Թրոմբոֆլեբիտի ախտանիշները պայմանավորված են երակների բորբոքմամբ (ֆլեբիտ) և արյան մակարդուկով երակային հոսքի արգելափակմամբ (թրոմբոզ):
Մակերեսային թրոմբոֆլեբիտի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ախտահարված շրջանում տեղային ջերմություն, գերզայնություն (հպվելիս՝ ցավոտություն) և ցավ
- մաշկի կարմրություն և վերջույթի այտուցվածություն
Խորանիստ երակների թրոմբոզի (ԽԵԹ) գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ցավ
- վերջույթի այտուցվածություն (ուռածություն):
Երբ ախտահարվում է մաշկի մակերեսին մոտ գտնվող երակը, դուք կարող եք տեսնել կարմիր, պինդ լարանման գոյացություն անմիջապես մաշկի մակերեսի տակ, որը դիպչելիս ցավոտ է: Երբ ախտահարվում է ոտքի խորանիստ երակը, ձեր վերջույթը կարող է դառնալ այտուցված, զգայուն և ցավոտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե ունեք կարմիր, այտուցված կամ ցավոտ երակ, հատկապես, եթե ունեք թրոմբոֆլեբիտի ռիսկի մեկ կամ մի քանի գործոն:
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե՝
- երակային այտուցը և ցավը սուր են
- դուք նաև ունեք շնչարգելություն (հևոց) կամ կրծքավանդակային ցավ, հազում եք արյուն կամ ունեք այլ ախտանիշներ, որոնք կարող են վկայել այն մասին, որ արյան մակարդուկը (թրոմբ) հասել է ձեր թոքերը (թոքային էմբոլիա):
Հնարավորության դեպքում թող որևէ մեկը ձեզ շտապ հասցնի մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024