Թրոմբոֆլեբիտի զարգացման ուղին կարելի է բաժանել երկու փուլի:
- Անոթում բորբոքային գործընթաց՝ արյան շրջանառության դանդաղման, բորբոքային գործոնների և, հնարավոր է, ռիսկի գործոնների ազդեցության պատճառով:
- Արյան մակարդուկի (թրոմբի) երկրորդային զարգացում, երբ արյունը մակարդվում է անոթի բորբոքված հյուսվածքի շուրջ, թելքավոր (ֆիբրոզ) նյութ է կուտակվում և ձևավորում է մակարդուկ։
Այսպիսով, թրոմբոֆլեբիտի զարգացման պատճառը արյան մակարդուկն է՝ թրոմբը, որը կարող է առաջանալ ձեր արյան մեջ հետևյալ պատճառներով՝
- երակի վնասվածք
- արյան մակարդելիության ժառանգական խանգարում
- երկար ժամանակ անշարժ մնալը, օրինակ՝ վնասվածքի կամ հիվանդանոցում գտնվելու ժամանակ:
Ռիսկի գործոններ
Ձեզ մոտ թրոմբոֆլեբիտի ռիսկը կարող է բարձրանալ, եթե դուք՝
- երկարատև ժամանակ ակտիվ չեք՝ գամված եք անկողնում կամ երկար ժամանակ ճանապարհորդում եք մեքենայով կամ ինքնաթիռով
- ունեք վարիկոզ երակներ, որոնք մակերեսային թրոմբոֆլեբիտի տարածված պատճառ են
- ունեք սրտի արհեստական ռիթմավար (փեյսմեյքեր) կամ բարակ, ճկուն խողովակ (կաթետեր) կենտրոնական կամ ձեռքի երակում՝ մեկ այլ հիվանդության բուժման համար, որը կարող է գրգռել արյունատար անոթի պատը և նվազեցնել տվյալ շրջանի արյան հոսքը
- հղի եք կամ վերջերս ծննդաբերել եք
- ընդունում եք հակաբեղմնավորիչ հաբեր կամ ստանում եք հորմոնային փոխարինող բուժում, որոնք կարող են մեծացնել ձեր արյան մակարդման հավանականությունը
- ունեք արյան մակարդելիության խանգարման կամ արյան մակարդուկների ձևավորման հակվածության ընտանեկան պատմություն (անամնեզ)
- նախկինում ունեցել եք թրոմբոֆլեբիտի դրվագներ
- ունեցել եք ինսուլտ
- 60 տարեկանից մեծ եք
- ունեք ավելցուկային քաշ կամ գեր եք
- ունեք քաղցկեղ
- ծխում եք:
Եթե ունեք մեկ կամ մի քանի ռիսկի գործոն, քննարկեք ձեր բժշկի հետ կանխարգելման ռազմավարությունները նախքան երկարատև թռիչքներ կամ ուղևորություններ կատարելը կամ, եթե նախատեսում եք այնպիսի պլանային վիրահատություն անցնել, որից վերականգնումը ձեզնից կպահանջի որոշ ժամանակ անշարժ մնալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024