Առողջական խնդիրներ
Թրոմբոցիտոզ (արյան թիթեղիկների քանակի բարձրացում)

3 րոպե
Թրոմբոցիտոզը կամ թրոմբոցիտեմիան ախտաբանական վիճակ է, որի ժամանակ ունեք արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) նորմայից բարձր քանակ:
Արյան թիթեղիկները կամ թրոմբոցիտներն արյան անգույն բջիջներ են, որոնք ակտիվորեն մասնակցում են մակարդման գործընթացներին՝ սկսած սկզբնական փուլերից: Դրանք դադարեցնում են արյունահոսությունը՝ անմիջականորեն մասնակցելով արյունատար անոթի վնասվածքի տեղում մակարդուկի ձևավորմանը (թրոմբ):
Թրոմբոցիտոզը կամ թրոմբոցիտեմիան առողջական խնդիր է, երբ ձեր ոսկրածուծն արտադրում է չափից դուրս շատ արյան թիթեղիկներ:
Նման վիճակը կոչվում է «ռեակտիվ թրոմբոցիտոզ» կամ «երկրորդային թրոմբոցիտոզ», եթե առաջանում է այլ հիվանդության պատճառով, օրինակ՝ վարակ: Ավելի հազվադեպ, երբ արյան թիթեղիկների քանակի աճը որևէ հիվանդության հետ կապված չէ, բժիշներն անվանում են «առաջնային թրոմբոցիտեմիա» կամ «էսենցիալ թրոմբոցիտեմիա»:
Բժիշկը թրմբոցիտների քանակի նորման գերազանցող աճը հայտնաբերում են սովորական արյան ընդհանուր հետազոտությամբ, որից հետո պետք է ճշտել՝ արդյոք առկա է ռեակտիվ թրոմբոցիտոզ, թե՞ էսենցիալ թրոմբոցիտեմիա, քանի որ դրանք պահանջում են տարբեր բուժումներ:
Պատճառներ
Ոսկրածուծը ձեր ոսկրերում առկա սպունգանման հյուսվածք է, որը պարունակում է ցողունային բջիջներ: Ցողունային բջիջներից առաջանում են ձեր արյան բոլոր երեք տեսակի բջիջները կամ ձևավոր տարրերը՝ արյան կարմիր գնդիկներ (էրիթրոցիտներ), արյան սպիտակ գնդիկներ (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ): Արյան թիթեղիկներն առանցքային մասնակցություն ունեն արյան մակարդման գործընթացներին, ուստի դրանց քանակի շատացումը՝ թրոմբոցիտոզը հաճախ բերում է արյան մակարդելիության խանգարման:
Ռեակտիվ թրոմբոցիտոզի պատճառները
Սա թրոմբոցիտոզի ավելի տարածված տեսակ է: Այն զարգանում է մեկ այլ հիվանդության կամ առողջական խնդրի պատճառով, օրինակ՝
- սուր արյունահոսություն կամ արյան կորուստ
- քաղցկեղ
- վարակներ
- երկաթի պակաս (դեֆիցիտ)
- փայծաղի հեռացում (սպլենէկտոմիա)
- հեմոլիտիկ անեմիա (երբ արյան կարմիր գնդիկների քայքայումը գերազանցում է արտադրությանը, հաճախ՝ արյան որոշ հիվանդությունների կամ աուտոիմուն խանգարումների պատճառով)
- բորբոքային հիվանդություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ, սարկոիդոզ կամ աղիների բորբոքային հիվանդություն)
- վիրահատություն կամ տրավմայի այլ տեսակներ:
Էսենցիալ թրոմբոցիտեմիայի պատճառները
Այս հիվանդության պատճառը պարզ չէ, սակայն հաճախ կարող է խոսք գնալ տարբեր գեների մուտացիաների հետ: Հիվանդությունը բնորոշվում է մեծաքանակ, հաճախ՝ ոչ նորմալ թիթեղիկների արտադրությամբ: Էսենցիալ թրոմբոցիտեմիան ավելի հազվադեպ ախտորոշվող, սակայն ավելի հաճախ արյունահոսություններով բարդացող խանգարում է, քան ռեակտիվ թրոմբոցիտոզը:
Ախտանիշներ
Թրոմբոցիտոզով մարդիկ հաճախ որևէ գանգատ չեն ներկայացնում: Ռեակտիվ թրոմբոցիտոզի ախտանիշներն ավելի հաճախ կապված են հիմնական հիվանդության հետ:
Էսենցիալ թրոմբոցիտեմայով մարդիկ կարող են նշել արյան մակարդուկների կամ արյունահոսության հետ կապված ախտանիշներ, այդ թվում՝
- գլխացավ
- գլխապտույտ կամ «աչքերի դեմը սևանալու» զգացում
- կրծոսկրաի ետևում տեղակայված ցավեր
- թուլություն
- վերջույթների թմրածություն կամ ծակոցներ (պարէսթեզիա):
Ախտորոշում
Թրոմբոցիտոզն ախտորոշվում է արյան ընդհանուր հետազոտությամբ, երբ հայտնաբերվում է արյան թիթեղիկների (PLT) նորմայից փոքր քանակ: Այնուամենայնիվ, բժիշկը կարող է հարցեր տալ ձեր ընտանիքի անդամների մոտ առկա հիվանդությունների վերաբերյալ, մանրակրկիտ զննել ձեզ և նշանակել լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտություններ (օրինակ՝ արյան երկաթի թեստ, բորբոքային մարկերներ, գենետիկական հետազոտություններ, քաղցկեղային մարկերներ և այլն), որպեսզի հայտնաբերի ձեր արյան թիթեղիկների քանակի բարձրացման գլխավոր պատճառը:
Բուժում
Ռեակտիվ թրոմբոցիտոզի բուժումը
Ռեակտիվ թրոմբոցիտոզի բուժումը կախված է պատճառից՝
- եթե ունեք մեծաքանակ արյան կորուստ (վիրահատություն կամ վնասվածք), ապա ձեր արյան թիթեղիկների բարձրացած քանակը կարող է ինքնուրույն կարգավորվել
- եթե ունեք քրոնիկ վարակ կամ բորբոքային հիվանդություն, ապա թրոմբոցիտոզը կարող է մեղմանալ այս հիվանդությունների արդյունավետ բուժման շնորհիվ
- եթե ձեր փայծաղը հեռացված է (սպլենէկտոմիա), ապա թրոմբոցիտոզը կարող է մնալ ողջ կյանքի ընթացքում, սակայն բուժման կարիք կարող է առաջանալ միայն հազվադեպ:
Էսենցիալ թրոմբոցիտեմիայի բուժումը
Եթե ունեք էսենցիալ թրոմբոցիտեմիա, սակայն որևէ գանգատ չեք նշում և հիվանդությունը կայունացած է, ապա ձեզ հավանաբար որևէ բուժում չի առաջարկվի: Եթե առկա է արյան մակարդուկի (թրոմբոզ) զարգացման բարձր ռիսկ, բժիշկը կարող է առաջարկել ցածր դեղաչափով Ասպիրին, որն անհրաժեշտ է ընդունել երկար ժամանակի ընթացքում: Մի՛ ընդունեք Ասպիրին առանց ձեր բժշկի հետ խորհրդակցելու:
Ձեզ կարող են նշանակել նաև արյան թիթեղիկների քանակը նվազեցնող դեղեր կամ առաջարկել միջոցառումներ, եթե՝
- ունեք արյան մակարդուկների կամ արյունահոսության պատմություն
- ունեք սրտանոթային հիվանդության ռիսկի գործոններ
- 60-ն անց եք
- ձեր արյան թիթեղիկների քանակը 1 միկրոլիտրում 1 միլիոնից բարձր է:
Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել արյան թիթեղիկների քանակը նվազեցնող դեղեր, օրինակ՝ Հիդրոքսիուրեա կամ Ինտերֆերոն-ալֆա:
Արյան թիթեղիկները կարող են ձեր արյունից զտվել դիալիզին նմանվող միջամտության միջոցով, երբ ձեր արյունը անցնում է հատուկ սարքի միջոցով և նույն արյունը՝ թրոմբոցիտների ավելի փոքր քանակությամբ վերադարձվում ձեր արյան հուն: Այս միջամտությունն օգտագործվում է միայն անհետաձգելի բուժօգնության նպատակով, օրինակ, երբ էսենցիալ թրոմբոցիտեմիան առաջացրել է ինսուլտ:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-05-2020 վերանայվել է՝ 22-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: