Վարակումից մինչև գանգատների և ախտանիշների ի հայտ գալը (գաղտնի կամ ինկուբացիոն շրջան) միջին ժամանակը 10 օր է:
Այս շրջանը կարող է տատանվել 3-ից մինչև 21 օր:
Ընդհանրացված (գեներալիզացված) տետանուս
Փայտացման կամ տետանուսի ամենատարածված տեսակը կոչվում է ընդհանրացված կամ տարածուն (գեներալիզացված) տետանուս: Գանգատներն ու ախտանիշները սկսվում են աստիճանաբար, իսկ հետո աստիճանաբար վատթարանում են երկու շաբաթվա ընթացքում: Դրանք սովորաբար սկսվում են ծնոտից և տարածվում են պարանոցով և իրանով դեպի ներքև:
Գեներալիզացված տետանուսի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- մկանային ցավոտ կծկանքներ (սպազմ) և ծնոտի մկանների ձգվածություն կամ անշարժություն (կարկամություն կամ ռիգիտություն), որը նաև կոչվում է ծամիչ մկանների սպազմ (տրիզմ)
- շրթունքները շրջապատող մկանների լարվածություն, որը երբեմն առաջացնում է մշտական ժպտալու միմիկա (սարդոնիկ ժպիտ)
- պարանոցային մկանների ցավոտ կծկանք (սպազմ) և կարկամություն (ռիգիտություն)
- կուլ տալու դժվարություն
- ձգված կամ կարկամված (ռիգիտ) որովայնային մկաններ:
Տետանուսի հարաճուն զարգացումը հանգեցնում է կրկնվող և ցավոտ, ցնցումների նմանվող կծկանքների կամ ջղաձգումների, որոնք տևում են մի քանի րոպե (գեներալիզացված սպազմներ): Սովորաբար պարանոցն ու մեջքի կամարը, ոտքերը դառնում են անշարժ և ձգված (կարկամված կամ ռիգիտ), ձեռքերը ձգվում են դեպի մարմինը, իսկ բռունցքները սեղմվում են։ Պարանոցի և որովայնի մկանների ռիգիտությունը կարող է առաջացնել շնչառության դժվարություններ, իսկ մեջքի մկանների կծկանքի արդյունքում իրանը կարող է ստանալ կամարի տեսք, որը կոչվում է օպիստոտոնուս։
Այս ծանր կծկանքները և ջղաձգումները կարող են առաջանալ աննշան իրադարձություններից, որոնք խթանում են զգայարանները` բարձր ձայն, ֆիզիկական հպում, միջանցիկ քամի կամ լույս:
Հիվանդության զարգացմանը զուգընթաց կարող են ավելանալ այլ գանգատներ և ախտանիշներ, օրինակ՝
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- արագացած սրազարկ (հաճախասրտություն կամ տախիկարդիա)
- բարձր ջերմություն
- ուժեղ քրտնարտադրություն:
Տեղային (լոկալիզացված) տետանուս
Տետանուսի այս հազվադեպ ձևը հանգեցնում է վերքին մոտ մկանների կծկանքի (սպազմի): Սա հաճախ հիվանդության ավելի քիչ ծանր ձև է, սակայն կարող է վերաճել գեներալիզացված տետանուսի:
Գլխային (ցեֆալիկ) տետանուս
Տետանուսի այս հազվադեպ ձևն առաջանում է գլխի վերքից և հանգեցնում է դեմքի մկանների թուլացման և ծնոտի մկանների կծկանքների (տրիզմ): Այն նաև կարող է անցնել գեներալիզացված տետանուսի:
Ե՞րբ դիմել բժշկին
Տետանուսը կյանքին սպառնացող հիվանդություն է: Եթե ունեք տետանուսի գանգատներ կամ ախտանիշներ, անմիջապես դիմեք անհետաձգելի բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Եթե ունեք սովորական, մաքուր վերք և վերջին 10 տարվա ընթացքում ստացել եք փայտացման դեմ պատվաստում, կարող եք ձեր վերքը բուժել տանը:
Դիմեք բուժօգնության հետևյալ դեպքերում՝
- դուք չեք ստացել փայտացման դեմ պատվաստանյութ վերջին 10 տարվա ընթացքում
- դուք համոզված չեք, թե երբ եք վերջին անգամ ստացել փայտացման դեմ պատվաստանյութ
- դուք ունեք ծակած վերք, վերքի մեջ օտար մարմին, կծած վերք կամ խոր կտրված վերք
- ձեր վերքն աղտոտվել է կեղտով, հողով, կղանքով, ժանգով կամ թքով կամ դուք կասկած ունեք, որ չեք մաքրել կամ չեք մշակել վերքը նման վնասվածքից հետո (աղտոտված վերքերը պահանջում են բուստերային պատվաստում, եթե վերջին 5 տարվա մեջ կանխարգելիչ պատվաստում չեք ստացել):
Հոդվածը հրապարակվել է՝ 25-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024