Փայտացում կամ տետանուս առաջացնող բակտերիան կոչվում է Տետանուսի կլոստրիդիում (Clostridium tetani):
Բակտերիան կարող է գոյատևել «քնած» (սպորային) վիճակում հողի և կենդանիների արտաթորանքի (գոմաղբի) մեջ։ Այն երկար ժամանակ մնում է «փակված» վիճակում, քանի դեռ չի հայտնվել մի վայրում, որտեղ կարող է աճել ու բազմանալ:
Երբ «քնած» բակտերիաները մուտք են գործում վնասված մաշկով, այսինքն՝ հայտնվում են վերքի մեջ, որը լավ պայման է հանդիսանում դրանց աճի համար, բջիջներն «արթնանում են»: Clostridium Tetani-ն անաերոբ բակտերիա է, ինչը նշանակում է, որ այն կարողանում է աճել և բազմանալ միայն այնտեղ, որտեղ թթվածինը բացակայում է, օրինակ՝ խորը կամ փակված վերքերի մեջ:
Երբ տետանուսի հարուցիչներն աճում և բազմանում են, արտազատում են տետանոսպազմին կոչվող թույն (տոքսին): Այս թույնը խաթարում է կմախքային (միջաձիգ-զոլավոր) մկանների գործունեությունը վերահսկող նյարդային վերջավորությունները: Որպես հետևանք, զարգանում է մկանների կծկման խանգարում և տետանուսին բնորոշ ախտանիշներ:
Հիվանդությունը չի փոխանցվում վարակված անձից առողջ անձին և չի տարածվում մարդկանց միջև, սակայն կարող է տարածվել կենդանիների կծածներով: Հազվադեպ, վարակումը լինում է վիրահատության, ներմկանային կամ ենթամաշկային ներարկումների կամ կոտրվածքների պատճառով:
Ռիսկի գործոններ
Տետանուսային վարակի ամենամեծ ռիսկի գործոնն այս վարակի դեմ պատվաստված չլինելն է կամ 10 տարին մեկ բուստերային ներարկումների ժամանակցույցին չհետևելը:
Տետանուսի ռիսկը մեծացնող այլ ռիսկի գործոնները ներառում են հետևյալը՝
- հողով կամ գոմաղբով աղտոտված կտրվածքներ, քերծվածքներ կամ վերքեր
- օտար մարմին վերքի մեջ, օրինակ՝ մեխ, մետաղական մանր կտորներ, ծլեպներ կամ ժանգի մասնիկներ
- իմունիտետն ընկճող առողջական վիճակների պատմություն
- դիաբետ ունեցող մարդկանց մոտ վարակված մաշկային ախտահարումներ
- վարակված պորտալար, երբ մայրը լիարժեք պատվաստված չէ
- ապօրինի թմրամիջոցների, մասնավորապես՝ հերոինի ենթամաշկային ներարկում ոչ ստերիլ կամ համատեղ օգտագործման ասեղներով և ներարկման այլ պարագաներով:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024