Կոկորդի քաղցկեղը վերաբերում է այն չարորակ նորագոյացություններին, որոնք զարգանում են ձեր ըմպանում կամ կոկորդում:
Իրականում, «կոկորդի քաղցկեղն» ավելի շատ ընդհանրական անվանում է, քան ճշգրիտ բժշկական տերմին: Կոկորդի (բկի) ներսում կան տարբեր անատոմիական շրջաններ, որոնք ունեն իրենց սեփական անվանումները: Ուստի, դուք կարող եք խնդրել ձեր բժշկին, որ տեղեկացնի (կամ թղթի վրա նշի) ձեր քաղցկեղի կոնկրետ տեղակայումը և անվանումը:
Ձեր կոկորդը (բուկը) մկանային խողովակ է, որը սկսվում է ձեր քթի խոռոչի ետևից և ավարտվում պարանոցում՝ ներառելով ձեր ըմպանը և ձեր «բուն» կոկորդը:
- Ըմպանը (ֆարինքս) մարսողական խողովակի և շնչառական ուղու այն մասն է, որը գործում է որպես կապող օղակ մի կողմից քթի և բերանի խոռոչների և մյուս կողմից՝ կերակրափողի և կոկորդի միջև։
- Կոկորդը (լարինքս) շնչառական համակարգի այն հատվածն է, որը կապում է ըմպանը շնչափողի հետ և ներառում է ձայնային ապարատը: Այն ունի աճառային կմախք և պարունակում է ձայնային ծալքեր (ձայնալարեր), որոնք թրթռում են՝ արտաբերելով ձայնային հնչյուններ, երբ խոսում եք:
Այս և հարակից հոդվածներում մենք կօգտագործենք ընդհանրական «կոկորդի քաղցկեղ» անվանումը, որը ներառում է ինչպես ըմպանի, այնպես էլ կոկորդի քաղցկեղները:
Կոկորդի քաղցկեղն առավել հաճախ սկսվում է տափակ բջիջներից, որոնք ծածկում են ձեր կոկորդի ներքին մակերևույթը (էպիթել):
Կոկորդի քաղցկեղի տեսակները
Թեև կոկորդի քաղցկեղների մեծամասնությունը ներառում է նույն տեսակի բջիջներ, բժիշկներն օգտագործում են առանձնահատուկ անվանումներ՝ տարբերակելու կոկորդի այն անատոմիական շրջանը, որտեղից առաջացել է քաղցկեղը:
- Քիթըմպանային (նազոֆարինգեալ) քաղցկեղը սկսվում է ըմպանի քթային մասից կամ քիթըմպանից՝ ըմպանի այն շրջանը, որը գտնվում է ձեր քթի խոռոչի անմիջապես ետևում:
- Բերանըմպանային (օրոֆարինգեալ) քաղցկեղը սկսվում է ըմպանի բերանային մասից՝ բերանըմպանից՝ ըմպանի այն շրջանը, որը գտնվում է ձեր բերանի խոռոչի անմիջապես ետևում և ներառում է ձեր նշագեղձերը (տոնզիլներ):
- Ենթաըմպանային (հիպոֆարինգեալ) կամ կոկորդըմպանային (լարինգոֆարինգեալ) քաղցեղը սկսվում է ըմպանի կոկորդային մասից՝ ենթաըմպանից (կոկորդըմպանից)՝ ձեր ըմպանի ստորին հատվածը, որը գտնվում է ձեր կերակրափողից և շնչափողից անմիջապես վերև:
- Ձայնաճեղքի (գլոտիկ) քաղցկեղը սկսվում է ձայնալարերից:
- Վերձայնաճեղքային (սուպրագլոտիկ) քաղցկեղը սկսվում է ձայնային ապարատի վերին հատվածից և ներառում է սննդի՝ շնչափողի մեջ ընկնելը կանխող կենտ աճառը՝ մակկոկորդն ախտահարող քաղցկեղը:
- Ենթաձայնաճեղքային (սուբգլոտիկ) քաղցկեղը սկսվում է ձայնային ապարատի ստորին հատվածից՝ ձայնալարերի տակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-08-2023
Վերջին վերանայում՝ 28-04-2024