Կախված ձեր թրոմբոֆլեբիտի տեսակից (մակերեսային կամ խորանիստ), տեղակայումից, ծանրության աստիճանից, ձեր ընդհանուր առողջական վիճակից և ուղեկցող հիվանդություններից, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ մեկ կամ մի քանի բուժական մոտեցումներ:
Օրինակ, մակերեսային թրոմբոֆլեբիտի դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ցավոտ հատվածում տեղային ջերմության կիրառում (ջեռակ), ախտահարված ոտքի բարձր դիրք, որևէ սովորական ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ) և, հնարավոր է, կոմպրեսիոն գուլպաներ, որը պետք է կրեք ամբողջ օրվա ընթացքում: Վիճակը սովորաբար բարելավվում է ինքնուրույն:
Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ այս բուժումները երկու տեսակի թրոմբոֆլեբիտի դեպքում:
- Արյունը նոսրացնող (ջրիկացնող) դեղամիջոցներ. եթե ունեք խորանիստ երակների թրոմբոզ (ԽԵԹ), արյունը նոսրացնող (հակամակարդիչ) դեղամիջոցի ներարկումը, ինչպիսին է ցածր մոլեկուլային կշռով Հեպարինը, Ֆոնդապարինուքսը (Արիքստրա) կամ Ապիկսաբանը (Էլիքվիս), կարող են օգնել մակարդուկների (թրոմբների) մեծացման կանխարգելմանը: Առաջին բուժումից հետո, ամենայն հավանականությամբ, ձեզ խորհուրդ կտան մի քանի ամիս օգտագործել Վարֆարին (Յանտովեն) կամ Ռիվարօքսիբան (Քսարելտո)՝ մակարդուկի աճի հետագա կանխարգելման համար: Որպես կողմնակի ազդեցություն, արյունը նոսրացնողները կարող են առաջացնել արյունահոսություն կամ արյունազեղումներ: Միշտ ուշադիր հետևեք ձեր բժշկի ցուցումներին:
- Մակարդուկը լուծող (թրոմբոլիտիկ) դեղամիջոցներ. մակարդուկը լուծող դեղամիջոցով բուժումը կոչվում է թրոմբոլիզ: Ալտեպլազ (Ակտիվազ) դեղամիջոցն օգտագործվում է տարածուն ԽԵԹ ունեցող մարդկանց արյան մակարդուկները տրոհելու համար, ներառյալ նրանց, ովքեր ունեն արյան մակարդուկ թոքերում (թոքային էմբոլիա):
- Ճնշող (կոմպրեսիոն) գուլպաներ. կոմպրեսիոն գուլպաները օգնում են վերջույթի այտուցի կանխարգելմանը և ԽԵԹ-ի բարդությունների հավանականության կրճատմանը:
- Վենա կավա ֆիլտր. եթե չեք կարող օգտագործել արյունը նոսրացնող միջոցներ, ձեր որովայնի գլխավոր երակի մեջ (վենա կավա) կարող է տեղադրվել ֆիլտր՝ կանխելու ոտքերի երակներից պոկված մակարդուկների տեղաշարժը դեպի թոքեր: Ֆիլտրը սովորաբար հեռացվում է, երբ այն այլևս անհրաժեշտ չէ:
- Վարիկոզ երակների հեռացում. վիրաբույժը կարող է հեռացնել այն վարիկոզ լայնացած երակները, որոնք առաջացնում են ցավ կամ կրկնվող թրոմբոֆլեբիտ: Միջամտությունը ներառում է երկար երակի հեռացում փոքր կտրվածքների միջոցով: Երակը հեռացնելը սովորաբար չի ազդում ձեր ոտքի արյան երակային հոսքի վրա, քանի որ խորանիստ երակներն իրենց վրա են վերցնում արյան ավելացած ծավալների տեղափոխումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024