Տոքսոպլազմոզի հարուցիչը Toxoplasma gondii (T. gondii) կոչվող միաբջիջ մակաբույծն է, որը կարող է վարակել կենդանիների և թռչունների մեծ մասին:
Տոքսոպլազման իր ամբողջական վերարտադրողական շղթան (կենսական ցիկլ) անցնում է տնային և վայրի կատուների օրգանիզմներում, որոնք համարվում են մակաբույծի գլխավոր օջախները:
Կատուների արտաթորանքները պարունակում են մակաբույծի վերարտադրման միջանկյալ փուլ հանդիսացող չհասունացած ձվիկներ (օվոցիստ): Մինչև հասունանալը դրանք արտաքին միջավայրում կարող են պահպանվել ամիսներ շարունակ՝ հողով և ջրով փոխանցվելով բույսերին, կենդանիներին և մարդկանց: Երբ մակաբույծը հայտնվում է նոր տիրոջ օրգանիզմում, կենսական ցիկլը շարունակվում է՝ առաջացնելով վարակ:
Երբ դուք գործնականում առողջ եք, ձեր իմունային համակարգը վերահսկում է մակաբույծներին: Դրանք մնում են ձեր օրգանիզմում, բայց ակտիվ չեն: Սա հաճախ զարգացնում է կայուն իմունիտետ: Երբ դուք կրկին վարակվում եք մակաբույծով, իմունային համակարգը «մաքրում է» ձեր օրգանիզմը մակաբույծներից:
Սակայն, երբ ձեր իմունային համակարգը թուլացած է, մակաբույծի կենսական ցիկլը վերսկսվում է՝ առաջացնելով նոր ակտիվ վարակ, որը կարող է հանգեցնել լուրջ խանգարումների և բարդությունների:
Մարդիկ հաճախ տոքսոպլազմայով վարակվում են հետևյալ ուղիներից մեկնումեկով:
- Մակաբույծ պարունակող կատվի արտաթորանքներ. որս անող կամ հում մսով սնվող կատուները հավանական է, որ կրեն տոքսոպլազմա մակաբույծներ: Դուք կարող եք վարակվել, եթե կատվի արտաթորանքների հետ շփված ինչ-որ բանին ձեռք տալուց հետո հետո հպվեք ձեր բերանին: Նման իրավիճակներից են այգեգործակական աշխատանքները կամ կատվի կեղտամանը մաքրելը:
- Վարակված սնունդ կամ ջուր. կիսաեփ տավարի, գառան, խոզի, եղնիկի, հավի միսը կամ խեցեմորթիները կարող են պարունակել մակաբույծ: Չպաստերիզացված այծի կաթը և չզտված ջուրը նույնպես կարող են դառնալ վարակի աղբյուր:
- Չլվացած մրգեր և բանջարեղեններ. մրգերի և բանջարեղենների մակերևույթները կարող են պարունակել մակաբույծ:
- Վարակված խոհանոցային պարագաներ. մակաբույծներ կարող են հայտնաբերվել հում մսի կամ չլվացած մրգերի ու բանջարեղենների հետ շփված դանակների, ափսեների, խոհանոցային տախտակների կամ այլ պարագաների վրա:
- Վարակված օրգանի փոխպատվաստում կամ արյան փոխներարկում. խիստ հազվադեպ տոքսոպլազմայի մակաբույծները կարող են փոխանցվել փոխպատվաստված օրգանի կամ փոխներարկված արյան միջոցով:
Ռիսկի գործոններ
Տոքսոպլազման հայտնաբերվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում և ցանկացած մարդ կարող է վարակվել:
Տոքսոպլազմոզից ծանր խանգարումների ռիսկերը ներառում են այն ամենը, ինչը կարող է կանխել վարակի դեմ իմունային համակարգի պայքարը: Օրինակներից են՝
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակ
- քաղցկեղի դեմ քիմիոթերապիա
- բարձր դեղաչափերով ստերոիդներ
- փոխպատվաստված օրգանի պոկումը կանխարգելող դեղամիջոցներ (իմունոսուպրեսորներ):
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024