Կրե՛ք ձեռնոց, եթե շփվում եք հողի հետ կամ զբաղվում եք այգեգործությամբ. կրեք ձեռնոց դրսի հետ կապված որևէ գործ կատարելիս (հաճախ կատուների արտաթորանքները հողի մեջ են), որից հետո լավ լվացեք ձեր ձեռքերը օճառով և ջրով:
Մի՛ կերեք հում կամ կիսաեփ միս. միսը, հատկապես՝ գառան, խոզի, տավարի կամ եղնիկի կամ հում ծովամթերքը կարող են պարունակել տոքսոպլազմայի օրգանիզմներ: Մի՛ փորձեք մսի համը մինչև լիարժեք եփվելը: Խուսափե՛ք չմշակված մսից:
Լավ լվացե՛ք խոհանոցային պարագաները. հում միսը պատրաստելուց հետո տաք օճառաջրով լավ լվացեք խոհանոցային տախտակները, դանակները և մյուս պարագաները, որ կանխարգելեք այդ մսից այլ մթերքների վարակումը: Հում մսին ձեռք տալուց հետո լվացեք ձեր ձեռքերը:
Լվացե՛ք բոլոր մրգերն ու բանջարեղենները. մաքրեք թարմ մրգերն ու բանջարեղենները, հատկապես, եթե պատրաստվում եք դրանք ուտել հում վիճակում: Հնարավորության դեպքում կպճեք դրանք, սակայն՝ միայն լվանալուց հետո:
Մի՛ խմեք չպաստերիզացված կաթ. չպաստերիզացված կաթը (հատկապես՝ այծի) և այլ կաթնամթերքները կարող են պարունակել տոքսոպլազմա մակաբույծներ:
Ծածկե՛ք երեխաների ավազարկղերը. եթե ունեք երեխաների համար նախատեսված ավազե արկղեր, երեխայի խաղից հետո ծածկեք դրանք, որպեսզի կատուները չկարողանան կեղտոտել դրանց մեջ:
Կատու պահողներին
Կատարված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ տանը կատու պահելը զգալիորեն չի բարձրացնում տոքսոպլազմայով հարուցված վարակի զարգացման ռիսկը, սակայն բազմաթիվ կատուներ պահելու և տոքսոպլազմոզի զարգացման հավանականության միջև կա կապ:
Եթե դուք հղի եք կամ ունեք տոքսոպլազմայով վարակվելու կամ դրա բարդությունների բարձր ռիսկ, ապա այս քայլերը կարող են պաշտպանել վարակից:
Օգնե՛ք ձեր կատվին, որ մնա առողջ. պահեք ձեր կատվին տան մեջ և կերակրեք նրան չոր կամ պահածոյացված, այլ ոչ թե հում մսով: Կատուները վարակվում են՝ ուտելով վարակված որս կամ թերմշակված միս, որոնք պարունակում են տոքսոպլազմա մակաբույծ:
Հեռո՛ւ մնացեք անօթևան կամ փողոցային կատուներից. «դրսի» կատուները գլխավորապես սնվում են որսով կամ կերակուրների մնացուկներով, այդ թվում՝ հում մսով, որոնք կարող են պարունակել տոքսոպլազմայի հարուցիչ:
Մաքո՛ւր պահեք ձեր կատվի կեղտամանը. դրանք մաքրելիս կամ դատարելիս կրեք դիմակ և ձեռնոցներ: Կատվի կեղտամանի ամենօրյա մաքրման-դատարկման շնորհիվ կատվի արտաթորանքներում առկա օվոցիստերը չեն հասցնում դառնալ վարակիչ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։