Ականջում աղմուկը կան տինիտուսն առավել հաճախ նկարագրվում է որպես ականջներում զնգոց, նույնիսկ երբ որևէ արտաքին ձայն չկա:
Այնուամենայնիվ, տինիտուսը նաև կարող է առաջացնել ականջներում այլ տեսակի ֆանտոմային ձայներ, այդ թվում՝
- բզզոց
- դժժոց
- սուլոց
- սվվոց
- ֆշշոց
- կտտոց
- շխկոց:
Երբեմն աղմուկը կարող է նկարագրվել ոչ թե որպես ձայն, այլ գլխի ներսում անորոշ զգացողություն:
Ականջներում աղմուկ ունեցող մարդկանց մեծամասնությունն ունի սուբյեկտիվ տինիտուս, որը կարող է լսել միայն ինքը: Սա ամենահաճախ հանդիպող տեսակն է: Ականջներում աղմուկը կարող է լինել տարբեր բարձրության՝ սկսած ցածր բզզոցից մինչև բարձր ճռռոց, և դուք կարող եք այն լսել ձեր մեկ կամ երկու ականջում: Որոշ դեպքերում, ձայնը կարող է այնքան բարձր լինել, որ խանգարի կենտրոնանալուն կամ արտաքին ձայն լսելու ձեր կարողությանը: Աղմուկը կարող է մշտապես առկա լինել կամ կարող է սկսվել և անհետանալ:
Հազվադեպ, ականջի աղմուկը կարող է առաջանալ որպես ռիթմիկ պուլսացիա կամ սվվացող ձայն, հաճախ՝ սրտի կծկումների (անոթազարկի) հետ միաժամանակ: Սա կոչվում է պուլսացվող տինիտուս: Եթե ունեք պուլսացվող տինիտուս, ձեր բժիշկը կարող է լսել այդ ձայնը ֆիզիկական քննության՝ բուժզննման ժամանակ (օբյեկտիվ տինիտուս):
Ե՞րբ դիմել բժշկին
Որոշ մարդկանց ականջներում աղմուկը նրանց շատ չի անհանգստացնում: Մյուսների մոտ սա խաթարում է նրանց առօրյան: Եթե ունեք աղմուկ մեկ կամ երկու ականջներում, որը ձեզ անհանգստացնում է, դիմեք ձեր բժշկին:
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե՝
- ձեր մոտ տինտիուս է զարգացել վերին շնչուղիների վարակից հետո, ինչպիսին է մրսածությունը, և աղմուկը մեկ շաբաթվա ընթացքում չի վերանում:
Հնարավորինս շուտ դիմեք ձեր բժշկին, եթե՝
- ձեր տինիտուսն ուղեկցվում է լսողության կորստի կամ գլխապտույտի հետ
- ձեր տինիտուսը հանգեցնում է անհանգստության կամ դեպրեսիայի:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024