Ականջներում աղմուկի կամ տինիտուսի բուժումը կախված է նրանից, թե արդյոք ձեր գանգատը պայմանավորված է որևէ հիմնական առողջական վիճակով:
Եթե այո, ձեր բժիշկը կարող է նվազեցնել ձեր ախտանիշները՝ բուժելով տինիտուսի պատճառը: Օրինակները ներառում են հետևյալը:
- Ականջի ծծմբախցանի հեռացում. ծծմբախցանի հեռացումը կարող է նվազեցնել ականջներում աղմուկի ախտանիշները:
- Արյունատար անոթային խնդրի բուժում. ականջներում աղմուկի պատճառ հանդիսացող արյունատար անոթների խնդրի բուժումը կարող է պահանջել դեղորայք, վիրահատություն կամ այլ բուժումներ:
- Լսողության օժանդակում. եթե ձեր ականջներում աղմուկը պայմանավորված է բարձր աղմուկի կամ տարիքի հետ կապված լսողության կորստով, լսողական սարքերի օգտագործումը կարող է օգնել ձեր ախտանիշների բարելավմանը:
- Դեղորայքի փոփոխություն. եթե բժիշկը կարծում է, որ ձեր ականջներում աղմուկի պատճառը ձեր ընդունած դեղն է, ձեզ կարող է խորհուրդ տալ դադարեցնել դրա ընդունումը, նվազեցնել դեղաչափը կամ անցնել մեկ այլ դեղամիջոցի:
Աղմուկի ճնշում
Բազմաթիվ դեպքերում ականջներում աղմուկը հնարավոր չէ բուժվել: Սակայն կան մեթոդներ, որոնք կարող են օգնել ձեր ախտանիշների ավելի քիչ նկատելի դարձնելուն: Ձեր բժիշկը կարող է առաջարկել օգտագործել էլեկտրոնային սարք՝ աղմուկը ճնշելու համար: Դրանք ներառում են հետևյալը:
- «Սպիտակ» աղմուկի սարքեր. այս սարքերը, որոնք առաջացնում են այնպիսի ձայն, որը նման է ստատիկ կամ շրջակա միջավայրի ձայներին, ինչպիսիք են անձրևի կաթկթոցները կամ օվկիանոսի ալիքների խշշոցը, հաճախ արդյունավետ կերպով ճնշում են ականջներում աղմուկի խանգարող ազդեցությունը: Դուք կարող եք փորձել «սպիտակ» աղմուկի սարք հերմետիկ ականջակալով, որը կօգնի ձեզ քնել: Ննջասենյակի օդափոխիչները, խոնավացուցիչները, խոնավացնող սարքերը և օդորակիչները նույնպես «սպիտակ» աղմուկ են առաջացնում և կարող են օգնել, որ գիշերային ժամերին ականջներում լսվող աղմուկն ավելի քիչ նկատելի ու խանգարող լինի:
- Քողարկող սարքեր. այս սարքերը, որոնք կրում եք ականջի մեջ և նման են լսողական սարքերին, առաջացնում են շարունակական, ցածր մակարդակի «սպիտակ» աղմուկ, որը ճնշում է ձեր ականջներում աղմուկի ախտանիշները:
Խորհրդատվություն
Վարքաբանական բուժման տարբերակները նպատակ ունեն օգնել ձեզ ապրելու ականջներում աղմուկի առկայությամբ՝ օգնելով ձեզ, որ փոխեք ձեր ախտանիշների վերաբերյալ ձեր վերաբերմունքն ու զգացողությունները: Ժամանակի ընթացքում ձեր գանգատը կարող է ավելի քիչ անհանգստացնել ձեզ: Խորհրդատվության տարբերակները ներառում են հետևյալը:
- Տինիտուսի վերադասընթացի թերապիա (ՏՎԹ). ՏՎԹ-ն անհատականացված ծրագիր է, որը սովորաբար վարում է աուդիոլոգը կամ տինիտուսի բուժման մասնագետը: ՏՎԹ-ն համատեղում է ձայնի դիմակավորումը և խորհրդատվությունը: Սովորաբար, դուք ձեր ականջում կրում եք սարք, որն օգնում է քողարկել ականջներում աղմուկի ձեր ախտանիշները և նույն ընթացքում նաև ստանում եք ուղղորդող խորհրդատվություն: Ժամանակի ընթացքում ՏՎԹ-ն կարող է օգնել ձեզ, որ ավելի քիչ նկատեք ձեր ականջների աղմուկները և ավելի քիչ անհանգստանաք դրանց առկայությունից:
- Կոգնիտիվ վարքաբանական թերապիա (ԿՎԹ) կամ խորհրդատվության այլ ձևեր. հոգեկան առողջության լիցենզավորված մասնագետը կամ հոգեբանը կարող են օգնել ձեզ սովորելու հաղթահարման մեթոդներ՝ ականջների աղմուկի ախտանշաններն ավելի քիչ անհանգստացնող դարձնելու համար: Խորհրդատվությունը նաև կարող է օգնել այլ խնդիրների դեպքում, որոնք հաճախ կապված են ականջներում աղմուկի հետ, ինչպիսիք են անհանգստությունը և դեպրեսիան: Հոգեկան առողջության բազմաթիվ մասնագետներ առաջարկում են թերապիայի այս տեսակը անհատական կամ խմբակային հանդիպումների միջոցով: Նմանատիպ ծրագրեր նաև առկա են առցանց հարթակներում:
Դեղամիջոցներ
Դեղամիջոցները չեն կարող բուժել ականջների աղմուկը, սակայն որոշ դեպքերում կարող են օգնել նվազեցնելու ախտանիշների կամ բարդությունների ծանրության աստիճանը: Ախտանիշները թեթևացնելու համար ձեր բժիշկը կարող է դեղորայք նշանակել պատճառ հանդիսացող հիվանդությունը բուժելու կամ անհանգստության և դեպրեսիայի մեղմացման համար, որոնք հաճախ ուղեկցում են ականջներում աղմուկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024