Կոկորդի քաղցկեղն ախտորոշելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ հետազոտությունները և միջամտությունները:
- Սկոպիկ գործիքների օգտագործում՝ ձեր կոկորդն ավելի մոտիկից զննելու համար. ձեր բժիշկը կարող է օգտագործել հատուկ լուսավորված սկոպիկ գործիք (էնդոսկոպ)՝ ձեր կոկորդը ներսից դիտելու համար: Էնդոսկոպի ազատ ծայրին ամրացված տեսախցիկը պատկերները փոխանցում է տեսաէկրանին, որը թույլ է տալիս ձեր բժիշկին, որ հայտնաբերի ըմպան-կոկորդում առկա կառուցվածքային կամ այլ փոփոխությունները: Մեկ այլ տեսակի էնդոսկոպիկ գործիքը՝ լարինգոսկոպը, կարող է զգուշությամբ ներմուծվել ձեր կոկորդի մեջ: Այն ունի խոշորացույց, որն օգնում է ձեր բժշկին, որ հետազոտի ձեր ձայնալարերը և հարակից շրջանները: Այս միջոցառումը կոչվում է լարինգոսկոպիա:
- Լաբորատոր հետազոտման համար հյուսվածքային նմուշի հեռացում (բիոպսիա). եթե էնդոսկոպիայի կամ լարինգոսկոպիայի ընթացքում հայտնաբերվում են կասկածելի փոփոխություններ, ձեր բժիշկը կարող է վիրաբուժական գործիքներ անցկացնել սկոպիկ խողովակով՝ հյուսվածքային նմուշ վերցնելու համար, որն ուղարկվում է լաբորատոր հետազոտման: Լաբորատորիայում հատուկ պատրաստված բժիշկները (ախտաբաններ կամ պաթոլոգներ) կստուգեն նմուշառված հյուսվածքում քաղցկեղի նշանները: Հյուսվածքային նմուշը նաև կարող է հետազոտվել մարդու պապիլոմավիրուսի (HPV) նկատմամբ, քանի որ այս վիրուսի առկայությունն ազդում է կոկորդի քաղցկեղի որոշ տեսակների բուժման տարբերակների ընտրության վրա:
- Պատկերային հետազոտություններ. պատկերային հետազոտությունները, ներառյալ համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՏԸ) և պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ), կարող են օգնել ձեր բժշկին, որ գնահատի քաղցկեղի տարածումը ձեր կոկորդի կամ ձայնային ապարատից այն կողմ:
Կոկորդի քաղցկեղի փուլի որոշումը
Երբ կոկորդի քաղցկեղն ախտորոշվում է, հաջորդ քայլը քաղցկեղի տարածումը (փուլը) որոշելն է: Փուլի սահմանումն օգնում է ձեր բուժման տարբերակների ընտրությանը և հիվանդության կանխատեսմանը (պրոգնոզ):
Կոկորդի քաղցկեղի փուլը նշանակվում է հռոմեական I-ից IV թվանշաններով: Կոկորդի քաղցկեղի յուրաքանչյուր ենթատեսակ ունի փուլավորման իր չափորոշիչները: Ընդհանուր առմամբ, կոկորդի քաղցկեղի I փուլը ցույց է տալիս ավելի փոքր ուռուցք, որը սահմանափակվում է կոկորդի միայն մեկ հատվածում: Ավելի բարձր փուլերը մատնանշում են ավելի տարածված քաղցկեղ, ընդ որում, IV փուլն ամենատարածուն քաղցկեղն է, երբ ուռուցքը տարածվել է (մետաստազավորվել է) ավշային հանգույցների կամ այլ օրգանների վրա։
Հոդվածը հրապարակվել է՝ 02-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024