Թիրեոիդէկտոմիա (վահանաձև գեղձի հեռացում)
30-01-2021
3 րոպե

Թիրեոիդէկտոմիան վահանաձև գեղձի ամբողջական կամ մի մասի հեռացման վիրահատությունն է:
Երբ վահանաձև գեղձը հեռացվում է ամբողջապես, առաջ է գալիս ողջ կյանքի ընթացքում արհեստական հորմոն օգտագործելու անհրաժեշտություն:
Ինչո՞ւ է թիրեոիդէկտոմիան կատարվում
Վահանաձև գեղձը թիթեռանման օրգան է, որը տեղակայված է պարանոցի առջևում, անմիջապես ադամախնձորից ներքև։ Այն արտադրում է թիրոքսին (Т4) հորոմոն, որը կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը (մարմնի քաշ, սրտազարկի արագություն, ջերմաստիճան, աճ և այլն):
Վահանաձև գեղձի ամբողջական կամ մասնակի (մի մասի) հեռացում կարող է առաջարկվել հետևյալ դեպքերում՝
- վահանաձև գեղձի քաղցկեղ
- վահանաձև գեղձի մեծացում (խպիպ), որը դժվարացնում է կլման ակտը կամ շնչառությունը
- վահանաձև գեղձի գերակտիվություն (թիրեոտոքսիկոզ կամ հիպերթիրոիդիզմ)։
Վահանաձև գեղձի մի մասի հեռացումը կոչվում է մասնակի թիրեոիդէկտոմիա (հեմիթիրեոիդէկտոմիա), իսկ գեղձի ամբողջական հեռացումը՝ ամբողջական (տոտալ) թիրեոիդէկտոմիա:
Եթե ինչ-որ մեկը ենթարկվել է տոտալ թիրեոիդէկտոմիայի, կարիք ունի ողջ կյանքի ընթացքում ընդունել արհեստական թիրոքսինի հաբեր (Լևոթիրոքսին): Որոշ մարդիկ մասնակի թիրեոիդէկտոմիայից հետո ևս պետք է ստանան Լևոթիրոքսին, եթե նրանց վահանաձև գեղձի մնացած մասը չի հասցնում արտադրել բավարար քանակով հորմոններ: Սա սովորաբար կախված է վահանաձև գեղձի հեռացման չափից և ախտորոշումից:
Ինչպե՞ս նախապատրաստվել վիրահատությանը
Թիրեոիդէկտոմիա առաջարկելուց առաջ վիրաբույժը (որպես կանոն՝ էնդոկրին վիրաբույժը) նշանակում է պատկերման որոշ հետազոտություններ, օրինակ՝ գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), իսկ որոշ դեպքերում՝ նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ): Եթե առկա է գեղձային աճ, վիրաբույժը կարող է իրականացնել նաև ախտորոշիչ բիոպսիա, որի նպատակը գեղձից հյուսվածքային փոքր նմուշ վերցնելն ու հյուսվածաբանական հետազոտության ուղարկելն է: Որոշ բժիշկներ նաև փորձում են նախանշել ձայնալարերի տեղակայումը, քանի որ դրանք շատ մոտ են վահանաձև գեղձին:
Թիրեոիդէկտոմիան սովորաբար անցկացվում է ընդհանուր անզգայացման ներքո: Ձեզ հավանաբար կխնդրեն վիրահատությունից մեկ օր առաջ չընդունել որևէ սնունդ, հեղուկներ կամ դեղամիջոցներ, սակայն պետք է նախապես բժշկից ճշտել, թե որ դեղամիջոցների օգտագործումն է հարկավոր ժամանակավորապես ընդհատել:
Այնուամենայնիվ, եթե ունեք թիրեոտոքսիկոզ, հարցրեք բժշկին նախավիրահատական շրջանում հատուկ սննդակարգի կամ դեղամիջոցների ընդունման մասին, որոնք կարող են օգնել վահանաձև գեղձի ավելի լավ գործունեությանը և արյունահոսության վտանգի նվազեցմանը:
Ի՞նչ է վիրահատությունը ներառում
Վիրաբույժը պարանոցի առաջային մակերեսին, կրծոսկրի վերին եզրից 2-3 սմ վեր մակարդակում կատարում է կտրվածք և մկանախրձերն առանձնացնելով հասնում վահանաձև գեղձ:
Վիրաբույժը պետք է գործի խիստ զգույշ, որ չվնասի ձայնալարերի նյարդերը կամ հարվահանաձև գեղձերը: Վերջիններս 4 հատ փոքր գեղձեր են, որոնք տեղակայված են վահանաձև գեղձի ետևում և կարգավորում են արյան կալցիումի մակարդակը:
Բուն վիրահատությունը ներառում է գեղձի մասնակի (պարցիալ) կամ ամբողջական (տոտալ) հեռացումը, որից հետո մկանախրձերը վերադարձվում են սովորական տեղադրությանը և վերջում վերքը փակվում է էսթետիկ կարով:
Թիրեոիդէկտոմիա
Ի՞նչ ակնկալել վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո անոթազարկը (պուլս), զարկերակային ճնշումը և մյուս կենսական նշանները որոշակի ժամանակ վերահսկվում են բժիշկների կողմից: Որոշ դեպքերում վիրաբույժը կարող է թողնել վիրահատական շրջանից դուրս եկող բարակ ռետինե խողովակ (դրենաժ), որը բարդությունների բացակայության պայմաններում հեռացվում է վիրահատության հաջորդ օրը:
Ընդհանուր անզգայացումից հետո որոշ ժամանակ կարող եք զգալ քնկոտություն. այս վիճակը սովորաբար 1-2 օրվա ընթացքում աստիճանաբար անհետանում է: Ձայնը կարող է լինել քիչ խռպոտած կամ խզված: Կարող եք նաև նշել պարանոցի շրջանի որոշ ցավեր: Հետվիրահատական նորմալ ընթացքի դեպքում այս գանգատները ևս արագորեն անհետանում են:
Վիրահատության հարթ ընթացքի դեպքում ամենայն հավանականությամբ ձեզ դուրս կգրեն նույն կամ հաջորդ օրը: Սակայն մոտակա 10 օրվա ընթացքում պետք է խուսափել ցանկացած տեսակի ծանր գործերից:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Թիրեոիդէկտոմիան համարվում է անվտանգ վիրահատություն: Սակայն, այլ տեսակի վիրահատությունների նման, թիրեոիդէկտոմիայն նույնպես ենթադրում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝
- անզգայացնող նյութի (անեսթետիկի) նկատմամբ ռեակցիաներ
- թոքաբորբեր
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- սրտանոթային խնդիրներ
- վիրահատական շրջանի (վերքային) վարակ:
Որոշ մարդկանց շրջանում վիրահատությունից հետո շնչափողում կարող է զարգանալ արյան մակարդուկ (թրոմբ), որը գուցե կարիք լինի լրացուցիչ վիրահատությամբ հեռացնել:
Ձայնալարերի վնասումը հազվադեպ և սովորաբար ժամանակավոր բարդություն է, սակայն 50-ից 1 դեպքում ձայնը կարող է անդառնալիորեն խզվել: Նման դեպքերում կարող են առաջարկել խոսքային թերապիա կամ լրացուցիչ վիրահատություն: Եթե երգիչ եք, նկատի ունեցեք, որ ձայնային տվյալները կարող են անդառնալիորեն փոփոխվել:
Հարվահանաձև գեղձերի վնասման դեպքում կարող է զարգանալ արյան կալցիումի մակարդակի նվազեցում, որը պահանջում է կալցիումի և վիտամին D-ի հաբերի ընդունում:
Լրացուցիչ տեղեկատվություն
Վահանաձև գեղձի հիվանդությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վահանաձև գեղձի հիվանդությունների էջը, որ ծանոթանաք այս օրգանի հետ կապված առողջական խնդիրների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
- ի՞նչ հարցեր դուք կարող եք տալ մինչև վիրահատվելը
- ինչպե՞ս նախապատրաստվել վիրահատությանը
- ինչպե՞ս գտնել ճիշտ մասնագետ:
Հոդվածը վերանայվել է՝ 11-07-2021