Տոքսոպլազմայով մարդկանց մեծ մասը որևէ գանգատ չի ներկայացնում և տեղյակ չէ, որ վարակված է այս մակաբույծով:
Որոշ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ գրիպանման (ընդհանուր մրսածությանը բնորոշ) ախտանիշներ, այդ թվում՝
- ջերմություն
- այտուցված ավշային հանգույցներ (կարող է շարունակվել շաբաթներ)
- գլխացավ
- մարմնի կոտրտվածություն (մկանացավ)
- մաշկի ցանավորում:
Աչքի ախտահարման ախտանիշներ
Տոքսոպլազմա մակաբույծները կարող են վարակել աչքի ներքին հյուսվածքները, այդ թվում՝ առողջ իմունային համակարգով անձանց մոտ: Սակայն հիվանդությունը ստանում է ավելի ծանր ընթացք, եթե իմունիտետը թուլացած է: Աչքի վարակը կոչվում է ակնային (օկուլյար) տոքսոպլազմոզ: Ախտանիշներից են՝
- աչքի ցավ
- տեսողության վատացում
- տեսադաշտում լողացող կետեր կամ բծեր:
Բուժումից դուրս մնալու դեպքում աչքի ախտահարումը կարող է հանգեցնել կուրության:
Թուլացած իմունիտետով մարդիկ
Թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ հավանական է, որ տոքսոպլազմոզի ընթացքը դառնա ավելի ծանր: Ավելի վաղ տարիքում ունեցած տոքսոպլազմոզային վարակը կարող է կրկին ակտիվանալ: Ռիսկի խմբում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող, քաղցկեղի դեմ բուժում ստացող կամ որևէ օրգանի փոխպատվաստումով մարդիկ:
Աչքի լուրջ ախտահարումից բացի, թուլացած իմունիտետով անձի մոտ տոքսոպլազմոզը կարող է բերել թոքային կամ ուղեղային ծանր վարակի: Խիստ հազվադեպ վարակը կարող է նաև դրսևորվել օրգանիզմի այլ հյուսվածքներում:
Թոքերի վարակը կարող է առաջացնել՝
- շնչառական խնդիրներ
- ջերմություն
- հազ:
Տոքսոպլազմոզը կարող է առաջացնել գլխուղեղի բորբոքում, որը նաև կոչվում է էնցեֆալիտ: Ախտանիշներից են՝
- շփոթվածություն
- կոորդինացիայի խանգարումներ
- մկանային թուլություն
- ցնցումներ
- զգոնության շեղումներ:
Տոքսոպլազմոզի ախտանիշները նորածինների մոտ
Հղիության ընթացքում տոքսոպլազմոզը կարող է վարակված մորից փոխանցվել պտղին: Սա կոչվում է բնածին տոքսոպլազմոզ:
Հղիության առաջին եռամսյակի ընթացքում հաճախ վարակն առաջացնում է ավելի ծանր շեղումներ: Այն նաև կարող է հանգեցնել վիժման: Տոքսոպլազմոզով ծնված նորածինների մոտ ծանր վարակը կարող է ի հայտ գալ ծնվելուց անմիջապես հետո կամ դրսևորվել վաղ նորածնային շրջանում: Բժշկական խնդիրներից են՝
- գլխուղեղը շրջապատող հեղուկի մեծ քանակություն, որը կոչվում է հիդրոցեֆալիա
- աչքերի ծանր վարակ
- ուղեղային հյուսվածքի շեղումներ
- մեծացած լյարդ կամ փայծաղ:
Ծանր վարակի ախտանիշները կարող են լինել տարբեր: Դրանք կարող են ներառել՝
- մտավոր կամ շարժողական հմտությունների հետ կապված խնդիրներ
- կուրություն կամ այլ տեսողական խնդիրներ
- լսողության խնդիրներ
- ցնցումներ
- սրտային խանգարումներ
- մաշկի և աչքերի սպիտակենու դեղնություն (դեղնուկ)
- ցանավորում:
Տոքսոպլազմոզով նորածինների մեծ մասի մոտ որևէ ախտանիշ չի հայտնաբերվում: Սակայն խնդիրները կարող են դրսևորվել ուշ մանկական կամ դեռահաս տարիներին: Դրանցից են՝
- աչքի վարակների կրկնություն
- շարժողական հմտությունների զարգացման խնդիրներ
- մտածողության և ուսման խնդիրներ
- լսողության կորուստ
- աճի հապաղում
- վաղ սեռահասունացում:
Ե՞րբ դիմել բժշկին
Զրուցեք բժշկի հետ լաբորատոր թեստ անցնելու մասին, եթե անհանգստացած եք մակաբույծով վարակված լինելու մասին: Եթե նախատեսում եք հղիանալ կամ արդեն հղի եք, այցելեք բժշկին, եթե կասկածում եք, որ կարող էիք տոքսոպլազմայով վարակված լինել:
Ծանր տոքսոպլազմոզի ախտանիշներից են մշուշոտ տեսողությունը, շփոթվածությունը և կորդինացիայի կորուստը: Դրանք պահանջում են անհետաձգելի բուժօգնություն, հատկապես, եթե ունեք թուլացած իմունային համակարգ:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024