Այս հոդվածում ձեզ կներկայացվի թիրեոտոքսիկոզի կամ վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում տոտալ թիրեոիդէկտոմիայի վերաբերյալ օգտակար տեղեկատվություն:
Եթե ունեք հարցեր, զրուցեք ձեր բժշկի կամ համապատասխան մասնագետների, մասնավորապես՝ էնդոկրին վիրաբույժի հետ:
Ի՞նչ է վահանաձև գեղձը
Վահանաձև գեղձը պարանոցի առջևում՝ անմիջապես ադամախնձորից ներքև տեղադրված թիթեռանման օրգան է, որն արտադրում է օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորող թիրոքսին հորոմոն (Т4):
Վահանաձև գեղձը կարող է դառնալ գերակտիվ և արտադրել չափից դուրս շատ հորմոն: Սա կոչվում է թիրեոտոքսիկոզ (հիպերթիրեոզ) և կարող է հանգեցնել մի շարք անհանգստացնող ախտանիշների, ինչպիսիք են քաշի կորուստը, դողը (տրեմոր), գերքրտնոտությունը, տաք միջավայրին հարմարվելու անկարողությունը, քնի և աչքերի հետ կապված խնդիրները: Այլ դեպքերում գեղձում կարող է զարգանալ քաղցկեղ:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Եթե վիրահատության ցուցումը թիրեոտոքսիկոզն է, վիրահատությունից հետոձեր օրգանիզմը դադարում է վահանձև գեղձի (թիրեոիդ) հորմոն արտադրել: Արդյունքում, դուք այլևս չեք ունենում գերակտիվացած վահանաձև գեղձին բնորոշ գանգատներ, ախտանիշներ և թիրեոտոքսիկոզի բարդություններ: Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում տոտալ թիրեոիդէկտոմին բուժման գլխավոր տարբերակն է:
Կա՞ արդյոք տոտալ թիրեոիդէկտոմիային որևէ այլընտրանք
Թիրեոտոքսիկոզի ժամանակ որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ Կարբիմազոլը կամ Պրոպիլթիոուրացիլը կարող են նշանակվել վահանաձև գեղձի ակտիվությունն ընկճելու համար: Որոշ մարդկանց նաև ցուցված է ռադիոակտիվ յոդը:
Հնարավոր է նաև հեռացնել միայն վահանաձև գեղձի մի մասը (կոչվում է մասնակի թիրեոիդէկտոմիա), որի դեպքում օրգանի մնացած մասը շարունակում է արտադրել հորմոններ, և սա թույլ է տալիս չօգտագործել փոխարինող արհեստական հորմոններ կամ զգալիորեն կրճատել դրանց դեղաչափերը: Այնուամենայնիվ, ապագայում գեղձի մնացած մասը կարող է գերակտիվանալ կամ չարտադրել բավարար քանակով հորմոններ, և ի վերջո մշտական հորմոնային բուժման կարիք զգաք:
Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը
Վիրահատությունն անցկացվում է ընդհանուր անզգայացման ներքո և սովորաբար տևում է 90 րոպեից մինչև 2 ժամ:
Վիրաբույժը պարանոցի առաջային մակերեսին վերջինիս ծալքերին զուգահեռ կատարում է կտրվածք և մկանախրձերն առանձնացնելով հասնում ու ամբողջապես հեռացնում վահանաձև գեղձը:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Որոշ բարդություններ կարող են ստանալ ծանր ընթացք և անգամ բերել մահվան:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- վիրահատական շրջանի (վերքային) վարակ
- մաշկի կոպիտ սպիացում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ոտքերում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) թոքերում:
Տվյալ վիրահատության առանձնահատուկ բարդությունները
- արյունահոսություն
- ձայնի փոփոխություններ
- շնչառության դժվարացում
- արյան մեջ թիրեոիդ հորմոնների մակարդակի կտրուկ անկում
- արյան կալցիումի մակարդակի անկում
- արյան մեջ թիրեոիդ հորմոնների մակարդակի հնարավոր աճ:
Ինչքա՞ն շուտ կվերականգնվեմ
Դուք ի վիճակի կլինեք տուն վերադառնալ վիրահատության հաջորդ կամ 2-րդ օրը:
Դուք կարող եք վերադառնալ ձեր սովորական աշխատանքին, երբ բժիշկը համոզվի, որ բավարար լավ եք զգում՝ սովորաբար 2 շաբաթ անց՝ կախված վիրահատության ծավալից և աշխատանքի բնույթից:
Կանոնավոր վարժանքները կարող են օգնել, որ հնարավորինս շուտ վերադառնաք սովորական գործերին: Մինչև վարժանքներ սկսելը, խորհուրդ հարցրեք ձեր բժշկից:
Վիրահատված անձանց մեծ մասը լիարժեք վերականգնվում և անցնում է առօրյա կյանքին:
Բժիշկը սովորաբար կրկնակի այցի է հրավիրում մինչև 4 շաբաթվա ընթացքում, որից հետո ներկայացնում է հետազոտության արդյունքները և, եթե անհրաժեշտ է, հետագա բուժման վերաբերյալ խորհուրդներ տալիս:
Ամփոփում
Թիրեոտոքսիկոզը հիվանդություն է, որի պատճառը վահանաձև գեղձի գերակտիվությունն է: Տոտալ թիրեոիդէկտոմիան վահանաձև գեղձի ամբողջական վիրահատական հեռացումն է և համարվում է թիրեոտոքսիկոզի կամ վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման տարբերակներից մեկը:
Լրացուցիչ տեղեկատվություն
Վահանաձև գեղձի հիվանդությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վահանաձև գեղձի հիվանդությունների էջը, որ ծանոթանաք այս օրգանի հետ կապված առողջական խնդիրների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024