Տոքսոպլազմայի ախտորոշումը հիմնված է արյան թեստերի վրա:
Լաբորատոր թեստերը կարող են հայտնաբերել հակամարմինների երկու տեսակներ: Դրանցից մեկն իմունային համակարգն արտադրում է մակաբույծի նոր և ակտիվ վարակի ընթացքում: Մյուս հակամարմինն արյան մեջ հայտնվում է, եթե դուք անցյալում ունեցել եք վարակ: Կախված արդյունքներից, բժիշկը կարող է մեկ կամ երկու շաբաթ հետո կրկնել թեստը:
Լրացուցիչ ախտորոշիչ թեստերը նշանակվում են կախված այլ ախտանիշների առկայությունից, ձեր առողջական վիճակից և այլ գործոններից:
Ակնային ախտանիշներ
Եթե ունեք աչքի վարակ և համապատասխան ախտանիշներ, բժիշկը ձեզ կուղեգրի ակնաբույժի խորհրդատվության: Ակնաբույժը կարող է զննել ձեր աչքերը, ստուգել տեսողությունը և հատուկ լինզաներով կամ սարքերով դիտել աչքի ներսում ընկած գոյացությունները:
Ուղեղային և նյարդային համակարգի այլ ախտանիշներ
Եթե առկա են գլխուղեղի բորբոքման ախտանիշներ, բժիշկը կարող է առաջարկել՝
- գլխուղեղի պատկերային հետազոտություն (ՄՌՏ կամ ԿՏ)՝ տոքսոպլազմոզով պայմանավորված կառուցվածքային շեղումներ հայտնաբերելու համար
- ողնուղեղային հեղուկի թեստ՝ մակաբույծ հայտնաբերելու համար
- գլխուղեղի հյուսվածքի բիոպսիա (եզակի դեպքերում):
Հղիություն
Բազմաթիվ երկրներում հղիների տոքսոպլազմոզի սքրինինգը պարտադիր չէ, սակայն խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում՝
- առկա են ակտիվ տոքսոպլազմային վարակ հիշեցնող ախտանիշներ
- պտղի գերձայնային հետազոտությամբ արձանագրվել է տոքսոպլազմոզին բնորոշ շեղումներ (օրինակ՝ հիդրոցեֆալիա):
Եթե ունեք ակտիվ վարակ, այն կարող է փոխանցվել արգանդում գտնվող պտղին: Նման կասկածի դեպքում կարող է նշանակվել հարպտղային ջրերի (ամնիոտիկ հեղուկի) թեստ, եթե՝
- արյան թեստը դրական է
- արյան թեստը կասկածելի է
- պտղի գերձայնային հետազոտությամբ արձանագրվել է տոքսոպլազմոզին բնորոշ շեղումներ (օրինակ՝ հիդրոցեֆալիա):
Նորածիններ
Վարակի կասկածի դեպքում կարող է անցկացվել նորածնի արյան թեստեր: Եթե ստացվում է դրական արդյունք, կարող է առաջանալ լրացուցիչ բազմաթիվ թեստերի անհրաժեշտություն, այդ թվում՝
- գլխուղեղի գերձայնային հետազոտություն կամ ԿՏ
- ողնուղեղային հեղուկի թեստ
- աչքի թեստեր
- լսողության թեստեր
- գլխուղեղի ակտիվության թեստ, որը կոչվում է էլեկտրոէնցեֆալոգրաֆիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024