Skip to main content

Բուժում - Կոկորդի քաղցկեղ

Ձեր բուժման տարբերակները հիմնված են բազմաթիվ գործոնների վրա, ինչպիսիք են ձեր կոկորդի քաղցկեղի տեղակայումը և փուլը, ներգրավված բջիջների տեսակը, դրանց մարդու պապիլոմավիրուսով (HPV) վարակված լինելու նշանները, ձեր ընդհանուր առողջական վիճակը և ձեր անձնական նախապատվությունը:

Քննարկեք ձեր բժշկի հետ ձեր բուժման յուրաքանչյուր տարբերակի առավելություններն ու ռիսկերը: Միասին դուք կարող եք որոշել, թե որ բուժումներն առավել հարմար կլինեն և օգուտ կտան կոնկրետ ձեր իրավիճակում:

Ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան կամ ռադիոթերապիան օգտագործում է բարձր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյանը և պրոտոնայինը՝ քաղցկեղային բջիջները ճառագայթմամբ ոչնչացնելու համար:

Ճառագայթային թերապիան կարող է տրվել ձեր մարմնից դուրս գտնվող մեծ մեքենայով (արտաքին փնջային ճառագայթում), երբ ճառագայթային փունջն ուղղվում է ձեր պարանոցի վրա կամ փոքր ռադիոակտիվ հատիկներով և լարերով, որոնք տեղադրվում են ձեր մարմնի ներսում՝ քաղցկեղին հնարավորինս մոտ (բրախիթերապիա):

Փոքր կամ ավշային հանգույցների վրա չտարածված կոկորդի քաղցկեղի դեպքում ճառագայթային թերապիան կարող է լինել միակ անհրաժեշտ բուժումը: Ավելի տարածված կոկորդի քաղցկեղի դեպքում ճառագայթային թերապիան կարող է զուգակցվել քիմիոթերապիայի կամ վիրահատության հետ: Շատ տարածված կոկորդի քաղցկեղի դեպքում ճառագայթային թերապիան կարող է խորհուրդ տրվել գանգատներն ու ախտանիշները մեղմացնելու և ձեր կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար:

Վիրահատություն

Վիրահատական միջամտությունների տեսակները, որոնք կարող եք քննարկել ձեր կոկորդի քաղցկեղի բուժման համար, կախված են ձեր քաղցկեղի տեղակայումից և փուլից: Ընտրանքները կարող են ներառել հետևյալը:

  • Վիրահատություն կոկորդի փոքր քաղցկեղի կամ այն քաղցկեղի համար, որը չի տարածվել ավշային հանգույցների վրա. կոկորդի քաղցկեղը, որը սահմանափակված է կոկորդի մակերևույթով կամ ձայնալարերով, կարող է բուժվել էնդոսկոպիկ վիրահատությամբ: Ձեր բժիշկը կարող է էնդոսկոպ տեղադրել ձեր ըմպանի կամ կոկորդի մեջ, որի միջոցով անցկացնել հատուկ վիրաբուժական գործիքներ կամ կիրառել լազեր: Օգտագործելով այս գործիքները՝ ձեր բժիշկը կարող է քերել, կտրել կամ լազերի դեպքում՝ այրել շատ մակերեսային քաղցկեղային հյուսվածքը:
  • Կոկորդի ամբողջական կամ մի մասի հեռացման վիրահատություն (լարինգէկտոմիա). փոքր ուռուցքների դեպքում ձեր բժիշկը կարող է հեռացնել ձեր կոկորդի այն հատվածը, որն ախտահարվել է քաղցկեղով՝ թողնելով հնարավորինս մեծ չափի կոկորդ: Նման դեպքերում կարող են պահպանել ձեր նորմալ խոսելու և շնչելու ունակությունը: Ավելի մեծ կամ ավելի տարածված ուռուցքների դեպքում կարող է անհրաժեշտ լինել հեռացնել ձեր ամբողջ կոկորդը՝ ձայնալարերով հանդերձ: Նման իրավիճակում ձեր շնչափողը միացվում է ձեր պարանոցի առջևում ձևավորած վիրահատական բացվածքին (ստոմա), որը թույլ է տալիս, որ դուք շնչեք: Սա կոչվում է տրախեոտոմիա: Եթե ​​հեռացվում է ձեր ամբողջ կոկորդը, դուք ունեք ձեր խոսքի վերականգնման մի քանի տարբերակ: Դուք կարող եք աշխատել խոսքի պաթոլոգի հետ, որ սովորեք խոսել առանց ձեր կոկորդի:
  • Ըմպանի մի մասի հեռացման վիրահատություն (ֆարինգէկտոմիա). ավելի փոքր կոկորդի քաղցկեղը կարող է պահանջել վիրահատության ընթացքում ձեր ըմպանի միայն փոքր մասի հեռացում: Ըմպանի չհեռացված մասերը կարող են վիրահատությամբ վերականգնվել այնպես, որ թույլ տան ձեզ հնարավորինս նորմալ կուլ տալ սնունդը: Ձեր ըմպանի ավելի մեծ հատվածի հեռացման վիրահատությունը սովորաբար նաև ներառում է կոկորդի հեռացում՝ ձայնալարերով հանդերձ:
  • Քաղցկեղային ավշային հանգույցների հեռացման վիրահատություն (պարանոցային դիսեկցիա). եթե ​​կոկորդի քաղցկեղը տարածվել է ձեր պարանոցի խորը հյուսվածքներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ վիրահատություն՝ հեռացնելու որոշ կամ բոլոր ավշային հանգույցները՝ ստուգելու, թե արդյոք դրանք պարունակում են քաղցկեղային բջիջներ:

Վիրահատությունը պարունակում է արյունահոսության և վարակի ռիսկ: Այլ հնարավոր բարդությունները, ինչպիսիք են խոսելու կամ կուլ տալու դժվարությունը, կախված են կոնկրետ միջամտությունից, որին ենթարկվել եք:

Քիմիոթերապիա

Քիմիոթերապիան օգտագործում է հատուկ դեղամիջոցներ, որոնք կարող են ոչնչացնել արագ աճող, այդ թվում՝ քաղցկեղային բջիջները:

Կոկորդի քաղցկեղի բուժման մեջ քիմիոթերապիան հաճախ օգտագործվում է ճառագայթային թերապիայի հետ միասին: Որոշ քիմիոթերոպիայի դեղամիջոցներ քաղցկեղային բջիջներն ավելի զգայուն են դարձնում ճառագայթային թերապիայի նկատմամբ: Այնուամենայնիվ, քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայի համատեղումը նաև մեծացնում է այս երկու բուժումների կողմնակի ազդեցությունները:

Քննարկեք ձեր բժշկի հետ այն կողմնակի ազդեցությունները, որոնք դուք հավանաբար կզգաք, և նաև միասին գնահատեք այն հարցը, թե արդյոք համակցված բուժումները կառաջարկեն օգուտներ, որոնք գերազանցում են հնարավոր անցանկալի ազդեցությունները:

Թիրախային դեղորայքային թերապիա

Թիրախային դեղամիջոցները բուժում են կոկորդի քաղցկեղը՝ ազդելով քաղցկեղային բջիջների այն առանձնահատուկ կամ «թույլ կետերի» վրա, որոնք նպաստում են դրանց աճին:

Օրինակ, Ցետուքսիմաբ (Էրբիտուքս) դեղամիջոցը թիրախային թերապիայի դեղամիջոց է, որը հաստատված է որոշակի իրավիճակներում կոկորդի քաղցկեղի բուժման համար: Ցետուքսիմաբը դադարեցնում է որոշակի սպիտակուցի գործառույթը, որը հայտնաբերվել է առողջ բջիջների բազմաթիվ տեսակներում, սակայն ավելի տարածված է կոկորդի քաղցկեղի որոշ տեսակների մեջ:

Ներկայում օգտագործվում են և կլինիկական փորձարկումներով շարունակվում են ուսումնասիրվել այլ թիրախային դեղամիջոցներ ևս: Թիրախային դեղամիջոցները կարող են նշանակվել միայնակ կամ քիմիոթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հետ միասին:

Իմունոթերապիա

Իմունոթերապիան ներգրավում է ձեր իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարին: Ձեր օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող վնաս պատճառել ձեր քաղցկեղին, քանի որ քաղցկեղային բջիջները արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են նրանց, որ «թաքնվեն» իմունային համակարգի բջիջներից: Իմունոթերապիան ազդում է՝ խոչընդոտելով այդ գործընթացը։

Իմունոթերապիայի բուժումները հիմնականում վերապահված են արդեն տարածված կոկորդի քաղցկեղով մարդկանց համար, ովքեր չեն արձագանքում ստանդարտ բուժմանը:

Հետբուժական վերականգնում (ռեաբիլիտացիա)

Կոկորդի քաղցկեղի բուժումը հաճախ հանգեցնում է բարդությունների, որոնք կարող են պահանջել մասնագետների հետ աշխատանք՝ վերականգնելու կուլ տալու, պինդ սնունդ ուտելու և խոսելու ունակությունը: Կոկորդի քաղցկեղի բուժման ընթացքում և դրանից հետո ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դիմեք հավելյալ օգնության, եթե՝

  • ենթարկվել եք տրախեոստոմիայի, և ձեր կոկորդի վիրաբուժական բացվածքը (ստոմա) ունի խնամքի կարիք
  • ունեք սնվելու հետ կապված դժվարություններ
  • ունեք կուլ տալու դժվարություններ
  • ձեր պարանոցում զգում եք կարկամություն և ցավ
  • ունեք խոսքի հետ կապված խնդիրներ:

Ձեր բժիշկը նաև կարող է ձեզ հետ քննարկել ձեր բուժման հնարավոր կողմնակի ազդեցությունները և բարդությունները:

Օժանդակող (պալիատիվ) խնամք

Պալիատիվ խնամքը մասնագիտացված բժշկական օգնություն է, որը կենտրոնանում է ցավը և ծանր հիվանդության այլ ախտանիշներն առավելագույնս նվազեցնելու վրա: Պալիատիվ խնամքի մասնագետները աշխատում են ձեր, ձեր ընտանիքի և ձեր մյուս բժիշկների հետ՝ տրամադրելու լրացուցիչ աջակցության շերտ, որը լրացնում է ձեր շարունակական խնամքը: Պալիատիվ խնամքը կարող է օգտագործվել այլ ագրեսիվ բուժումների ժամանակ, ինչպիսիք են վիրահատությունը, քիմիոթերապիան կամ ճառագայթային թերապիան:

Երբ պալիատիվ խնամքն իրականացվում է բոլոր մյուս համապատասխան բուժումների հետ միասին, քաղցկեղով հիվանդ մարդիկ կարող են իրենց ավելի լավ զգալ և ավելի երկար ապրել:

Պալիատիվ խնամքը տրամադրվում է բժիշկների, բուժքույրերի և հատուկ պատրաստված այլ մասնագետների կողմից: Պալիատիվ խնամքի անձնակազմները նպատակ ունեն բարելավել քաղցկեղով հիվանդ մարդկանց և նրանց ընտանիքների կյանքի որակը:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024