գործիքներն ու սարքավորումները: Սա կատարվում է, որ պարզվի վնասված հյուսվածքի վրա լարվածությունը նվազեցնելու լավագույն միջոցները:
Ֆիզիկական, մասնագիտական կամ ձեռքի թերապևտը կարող է սովորեցնել վարժություններ, որոնք կարող են ամրապնդել նախաբազկի մկաններն ու ջլերը: Նախաբազկի կպչուն ժապավենը կամ ամրակը կարող են նվազեցնել վնասված հյուսվածքի վրա ընկնող լարվածությունը:
Վիրահատական կամ այլ միջամտություններ
Ներարկումներ. թենիսիստի արմունկը բուժելու համար կարող են տուժած ջլի մեջ կատարվել տարբեր տեսակի ներարկումներ: Սովորաբար առաջարկվում է կորտիկոստերոիդների և թրոմբոցիտներով հարուստ պլազմայի տեղային ներարկում: Ավելի քիչ տարածված են բոտուլինումային տոքսին A-ով (բոտեքս) կամ գրգռիչ լուծույթով՝ շաքարաջրով կամ աղաջրով ներջլային ներարկումները, որը հայտնի է որպես պրոլոթերապիա: Չոր (դատարկ) ասեղով ծակումները, որի ժամանակ տարբեր տեղերից ասեղով նրբորեն ծակում են վնասված ջիլը, նույնպես կարող է օգտակար լինել:
Ասեղային ֆենեստրացիա. այս միջամտությունն օգտագործում է գերձայն, որի ուղղորդմամբ ասեղը բազմակի անգամ ներմուծվում է նախապես թմրեցված ջլի միջով: Սա ջլի մեջ խթանում է նոր բուժական գործընթացներ:
Գերձայնային տենոտոմիա, որը կոչվում է TENEX միջամտություն. ինչպես ասեղով ֆենեստրացիան, այս միջամտությունը ևս օգտագործում է գերձայնային հետազոտություն՝ հատուկ ասեղը մաշկի միջով դեպի ջլի վնասված հատվածի մեջ ուղղորդելու համար: Գերձայնային էներգիան այնքան արագ է թրթռացնում ասեղը, որ վնասված հյուսվածքը վերածվում է հեղուկի: Այնուհետև, այդ հեղուկը կարող է ներարկիչով դուրս հանվել:
Էքստրակորպորալ հարվածային ալիքային թերապիա. այս բուժումը ներառում է հարվածային ալիքների ուղորդում վնասված հյուսվածքի վրա՝ ցավը թեթևացնելու և հյուսվածքի ապաքինումը խթանելու համար: Մաշկի վրա տեղադրված գործիքը փոխանցում է հարվածային ալիքները:
Վիրահատություն. եթե այլ բուժումներից 6-12 ամիս հետո ախտանիշներ չեն բարելավվել, բժիշկը կարող է առաջարկել վնասված հյուսվածքը հեռացնելու վիրահատություն: Վիրահատությունը կարող է լինել բաց՝ մեծ կտրվածքով կամ մի քանի փոքր բացվածքների միջոցով (արթրոսկոպիա):
Ինչպիսի բուժում էլ որ ընտրվի, ուժն ամրապնդելու և արմունկի օգտագործումը վերականգնելու համար վարժանքներն առանցքային նշանակություն ունեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024