Գրադարան

Թրոմբոցիտոզ. բուժում

Թրոմբոցիտոզ. բուժում

Time Read 2 րոպե

Թրոմբոցիտոզը կարող է պահանջել բուժում, եթե արյան թիթեղիկների քանակը չափազանց բարձր է կամ առկա են լուրջ՝ կյանքին սպառնացող բարդությունների ռիսկեր:

Ռեակտիվ թրոմբոցիտոզ

Ռեակտիվ թրոմբոցիտոզի բուժումը կախված է պատճառից:

  • Արյան կորուստ. եթե ունեք զգալի չափով արյան կորուստ (վիրահատություն կամ վնասվածք), ձեր արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) բարձրացած քանակը կարող է ինքնուրույն կարգավորվել:
  • Վարակ կամ բորբոքում. եթե ունեք քրոնիկ վարակ կամ բորբոքային հիվանդություն, արյան թիթեղիկների քանակը կարող է մնալ բարձր թվերի վրա, քանի դեռ հիվանդությունը չի վերահսկվում: Հաճախ, թրոմբոցիտոզը մեղմանում է, երբ պատճառը վերացվում է:
  • Հեռացված փայծաղ (սպլենէկտոմիա). եթե ձեր փայծաղը հեռացված է, ապա թրոմբոցիտոզը կարող է մնալ ձեր ողջ կյանքի ընթացքում, սակայն բուժման կարիք կարող է առաջանալ միայն հազվադեպ:

Էսենցիալ թրոմբոցիտեմիա

Եթե ունեք էսենցիալ թրոմբոցիտեմիա, սակայն որևէ գանգատ չեք նշում և չունեք ախտանիշներ, ձեզ սովորաբար որևէ բուժում չի առաջարկվի: Եթե առկա է արյան մակարդուկի (թրոմբոզ) զարգացման բարձր ռիսկ, բժիշկը կարող է առաջարկել ցածր դեղաչափով ամենօրյա Ասպիրին, որն անհրաժեշտ է ընդունել երկար ժամանակի ընթացքում: Մի՛ օգտագործեք Ասպիրին առանց ձեր բժշկի հետ խորհրդակցելու:

Ձեզ նաև կարող են նշանակել արյան թիթեղիկների քանակը նվազեցնող դեղեր կամ առաջարկլ որոշակի միջոցառումներ, եթե՝

  • ունեք արյան մակարդուկների կամ արյունահոսության պատմություն
  • ունեք սրտանոթային հիվանդության ռիսկի գործոններ
  • 60-ն անց եք
  • ձեր արյան թիթեղիկների քանակը խիստ բարձր է:

Նման դեպքերում ձեր բժիշկը կարող է նշանակել արյան թիթեղիկների քանակը նվազեցնող դեղեր, ինչպիսիք են Հիդրոքսիուրեան (Դրոքսիա, Հիդրեա), Անագրելիդը (Ագրիլին) կամ Ինտերֆերոն-ալֆան (Ինտրոն А):

Անհետաձգելի բուժօգնության կարիքի դեպքում աԱրյան թիթեղիկները կարող են ձեր արյունից զտվել դիալիզին նմանվող միջամտության միջոցով, երբ ձեր արյունը անցնում է հատուկ սարքի միջոցով և նույն արյունը՝ թրոմբոցիտների ավելի փոքր քանակությամբ վերադարձվում ձեր արյան հուն: Այս միջոցառումը կոչվում է արյան թիթեղիկների ֆերեզ (թրոմբոցիտոֆերեզ) և ունի միայն ժամանակավոր ազդեցություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-08-2023 վերանայվել է՝ 03-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով