Տետանուսային վարակը պահանջում է անհետաձգելի և երկարաժամկետ օժանդակող բուժօգնություն՝ մինչ հիվանդությունն ընթանում է իր ընթացքով, հաճախ՝ վերակենդանացման բաժանմունքում:
Ցանկացած վերք բուժվում և խնամվում է, և բժշկական անձնակազմը համոզվում է, որ հիվանդի շնչելու ունակությունը պաշտպանված է: Սովորաբար տրվում են դեղամիջոցներ, որոնք թեթևացնում են ախտանիշները, ոչնչացնում են բակտերիաները, չեզոքացնում են բակտերիաների կողմից արտադրվող թույնը (տոքսինը) և խթանում են իմունային համակարգի արձագանքը:
Հիվանդությունը զարգանում է մոտ երկու շաբաթ, իսկ վերականգնումը կարող է տևել մոտ մեկ ամիս։
Վերքի խնամք
Ձեր վերքի խնամքը պահանջում է մաքրում և վիրաբուժական մշակում, որ հեռացվեն կեղտը կամ օտար մարմիններն ու մասնիկները, որոնք կարող են իրենց մեջ բակտերիաներ պահել: Ձեր բուժող թիմը նաև կհեռացնի վերքային մեռուկացած հյուսվածքները, որոնք կարող են բարենպաստ միջավայր ստեղծել տետանուսի բակտերիաների աճի համար:
Դեղորայքային բուժում
- Հակաթունային (անտիտոքսինային) բուժումն օգտագործվում է թույների (տոքսինների) վնասազերծման համար, որոնք դեռ չեն հասցրել վնասել նյարդային հյուսվածքները: Այս բուժումը, որը կոչվում է պասիվ իմունիզացիա, իրենից ներկայացնում է թույնի նկատմամբ մարդու հակամարմինների (իմունոգլոբուլինների) ներարկում:
- Հանգստացնող (սեդատիվ) միջոցները, որոնք դանդաղեցնում են նյարդային համակարգի գործառույթը, կարող են օգնել մկանային կծկանքների (սպազմերի) վերահսկմանը:
- Տետանուսի դեմ ստանդարտ պատվաստումներից մեկնումեկի միջմկանային ներարկումը կարող է խթանել իմունային համակարգին, որ վերջինս միանա թույների (տոքսինների) դեմ պայքարին:
- Հակաբիոտիկները, որոնք կարող են տրվել բերանային (օրալ) կամ ներարկային, կարող են օգնել տետանուսի բակտերիաների դեմ պայքարին:
- Այլ դեղամիջոցներ. ակամա մկանային ակտիվությունը կարգավորելու համար, ինչպիսիք են սրտի կծկումները և շնչառական շարժումները, կարող են նշանակվել այլ խմբերի դեղամիջոցներ: Օրինակ, Մորֆինը կարող է օգտագործվել ինչպես այս նպատակով, այնպես էլ որպես հանգստացնող (սեդատիվ) միջոց:
Օժանդակող բուժում և խնամք
Օժանդակող թերապիաները ներառում են բուժումներ՝ համոզվելու, որ ձեր շնչուղիները մաքուր են, ինչպես նաև օժանդակող շնչառություն կամ թթվածին տրամադրելու համար: Ստամոքսի մեջ տեղադրված խողովակը (նազոգաստրալ զոնդ) օգնում է համարժեք սնուցման ապահովմանը: Խնամքի միջավայրը նախատեսված է նվազեցնելու ձայները, լույսը կամ գեներալիզացված սպազմերի այլ հնարավոր հրահրիչները:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024