Աղմուկ ականջներում (տինիտուս)

Եթե դուք ձեր ականջներում զգում եք զնգոց կամ այլ արտասովոր աղմուկներ, դա կարող է լինել տինիտուսի նշան:
Ականջներում աղմուկը կամ տինիտուսը համեմատաբար տարածված երևույթ է և հաճախ ունի ժամանակավոր բնույթ: Սակայն երբեմն ակաջներում աղմուկը կարող է կայունանալ և դառնալ մշտական՝ խանգարելով ձեր լսողությանը և ուշադրությունը կենտրոնացնելուն, հատկապես բացարձակ լռության պայմաններում:
Ի՞նչ է տինիտուսը
Տինիտուսով մարդիկ զգում են ձայներ, որոնք իրականում նրանց շրջակայքում բացակայում են:
Այսպիսի վիճակը հաճախ նկարագրում են որպես «զնգոց ականջներում», սակայն «զնգոցից» բացի դուք ականջներում կարող եք զգալ այլ ձայներ ևս՝ մուրճի հարվածի ձայն («չխկոց»), «կտտոց», սուլոց կամ «ֆշշոց», «դժժոց» և այլ ձայնային զգացողություններ:
Աղմուկը կարող է լինել թույլ կամ ուժեղ և կարող է հայտնվել ինչպես մեկ, այնպես էլ երկու ականջներում: Երբեմն աղմուկը կարող է դրսևորվել ոչ թե որպես ձայն, այլ գլխի ներսում անորոշ զգացողություն:
Տինիտուսը կարող է հայտնվել և անհետանալ կամ էլ անհանգստացնել օրվա մեծ մասը, եթե ոչ՝ 24 ժամ:
Տարբերում են տինիտուսի երկու հիմնական տարբերակներ՝
- սուբյեկտիվ, որը լսում եք միայն դուք (սա ամենահաճախ հանդիպող տեսակն է)
- օբյեկտիվ, որը կարող է լսել նաև բժիշկը, օրինակ՝ ականջների արյունատար անոթների, ոսկրերի կամ մկանների խնդիրների դեպքում:
Հազվադեպ, մարդիկ կարող են ականջներում զգալ այնպիսի աղմուկ, որը թվում է, թե սկսվում և անհետանում է (կամ ուժեղանում և թուլանում է) սրտազարկի հետ միասին: Սա հայտնի է որպես «պուլսացվող աղմուկ» (պուլսացվող տինիտուս):
Ականջներում աղմուկի պատճառները
Ականջներում աղմուկը կարող է առաջանալ, եթե կա լսողական համակարգի որևէ խնդիր, որը տեղակայված է ձեր ականջներում և ներկայացնում է ուղեղի մի մասը:
Աղմուկն ավելի հաճախ ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, ովքեր ունեն լսողության թուլացում կամ ականջների հետ կապված որևէ այլ խնդիր, սակայն կարող են առաջանալ նաև նորմալ լսողությամբ մարդկանց շրջանում:
Տինիտուսը կարող է հայտնվել ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների մոտ, սակայն ավելի հաճախ գրանցվում է մեծ տարիքով մարդկանց շրջանում, որը կարող է կապված լինել լսողության տարիքային թուլացման հետ:
Երբեմն այնքան էլ պարզ չէ, թե ինչու է մարդու ականջներում առաջանում աղմուկ: Տինիտուսի ավելի հաճախ հանդիպող պատճառներից են՝
- լսողության կորուստ
- ականջի ծծմբախցան (հատկապես՝ արտաքին լսողական ուղին խցանելիս)
- ուժեղ աղմուկների ազդեցություն
- ականջի վարակներ
- ներքին ականջի մկանային սպազմ
- ծնոտ-քունքային հոդի ախտահարումներ
- ուռուցքներ, օրինակ՝ ակուստիկ նևրինոմա (վեստիբուլյար շվանոմա)
- գլխի կամ պարանոցի վնասվածքներ
- Մենյերի հիվանդություն
- եվստախյան փողի գործունեության խանգարումներ
- հազվադեպ՝ արյունատար անոթների հիվանդություններ (աթերոսկլերոզ, բարձր արյան ճնշում)
- որոշ դեղեր (հակաբիոտիկներ, քաղցկեղի դեղեր, միզամուղներ, խինինի պատրաստուկներ, որոշ հակադեպրեսանտներ և Ասպիրին):
Սթրեսը, անհանգստությունը և տագնապը, կոֆեինը և որոշ դեղեր կարող են տինիտուսով մարդկանց մոտ ուժեղացնել այս գանգատը:
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե կասկածում եք, որ ունեք տինիտուս: Բժիշկը կարող է ստուգել ձեր ականջները, որ հայտնաբերի աղմուկի առաջացման պատճառը: Նա կարող է նաև ձեզ ուղեգրել աուդիոլոգի կամ քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվության:
Տինիտուսի ազդեցությունները
Որոշ մարդիկ կարող են հարմարվել ականջներում աղմուկի զգացողությանը՝ առանց լուրջ ուշադրություն դարձնելու այս գանգատին: Մյուսների համար տինիտուսը կարող է դառնալ խիստ նյարդայնացնող՝ առաջացնելով տագնապ, դյուրագրգռություն, կենտրոնացաման դժվարություն, անքնություն կամ դեպրեսիա:
Նման լրացուցիչ գանգատների կամ դրանց սրացման դեպքում դիմեք ձեր բժշկին: Այցելեք բժշկին նաև, եթե ունեք պուլսացվող տինիտուս:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021