Մի շարք առողջական վիճակներ կարող են առաջացնել կամ վատթարացնել ականջներում աղմուկը (տինիտուս):
Շատ դեպքերում ճշգրիտ պատճառը երբեք չի հայտնաբերվում:
Տինիտուսի տարածված պատճառները
Բազմաթիվ մարդկանց մոտ ականջներում աղմուկը պայմանավորված է հետևյալ պատճառներից մեկնումեկի հետ:
- Lսողության կորուստ. ներքին ականջում (խխունջ կամ կոխլեա) կան փոքրիկ, նուրբ մազային բջիջներ, որոնք շարժվում են, երբ ականջը ձայնային ալիքներ է ընդունում: Այս շարժումն առաջացնում է էլեկտրական ազդանշաններ, որոնք լսողական նյարդով ձեր ականջից տեղափոխվում են դեպի գլխուղեղ: Ձեր գլխուղեղն ընկալում և մշակում է այս ազդանշանները՝ դարձնելով ձայնային զգացողություն: Եթե ձեր ներքին ականջի ներսում գտնվող մազերը ծալված կամ կոտրված են, որը զարգանում է տարիքի հետ կամ, երբ դուք պարբերաբար ենթարկվում եք բարձր ձայների ազդեցությանը, դեպի ձեր գլխուղեղ կարող են «արտահոսել» պատահական էլեկտրական ազդանշաններ՝ առաջացնելով ականջներում աղմուկ:
- Ականջի վարակ կամ լսողական անցուղու խցանում. ձեր ականջի արտաքին լսողական անցուղիները կարող են խցանվել կուտակված հեղուկով (ականջի վարակ), ականջի գեջով (ծծումբ), կեղտով կամ այլ օտար նյութերով: Խցանումը կարող է փոխել ճնշումը ձեր ականջում՝ առաջացնելով աղմուկ ականջում:
- Գլխի կամ պարանոցի վնասվածքներ. գլխի կամ պարանոցի տրավման կարող է ազդել ներքին ականջի, լսողական նյարդերի կամ գլխուղեղի գործունեության վրա: Նման վնասվածքները սովորաբար առաջացնում են աղմուկ միայն մեկ ականջում:
- Դեղեր. մի շարք դեղամիջոցներ կարող են առաջացնել կամ վատթարացնել ականջներում աղմուկը: Ընդհանուր առմամբ, որքան մեծ է նման դեղամիջոցների դեղաչափը, այնքան ուժեղ է որպես կողմնակի ազդեցություն առաջացող ականջներում աղմուկը: Հաճախ այս անցանկալի աղմուկն անհետանում է, երբ դադարում եք օգտագործել նման դեղամիջոցները: Ականջներում աղմուկ առաջացնող հայտնի դեղամիջոցներից են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը և որոշ հակաբիոտիկներ, քաղցկեղի դեղամիջոցներ, միզամուղներ, հակամալարիային դեղեր և հակադեպրեսանտներ:
Տինիտուսի այլ պատճառները
Ականջներում աղմուկի ավելի քիչ տարածված պատճառները ներառում են ականջի այլ խնդիրներ, քրոնիկ առողջական վիճակներ և վնասվածքներ կամ վիճակներ, որոնք ազդում են ձեր ականջի նյարդերի կամ գլխուղեղի լսողական կենտրոնի վրա:
- Մենյերի հիվանդություն. ականջներում աղմուկը կարող է լինել Մենյերի հիվանդության վաղ նշան: Մենյերի հիվանդությունը ներքին ականջի խանգարում է, որը կարող է առաջանալ ներքին ականջի հեղուկի ոչ նորմալ ճնշման պատճառով:
- Եվստախյան խողովակի դիսֆունկցիա. այս վիճակի դեպքում այն խողովակը, որը ձեր միջին ականջը կապում է վերին կոկորդին, մնում է անընդհատ լայնացած, ինչի պատճառով դուք կարող եք ձեր ականջը մշտապես լցված զգալ:
- Ականջի ոսկորիկների փոփոխություններ. միջին ականջի մանր ոսկորների կարծրացումը (օտոսկլերոզ) կարող է ազդել ձեր լսողության վրա և առաջացնել ականջում աղմուկ: Այս վիճակը, որը պայմանավորված է լսողական ոսկրիկների աննորմալ աճով, սովորաբար հանդիպում է ընտանիքներում:
- Ներքին ականջում մկանային կծկանք (սպազմ). ներքին ականջի մկանները կարող են ձգվել, որը կարող է հանգեցնել ականջներում աղմուկի, լսողության կորստի և ականջի լցվածության զգացման: Սա երբեմն տեղի է ունենում առանց բացատրելի պատճառի, սակայն նաև կարող է առաջանալ նյարդաբանական հիվանդությունների, այդ թվում՝ ցրված սկլերոզի դեպքում:
- Քունք-ստործնոտային հոդի (ՔՍՀ) խանգարումներ. ՔՍՀ-ի հետ կապված խնդիրները կարող են առաջացնել ականջներում աղմուկ:
- Լսողական (ակուստիկ) նեյրոմա կամ գլխի և պարանոցի այլ ուռուցքներ. ակուստիկ նեյրոման ոչ քաղցկեղային (բարորակ) ուռուցք է, որը զարգանում է գանգուղեղային նյարդի վրա, որն անցնում է ձեր գլխուղեղից մինչև ներքին ականջ և վերահսկում է հավասարակշռությունը և լսողությունը: Գլխի, պարանոցի կամ գլխուղեղի այլ ուռուցքներ նույնպես կարող են առաջացնել աղմուկ ականջում:
- Արյունատար անոթների խանգարումներ. այն վիճակներն ու հիվանդությունները, որոնք ազդում են ձեր արյունատար անոթների վրա, ինչպիսիք են աթերոսկլերոզը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կամ արյունատար անոթների թեքված կամ սխալ ձևավորումը, կարող են պատճառ դառնալ, որ արյունն ավելի մեծ ուժով շարժվի ձեր երակներով և զարկերակներով: Արյան հոսքի այս փոփոխությունները կարող են առաջացնել տինիտուս կամ ավելի նկատելի դարձնել ականջներում աղմուկները:
- Այլ քրոնիկ վիճակներ. բազմաթիվ քրոնիկ վիճակներ և հիվանդությունները, այդ թվում շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի խնդիրները, միգրենը, սակավարյունությունը (անեմիա) և աուտոիմուն խանգարումները, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը և գայլախտը (լուպուսը)՝ բոլորն էլ կապված են ականջներում աղմուկների հետ:
Ռիսկի գործոններ
Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ տինիտուս, սակայն հետևյալ գործոնները կարող են մեծացնել ձեր ռիսկը:
- Բարձր աղմուկի ազդեցություն. բարձր ձայները, ինչպիսիք են ծանր տեխնիկայի, շղթայական սղոցների և հրազենի ձայները, աղմուկի հետ կապված լսողության կորստի տարածված պատճառներ են: Երաժշտության շարժական սարքերը, ինչպիսիք են MP3 նվագարկիչները, նույնպես կարող են աղմուկի հետ կապված լսողության կորուստ առաջացնել, եթե երկար ժամանակ բարձրաձայն նվագարկվեն: Առանձնահատուկ ռիսկի տակ են մարդիկ, ովքեր աշխատում են աղմկոտ միջավայրում, ինչպիսիք են գործարանների և շինարարության աշխատողները, երաժիշտները և զինվորները:
- Տարիք. տարիքի հետ ականջներում գործող նյարդային մանրաթելերի թիվը նվազում է, ինչը, հնարավոր է, առաջացնի լսողության խնդիրներ, որոնք հաճախ կապված են ականջներում աղմուկի հետ:
- Սեռ. տղամարդիկ ավելի հավանական է, որ առնչվեն տինիտուսի խնդրի հետ:
- Ծխախոտի և ալկոհոլի օգտագործում. ծխողների մոտ տինիտուսի առաջացման ավելի բարձր ռիսկ կա: Ալկոհոլային խմիչքների օգտագործումը նույնպես մեծացնում է ականջներում աղմուկի ռիսկը:
- Որոշակի առողջական խնդիրներ. գիրությունը, սրտանոթային խնդիրները, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և արթրիտի կամ գլխի վնասվածքի պատմությունը մեծացնում են ականջներում աղմուկի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024