Նշագեղձերը երկու փոքր գեղձեր են, որոնք տեղակայված են ըմպանի երկու կողմերում:
Մանկական տարիքում դրանք օգնում են վարակների դեմ պայքարին: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարիք է զգացվում վիրահատական մեթոդով հեռացնել այս հյուսվածքային բարձիկները, որը կոչվում է տոնզիլէկտոմիա:
Ինչո՞ւ է տոնզիլէկտոմիան կատարվում
Տոնզիլէկտոմիան ցուցված է, եթե դուք կամ ձեր երեխան ունեք նշագեղձերի կամ դրանց հարակից հյուսվածքների կայուն կամ կրկնվող խնդիրներ, օրինակ՝ հաճախակի բորբոքում կամ բարդացած վարակ, օրինակ՝ թարախակույտ: Երբեմն նշագեղձերը հեռացվում են, քանի որ մեծանալով առաջացնում են շնչառության հետ կապված խնդիրներ, քնի խանգարումներ կամ կլման դժվարացում:
Ինչպե՞ս նախապատրաստվել տոնզիլէկտոմիային
Վիրահատական միջամտությանը պետք է ներկայանալ քաղցած վիճակում, քանի դեռ բժիշկն այլ ցուցումներ չի հրահանգել: Նույն կերպ, բժիշկը կարող է առաջարկել, որ դադարեցնեք որոշ դեղերի ընդունումը, օրինակ՝ Ասպիրին, հակաբորբոքային դեղեր (օրինակ՝ Նուրոֆեն) և այլն:
Ինչպե՞ս է իրականացվում տոնզիլէկտոմիան
Որպես կանոն, նշագեղձերի հեռացումն իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո: Ձեր երեխան քնած է լինելու ողջ վիրահատության ընթացքում և որևէ ցավ չի զգալու: Վիրաբույժը նշագեղձերը հեռացնում է ձեր բաց բերանով, ուստի մաշկի վրա որևէ կտրվածքի անհրաժեշտություն չի առաջանում:
Նշագեղձերի հեռացումը և առողջացման տևողությունը
Արթնանալուց հետո ձեր երեխան հավանաբար կզգա կոկորդում անհարմարավետության զգացում կամ ցավ: Կարող է նաև նշել ընդհանուր թուլություն և վատ ինքնազգացողություն: Ըստ անհրաժեշտության բժիշկը կնշանակի ցավազրկող և այլ դեղեր:
Տոնզիլէկտոմիայից հետո սովորաբար գիշերելու եք կլինիկայում: Երեխաներին կարող է առաջարկվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում բացակայել դասերից:
Հետվիրահատական շրջանում բժիշկը խորհուրդ կտա զերծ մնալ կոկորդը գրգռող որոշ մթերքներից, ինչպիսիք են նարինջը և կիտրոնը:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են լինել
Տոնզիլէկտոմիան անվտանգ միջամտություն է: Երբեմն հեռացված նշագեղձերի շրջանում կարող են ի հայտ գալ արյունահոսություն կամ վարակ: Եթե ձեր երեխայի մոտ նկատել եք թարմ արյունահոսություն, ջերմություն կամ նա չի կարողանում հեղուկներ կամ սնունդ ընդունել, առանց հետաձգելու զանգեք ձեր բժշկին:
Եթե արյունահոսությունն առատ է, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության կենտրոն:
Լրացուցիչ տեղեկատվություն
Նշագեղձերի բորբոքման մասին
Այցելե՛ք Մեդեքսի տոնզիլիտ էջը, որ ծանոթանաք այս հիվանդության մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 22-10-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024