Բժիշկը սովորաբար ախտորոշում է ականջներում աղմուկը կամ տինիտուսը՝ հիմնվելով միայն ձեր ախտանիշների վրա:
Սակայն, ձեր ախտանշանները բուժելու համար ձեր բժիշկը կփորձի նաև պարզել, թե արդյոք ձեր ականջի աղմուկը պայմանավորված է մեկ այլ հիվանդությամբ կամ առողջական վիճակով: Երբեմն որևէ հստակ պատճառ հնարավոր չէ գտնել:
Ձեր ականջներում կամ մի ականջում աղմուկի առաջացման պատճառը գտնելու համար ձեր բժիշկը, հավանաբար, կհարցնի ձեզ ձեր հիվանդության պատմության մասին և կզննի ձեր ականջները, գլուխը և պարանոցը: Ձեր բժշկի կողմից առաջարկվող հետազոտությունները ներառում են հետևյալը:
- Լսողության (աուդիոլոգիական) քննություն. հետազոտության ընթացքում դուք նստում եք ձայնամեկուսիչ սենյակում՝ կրելով ականջակալներ, որոնք առանձին հատուկ՝ տարբեր բարձրության ձայներ են փոխանցում ձեր յուրաքանչյուր ականջին: Դուք նշում եք, թե երբ եք լսում ձայնը, և ձեր արդյունքները համեմատվում են ձեր տարիքի համար նորմալ համարվող արդյունքների հետ: Սա կարող է օգնել բացառելու կամ բացահայտելու ականջներում աղմուկի հնարավոր պատճառները:
- Շարժումների թեստ. ձեր բժիշկը կարող է խնդրել ձեզ շարժել ձեր աչքերը, սեղմել ծնոտը կամ շարժել ձեր պարանոցը, ձեռքերը և ոտքերը: Եթե ձեր ականջներում աղմուկն այս շարժումների հետ փոխվում են կամ ուժգնանում են, դա կարող է օգնել բացահայտելու պատճառ հանդիսացող խանգարումը, որը բուժման կարիք ունի:
- Պատկերային հետազոտություններ. կախված ձեր ականջում աղմուկի կասկածվող պատճառից, ձեր բժիշկը կարող է ձեզ առաջարկել որևէ պատկերային հետազոտություն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) սքանավորումները:
- Լաբորատոր թեստեր. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ արյան թեստ, որ ստուգելի ձեզ մոտ սակավարյունության (անեմիա), վահանաձև գեղձի խնդիրների, սրտային հիվանդության կամ վիտամինների պակասի առկայությունը:
Փորձեք ձեր բժշկին առավելագույնս հստակ նկարագրել, թե ինչ տեսակի աղմուկներ եք ականջներում լսում: Սա կարող է օգնել նրան, որ բացահայտի ձեր տինիտուսի հնարավոր պատճառը:
- Կտտոցներ. այս տեսակի ձայնը ենթադրում է, որ ձեր ականջի աղմուկի պատճառը կարող է լինել ականջի մեջ և դրա շուրջ մկանային կծկումները:
- Պուլսացիա, սուլոց կամ բզզոց. այս ձայները սովորաբար առաջանում են արյունատար անոթների (անոթային) պատճառներից, ինչպիսին է բարձր արյան ճնշումը, և դուք կարող եք դրանք լսել, երբ ֆիզիկական գործ եք անում կամ փոխում եք ձեև դիրքերը, օրինակ՝ պառկած վիճակում կամ կանգնելիս:
- Ցածր տոնի զնգոց. այս տեսակի ձայնը կարող է մատնանշել լսողական անցուղիների խցանումները, Մենյերի հիվանդությունը կամ ներքին ականջի ոսկորների կարծրացումը (օտոսկլերոզ):
- Բարձր տոնի զնգոց. սա առավել հաճախ լսվող ականջի աղմուկն է: Հավանական պատճառները ներառում են բարձր աղմուկի ազդեցությունը, լսողության կորուստը կամ դեղամիջոցները: Ակուստիկ նեյրոման կարող է առաջացնել մեկ ականջում շարունակական, բարձր տոնայնության զնգոց:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024